«Ազգը» արդեն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 28-30-ը Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում, մասնակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած շուրջ 30 գիտնականների, առաջին անգամ տեղի ունեցավ միջազգային գիտաժողովՙ «Զազա: Ժողովուրդ, պատմություն, լեզու, մշակույթ, ինքնություն» վերտառությամբ: Գիտաժողովի ընթացքում հետաքրքրական զեկուցումով հանդես էր եկել Նադիրի Կունդաշ Ալդատմազըՙ նյութ ունենալով «Դերսիմի շրջանի հավատամքների համակարգը» թեման:
Ստորեւ թարգմանաբար քաղվածքներ այդ զեկուցման գրավոր տեքստից, որ տրամադրվել է խմբագրությանը: Ուշագրավ են նմանությունները քրիստոնեականության հետ, հատկապես որոշ ծիսակատարությունների դեպքում:
«Դերսիմի շրջան» եզրը օգտագործվում է, որովհետեւ հավատամքների տարբեր ձեւերը վերաբերում են ոչ միայն զազաներին, այլեւ կուրմանջերեն խոսող մարդկանց: Զազաերեն խոսողների մեծամասնությունը ապրում է Դերսիմում: Նրանց հավատամքները մեծապես տարբերվում են մյուսներից, եւ ընդհանրապես ամբողջ Թուրքիայի տարածքում գոյություն ունեցող հավատամքներից: Զեկուցումը միտված է բացահայտելու այդ տարբերությունները:
Մահվան դեմ մարդու անզորությունը, անմահության որոնումները ստիպել են մարդկանց ստեղծել որոշակի կանոններ, հավատամքներ, բարոյական նորմեր, սովորություններ եւ նույնիսկ փիլիսոփայական հայացքներ, որոնք կարգավորել են նրանց կյանքը եւ ձեւավորել ապրելակերպը:
Դրանք, անտարակույս, տարբեր են եղել տարբեր համայնքներում, բայց քանի որ այդ համայնքները իրարից անջատ չեն գոյատեւել, ապա դժվար է կամ անհնար մեկընդմիշտ տարանջատել մեկը մյուսից:
Առանձնահատուկ են Դերսիմի շրջանի մարդկանց հավատամքները, որոնք մեծապես տարբերվում են ավանդական մահմեդական հասարակության հավատամքներից եւ ավելի շատ կրում են այդ տարածքի նախկին կրոնների ազդեցությունը:
Դերսիմցիները իրենց ալավիներ են բնորոշում, այսինքնՙ իսկական մահմեդականներ: Բայց, ըստ երեւույթին, նրանք այդ «իսկական մահմեդական» եզրը օգտագործում են վախից դրդված, որովհետեւ չեն ընդունում իսլամի հենասյուներից պարտադիր ամենօրյա հնգակի աղոթքը, ծոմը, պարտադիր բարեգործությունը եւ ուխտագնացությունը: Ավելին, չեն նշում կարեւորագույն երկու տոներըՙ Ռամազանը եւ Կուրբան Բայրամը: Տեսականորեն Մուհամմեդին ընդունում են որպես իրենց մարգարեի, բայց Ղուրանի մասին ոչ մի խոսք չեն նշում: Այդ սուրբ գիրքը կարդացվում է մահացող մարդու սնարի մոտ միայն:
Դերսիմցիները ոչ մահմեդական են, ոչ էլ քրիստոնյա: Նրանց հավատամքը տարբեր կրոնների խառնուրդ է: Դերսիմի ալավի քրդերը ունեցել են իրենց ուխտագնացության վայրերը («զիյարեթները»), բայց որովհետեւ դրանք բռնի դատարկվել են եւ դարձել անհասանելի, թուրք ալավիների նմանությամբ նրանք էլ ստեղծել են իրենց «Ջեմ էվիները»ՙ այսպես կոչված հավաքատեղիները: Նրանց հեղինակավոր առաջնորդներն են Պիրը եւ Ռայբերը: Հավատամքի գլխավոր ձեւերից են հետեւյալները.
1) «Դես ու դի իմամը» (12 իմամներ): Սգո արարողություն է, որի ընթացքում 12 օր ծոմ պետք է պահել, ջուր չխմել (բայց թեյ կամ մրգահյութ կարելի է), միս չուտել, չսափրվել, չշպարվել եւ չլողանալ:
2) «Խիզիրի» ծոմը տեւում է երեք օր (հունվարին կամ փետրվարին): Երիտասարդ աղջիկներն ու տղաները «Իֆթարի» ժամանակ ջուր չեն խմում այն հավատով, որ երազում ում որ տեսնեն իրենց ջուր տալիս, կդառնա իրենց ամուսինը կամ կինը:
3) «Ղարե չաշեմե մարտի» (մարտի սեւ չորեքշաբթի): Մարտ ամսվա 3-րդ չորեքշաբթի օրը «Զիյարեթի» օր է նշանակված, որի ժամանակ մի անասուն են մորթում, կարագով հաց (նիյազ) մատուցում, մոմ են վառում եւ աղոթում:
4) «Ռոզա մերդու» (մեռելոց): Գերեզմանատուն այցելելու օր աշնանը: Մոմ են վառում, աղոթում եւ կարագով հաց մատուցում: Նաեւ ճաշ են պատրաստում մահացածների հոգու համար (սամիյա մերդու):
5) Արեւի եւ լուսնի պաշտամունքը, որը կապ ունի զրադաշտականության հետ: Արեւածագին եւ արեւմուտքին դերսիմցիները հողն են համբուրում, աղոթք են բարձրաձայնում ի փառաբանումն արեւի եւ լուսնի:
6) «Մոմ յաքմաք» (մոմավառություն): Բոլոր սուրբ վայրերում մոմ են վառում եւ աղոթում: Եթե անձամբ չեն կարող գնալ այդ վայրերը, ապա խնդրում են, որ իրենց փոխարեն ուրիշները վառեն: Մոմը, մեղրը եւ կարագը համարվում են սուրբ առարկաներ:
7) «Ջումաա գեջեսի» (նախաուրբաթյան գիշեր): Հինգշաբթի գիշեր մոմ են վառում եւ տեղադրում շենքի տանիքին: Լվացք անելն ու եղունգ կտրելը համարվում են վատ բախտ կանխատեսող գործողություններ:
8) Թաղման կարգը ամբողջովին տարբեր է մահմեդական ծիսակատարությունից: Մահացածի մարմինը տանը պահում են, կողքինՙ մոմեր վառած: Հավաքվածների արձագանքը երբեմն չափն անցնում է, տեղի են ունենում երեսը ճանկռելու կամ մազերը պոկելու տեսարանները: Մահացությունը չեն կապում Աստծո կամքի հետ:
Թաղումից երկու շաբաթ անց այցելում են գերեզմանը եւ ճաշ մատուցում: Քառասունքին նույնպես:
Սրանք են հիմնականում Դերսիմի շրջանի հավատալիքների ու սովորությունների առանձնահատկությունները:
Պատրաստեցՙ Հ. Ծ.