Դեկտեմբերի 6-7-ին Վիլնյուսում տեղի կունենա ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական 18-րդ նիստը` Լիտվայի նախագահությամբ: ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների այս հավաքն, ամենայն հավանականությամբ, կարող է հերթական ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման փորձ դառնալ ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի շրջանակներում: Ամեն դեպքում, տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաճախակիացող այցելությունները կարող են հենց այդ մասին վկայել, հատկապես եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարի արդեն այդօրինակ հանդիպումները, եթե տեղի ունենան էլ, կկրեն զուտ ընթացքը «կենդանի» պահելու բնույթ, քանի որ կմեկնարկեն նախընտրական շրջանները:
Նոյեմբերի 3-ին Վիեննայում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Բեռնար Ֆասիեի եւ Իգոր Պոպովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հերթական հայտարարությամբ ամփոփելով, որ այս տարի համանախագահները տարածաշրջան են այցելել 8 անգամ ու 14 անգամ էլ տարբեր տեղերում առանձին-առանձին հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, համանախագահները տեղեկացնում են, որ եւս մեկ այցելություն կլինի մինչեւ նոյեմբերի վերջը: Հայտարարությամբ եւս մեկ անգամ հիշեցվում է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Հայտարարությունը տեղեկացնում է, որ համանախագահները տարեկան զեկույց են ներկայացրել ԵԱՀԿ մշտական խորհրդին` Վիլնյուսի հանդիպմանն ընդառաջ: Սակայն առանձնակի հույսեր, թե Վիլնյուսի հավաքի շրջանակներում ամենայն հավանականությամբ կայանալիք հանդիպումը կարող է որոշակիություն մտցնել հետկազանյան «սառած» վիճակում, չեն կարող լինել այն պարզ պատճառով, որ այդ ամենի հիմքում որպես պատճառ դրված Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մեջ չկան փոփոխություններ:
ԵԱՀԿ Մշտական խորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ Գալիբ Իսրաֆիլովը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ելույթ է ունեցել խորհրդի հանդիպմանն ու կրկին խոսել տարածքային ամբողջականության վերականգնման մասին, ասել է թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ընդգծված «քաղաքական կամքի դրսեւորում» սպասել պետք չէ:
Միեւնույն ժամանակ, այլ հարթակում էլ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողականությունը, որը հաստատապես ոչ թե անանուն դատապարտման է արժանի, այլ հստակ հասցեատեր ունեցող դժգոհության: Խոսքը վերջին պլանային դիտարկման մասին է, որ անցկացրել է ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ասկերանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ-ի դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ