Նույնանուն խորհրդային կինոնկարի մասին խոսք չէ, որ ասելու ենք: Հիմա նոր ժամանակներ են, նոր մոտեցումներ, արագությունների ցուցադրումներ, որոնք հաճախ ոգեւորում են ու լիցքավորում: Հաճախ ենք ասում, քանզի մեր մարդիկ հիշում են նաեւ 2000-ականների առաջին տարիներին «Մի փոքր համբերություն ու հավատ եւ ամեն ինչ լավ է լինելու» Հ1-ով հնչեցվող կարգախոսն ու տարակուսում, թե ուր մնաց խոստացված «լավ է լինելու»-ն: Ակամա հիշում ես նաեւ խրուշչովյան «ներկա սերունդը 1980-ականներին կապրի կոմունիզմի օրոք» խոստումն ու մտորում, թե ինչու մերօրյա իշխանավորները, ովքեր կրթվել ու հասակ են առել խորհրդային տարիներին, պարզ հետեւություն չարեցին անհարկի լավատեսություն դրսեւորելու առումով, երբ հարկ էր կանխել պարզորոշ ուրվագծվող այսօրվա մեր տխուր իրողությունը:
Այո, պատմությունը կրկնվում է: Օր չի լինի, որ հայաստանյան տպագիր ու էլեկտրոնային մամուլը չանդրադառնա երկրի շուրջ 900 գյուղական համայնքների ավելի քան 1,2 մլն բնակչության սոցիալ-կենցաղային տխուր առօրյային: Դիտելով գյուղաբնակների կացարաններն ու հագվածքը, սանրվածքն ու ատամնաշարերը, բակն ու ցանկապատը, համայնքային հավաքատեղիներում նստոտած ահել-ջահելների պահվածքը, մտահոգությունից մինչեւ մտատանջության զգացում ես ունենում, որը հիմնավորապես է բորբոքվում, երբ հեռուներից եկած մեկն ավելացնում է, թե եկել է իր մոտ տանի եղբոր ու քրոջ ընտանիքները: Այսպես ու այլ կերպ գյուղական բնակավայրերը սակավամարդ են դառնում, նվազում են դպրոցականների թվերը, փակվում են մանկական, մշակույթի, մարզական սենյակներն ու սրահները: Այս վիճակը չնկատելու տալ հնարավոր չէ, որի ապացույցներն են նաեւ ՀՀ բարձրագույն ղեկավարությանՙ գյուղն ու գյուղատնտեսությունը գերակա ոլորտներ համարելու խոստում-պարտավորությունները: Թեեւ դրանք նախկինում էլ պակաս վճռականությամբ չեն հայտարարվել, որոնց արդյունքները հանրությունն այդպես էլ չի տեսել, հայաստանաբնակների որոշակի զանգվածներ հերթական ըմբռնումով մոտեցան իշխանական այրերի հավաստիացումներին, ակնկալելով առաջիկա տարիներին իրենց հոգսերի թեթեւացում, կենցաղի բարելավում:
Այս գործընթացների պարագայում տարօրինակից մինչեւ արտառոց կարելի է որակել ՀՀ գյուղոլորտի պատասխանատուների մի շարք առիթներով արած այն հայտարարությունները, թե հայրենի գյուղատնտեսությունն արդեն հիմնավորապես բավարարում է երկրի պարենային ապահովությունը, նախարարի էլ գնահատմամբՙ միայն հավի մսի արտադրությամբ են զիջում պահանջարկը: Լսում ես նման լավատեսություն պարունակող խոսքերն ու միաժամանակ տարակուսում, թե ինչու է խոսվում նաեւ կաթը 80 տոկոսով փոշուց պատրաստելու, ողջ երշիկեղենը արտերկրներից ներմուծված մսատեսակներից ու տարբեր հավելումներից արտադրվելու մասին, եւ հնչած տեսակետները չեն հերքվում: Միայն այն, որ վերամշակող ձեռնարկությունները 100 հազար տոննա խաղող են մթերել, 1-2 ֆերմերներ էլ հեկտարից 6 տոննա ցորեն են ստացել, շատ քիչ բան է ասում ՀՀ գյուղատնտեսության, երկրի պարենային ապահովության ու անվտանգության մասին: Անգամ 2004-2005 թթ. 460 հազար տոննա հացահատիկի արտադրության պարագայում, որն այսօրվա ցուցանիշի կրկնապատիկն է, երկրի որեւէ պաշտոնյա ինքնավստահություն չի ցուցաբերել, որ մեր պարենային ապահովությունը լիարժեք որակի: Նույնը կարելի է ասել 2007 թվականին արձանագրված խաղողի 220 հազար տոննա բերքի մասին: Ոլորտի պատասխանատուների ոգեւորությունն այնժամ տեղին կլինի, եթե այդօրինակ տրամադրություն ցուցաբերեն իրենք, հողի մշակները, որոնք հեռուստաէկրաններին առայժմ երեւում են դաշտերում ու անասնագոմերում ծավալվող իրենց արածի հոգնատանջ խորհրդածություններով ու իշխանական այրերից ջրի, հողի հարկի, այլ ծախսերի նվազեցման ակնկալիքներով:
Որ ՀՀ պարենային ապահովությունն ու անվտանգությունը լրջագույնս վտանգված են, հայաստանաբնակներս դրանում ամեն օր համոզվում ենք առեւտրի օբյեկտներ այցելելով: Խաղողը մեզանում միայն ալկոհոլային խմիչքների է վերածվում, որոնց օգտագործումից հայ մարդը հիմնականում անմասն է մնում, քանզի նրա օգտագործածը դրանցից օղին է, որը արտերկրից ներմուծված սպիրտի ու հայկական ջրի զուգակցմամբ է պատրաստվում: Իսկ ո՞ւր են մեր խաղողից պատրաստված չամիչը, այլ պատրաստուկները: Հացի ու մակարոնեղենի ծավալներում էլ Հայաստանում աճեցված ցորենից ստացված ալյուրը չի նշմարվում, քանզի երբեւէ տեսած ու լսած չենք, որ որեւէ ցորեն արտադրող իր բերքը ալրաղացներ հանձնի, ինչպիսի հերթեր ցուցադրվում են խաղողի մթերումների դեպքում: Երշիկեղեն արտադրող գեթ մեկի չգիտենք, որ գոնե կիսաձայն ասի, որ օգտվում է հայրենական մսարտադրողներից: Ինչո՞ւ. որովհետեւ օրը 250-300 գրամ քաշաճ ապահովող կենդանին մսացու չէ, որպիսին հարկադրաբար դառնում է տիրոջ ահագնացող ծախսերն ու պարտքերը հոգալու նպատակով:
Մալաթիայի շուկա այցելությանս ընթացքում վաճառողները հիմնականում նշում էին, որ տարվա ընթացքում վաճառված բանջարեղենն ու մրգերը առավելապես արտերկրներից ներկրված են, որոշակի մատչելի, քան տեղում արտադրվածը: Անգամ ջերմոցներում արտադրվածն է թանկ. պատճառը թերեւս դրանց ծավալներն են, որոնք հիմա աճեցվում են հազիվ 150 հեկտար կազմող տարածքներում, երբ պահանջարկը շատ ավելի մեծ է: Անգամ սոխի զգալի քանակներն են ներկրվող, չխոսելով սխտորի մասին:
Հայաստանաբնակ ամեն ոք վստահ է, որ իր գնած հիմնական պարենմթերքները, շաքարավազը, կենդանական ու բուսական յուղերը, հատիկաընդեղեններն ու դրանց պահածոները, մարինադներն ու կետչուպները, տավարի աղացած համեմատաբար մատչելի միսը, երշիկեղենի ու այլ մսատեսակների զգալի քանակը, իր սեղանին հայտնվող այլեւայլ ուտեստները արտասահմանյան ծագումներ ունեն, երբեմն թերահավատություն ներշնչող որակներ, հանձինս հավի մսի տարատեսակների, հնդկական համարվող տավարի թե գոմեշի մսի: Թե ինչու է այս վիճակն ստեղծվել, յուրաքանչյուրն իր գնահատականն ու արդարացումն ունի: Մեր մարդիկ հաշտվել են այս վիճակի հետ, համակերպվել, որ հիմնականում արտերկրներից իրենց ստացած ֆինանսական միջոցները ծախսելու են դարձյալ արտերկրներից ներմուծվող առաջին անհրաժեշտության պարենմթերքներ գնելու նպատակով, նպաստելով այդ երկրներում հողօգտագործման արդյունավետության ծավալմանը, երբ մեր հողերի որոշակի մասը շարունակում է անմշակ մնալ: Ցավալի իրողություն, որը, պարզվում է, մտահոգիչ չէ, քանզի դրա համար պատասխանատուների խոսքերով Հայաստանի Հանրապետությունը գրեթե պարենային ինքնաբավություն ունի. այ եթե բնակլիմայական պայմանները նպաստավոր լինեին նաեւ ձիթապտուղ, անանաս ու բանան աճեցնելու, ինչու ոչՙ նաեւ բրինձ մշակելու համար, խնդիրներն իսպառ կվերանային: Բայց ցանկալին իրականություն ներկայացնելը ՀՀ պարենային ապահովության հարցում արդարացված մոտեցում չէ:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ