ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա
Նոյեմբերի 7-ին Քյոլնի Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցում կայացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ նրան ուղեկցող Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի, Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի, ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի հետ հայ համայնքի հանդիպումը: Նախ հյուրերին ողջունեց Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանը, այնուհետեւ ամբիոնին մոտեցավ ԼՂՀ նախագահը: Բակո Սահակյանն ամփոփ ներկայացրեց իր ղեկավարած երկրի արդի վիճակը, պատասխանեց ներկաների հարցերին:
Իսկ եկեղեցուն կից Հայ տանը սառը խորտիկների համտեսն ու ջերմ զրույցը շարունակվեցին ավելի երկարՙ ընդմիջվելով Արցախում մանկապարտեզի շինարարության ծրագրի համար ներդրումային հնարավորությունների մասին տեղեկատվությամբ:
ԼՂՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 8-ին մեկնեց Բեռլինՙ հանդիպելու Բունդեսթագի պատգամավորների հետ: Երկու ժամ տեւած հանդիպմանը նախագահի հետ մասնակցել են Դավիթ Բաբայանը, դեսպան Արմեն Մարտիրոսյանն ու ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Ինչպես տեղեկացանք պարոն Գրիգորյանից ու Բաբայանից երեկ հեռախոսով, ներկա են եղել Բունդեսթագի թե՛ Քրիստոնեա-դեմոկրատական, թե՛ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների պատգամավորներ: Խոսվել են երկկողմ հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածքային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձել են համագործակցությունը խորացնելու հեռանկարներին:
Նոյեմբերի 9-ին ԼՂՀ պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա, եվրոպական այլ երկրներ ու ԱՄՆՙ հանդիպումների: Տեղի սղության պատճառով հայ համայնքի հետ նախագահի հանդիպման մանրամասներին, սրահում հնչեցրած այլոց ու մեր հարցերի պատասխաններին դեռ կանդրադառնանք, այսօր մեր ընթերցողներին տրամադրելով հանդիպումից հետո ԼՂՀ նախագահի «Ազգին» տված հապճեպ, բացառիկ հարցազրույցը:
- Պարո՛ն նախագահ, Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում գերտերությունների շահերը կհամընկնեն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:
- Կարծում եմ, որ այն գործընթացները, որ տեղ են գտել Արցախում, չեն հակասում թե՛ գերտերությունների շահերին, թե՛ նրանց հայտարարած կարգ-կանոնին: Գերտերություններ ասելով առաջին հերթին կցանկանայի դրա տակ դիտել միջազգային հանրությունը: Որ այսօր Արցախն ապրում է այդ կարգերի շրջանակներում, եւ մեր բոլոր ջանքերն ուղղված են ժողովրդավարական գործընթացներն է՛լ ավելի հաստատուն դարձնելուն, ինչը կնպաստի քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, հենց այդ միջազգային հանրության շահերից է բխում: Շատ ուրախ ենք, որ հաջողվում է այս ծանրագույն պայմաններում հասնել նաեւ այդպիսի արդյունքների, հատկապես ժողովրդավարական գործընթացների առումով:
- ԼՂՀ վարչապետի գնահատմամբՙ Հայաստանի ու Ղարաբաղի հարաբերություններն այսքան սերտ երբեւիցե չեն եղել, համագործակցությունն այսքան ակտիվ չի եղել, սրանից բխո՞ւմ է, թե ընտրությունների հարցում այդ համագործակցությունն առավել արդյունավետ կլինի, եւ Ղարաբաղը կօգնի Հայաստանին ժողովրդավար, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպելու գործում:
- Երբ խոսում ենք Հայաստանի ու Արցախի հարաբերությունների մասին, չենք կարող այդ հարաբերությունները դիտել ընտրությունների շրջանակներում եւ դրա հետ կապված: Դա ես վիրավորական եմ համարում:
Համենայն դեպս, ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանը փորձեր եւ աշխատանքներ է իրականացնումՙ ուղղված Հայաստանում էլ ավելի արդյունավետ ընտրություններ անցկացնելուն: Համոզված եմ, որ Հայաստանի իշխանություններին եւ կուսակցություններին հաջողվելու է այնպիսի ընտրություններ անցկացնել, որը նպաստելու է Հայաստանի շենացմանն ու զարգացմանը: Այդ թվում նաեւՙ Հայաստանը դրանով ավելի մեծ գնահատականի կարժանանա միջազգային հանրության կողմից:
- Պարոն նախագահ, անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը ազատագրված տարածքներն են: Ո՞րն է Ղարաբաղի ամենամեծ նվաճումը:
- Եթե մենք խոսում ենք համազգային նշանակության խնդիրների մասին, մենք չենք կարող Հայաստանն ու Արցախը դիտել որպես առանձին, տարբեր շահ կամ արժեքներ հետապնդող երկրներ: Մենք ներկայացնում ենք մի հայրենիք, հետեւաբար համազգային նշանակություն ունեցող հիմնախնդիրները, արժեքներն ու նվաճումները դիտում ենք հավասարաչափ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի: