«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2011-11-01 | #196, 2011-11-02 | #197, 2011-11-03


ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՕԵԿ-Ը ԽՈՀԵՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱՅԱՑՆԵՐ, ԵՐԿԻՐԸ ԿԿԱՆԳՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ»

Կենտրոն համայնքում «Օրինաց երկիր» կուսակցությունը 5000 անդամ ունի: Նրանց հետ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը երեկ էր` «Անի պլազա» հյուրանոցում: Բաղդասարյանի խոսքերով` նման հանդիպումներով ցանկանում են լսել համակիրների մտահոգությունները, ներկայացնել կուսակցության ապագա անելիքներն ու խնդիրների լուծման ձեւերը:

ՕԵԿ նախագահի խոսքերով` այսօր ՕԵԿ շարքերում լայնածավալ համալրում է սկսվել: Նա 2008-ը կուսակցության կյանքում դժվար շրջափուլ է անվանում: «Պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել, եւ հենց «Օրինաց երկիր» կուսակցությունից էր կախված, թե ինչպիսին է լինելու պետության ապագան: Եթե ժամանակին ՕԵԿ-ը խոհեմ որոշում չկայացներ, ապա երկիրը կկանգներ քաղաքացիական պատերազմի շեմին»:

Բաղդասարյանը խոստովանում է, որ մարդկանց մի զանգված ՕԵԿ-ի որոշումը չհասկացավ, կուսակցությունը վարկանիշի անկում ունեցավ, սակայն Տեր-Պետրոսյանին միանալ չէին կարող, որովհետեւ «մեզ հետ խոսում էր ագրեսիայի լեզվով»:

Նա շեշտում է, որ խորհրդարանում խմբակցությունը 200 օրենքի նախագիծ է հեղինակել: «Իսկ դա նշանակում է 200 խնդրի լուծում»: Բաղդասարյանը չի ժխտում, որ երկրում սոցիալական ծանր վիճակ է, սակայն, նրա համոզմամբ, խնդիրները լուծելու համար պետք է համախմբվել: Նա առաձացնում է 3 խնդիր, որ առավելապես հուզում են Հայաստանի քաղաքացուն` անվտանգ ապրելու, առողջ ապրելու իրավունք եւ սոցիալական բավարար պայմանների առկայություն: Բաղդասարյանի խոսքով` պետությունը պետք է աշխատատեղեր ստեղծի, որպեսզի քաղաքացիները դրսում աշխատանք չփնտրեն, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է միասնական գործել:

Նա առաջարկում է ուսանողական երկարաժամկետ վարկավորման համակարգ ներդնել, որպեսզի երիտասարդը բարձրագույն կրթություն ստանա եւ 20 տարվա ընթացքում պարտքերը մարի:

ՕԵԿ նախագահը շեշտում է, որ անհրաժեշտ է խթանել մանր եւ միջին բիզնեսը: Նրա գնահատմամբ` այսօր լուրջ խնդիր է սուպերմարկետների շատանալը, որոնց մրցակցությանը փոքր խանութները չեն դիմանում եւ փակվում են: «Պետք է օրենքով սահմանափակել խոշոր սուպերմարկետների թիվը: Պետք է հաշվել, թե համայնքների բնակչությունը որքան սուպերմարկետի անհրաժեշտություն ունի, եւ այդքանը կառուցելու իրավունք տալ, որպեսզի փոքր խանութներն էլ կարողանան գործել», եզրափակեց Բաղդասարյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4