«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԵԼԻ ՊԱՐԶ Է, ՔԱՆ ԹՎՈՒՄ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անցած շաբաթ սկսված պաշտոնափոխություններն այս շաբաթ դեռեւս շրխկացող շարունակություն չեն ունեցել` նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանն է միայն համակարգի ներսում մի քանի մարդկանց փոխարինել ուրիշներով, էլի մի քանի` հասարակության համար անկարեւոր փոփոխություններ են եղել: Սակայն մամուլը շարունակում է զանազան «աղբյուրներից» վերցրած լուրեր նետել շրջանառության մեջ, ասենք, մարզպետների կամ գլխավոր դատախազի փոփոխության մասին (իբր` Աղվան Հովսեփյանին փոխարինելու է Արթուր Բաղդասարյանը), դեռեւս խոսում են նաեւ ԲՀԿ-ական նախարարների հնարավոր փոփոխությունից: Բայց առայժմ միայն լուրերի մակարդակ է, եւ դեռ ոչ մի առանցքային պաշտոնյա չի հրաժարվել իր պաշտոնից` ՀՀԿ նախընտրական շտաբի հնարավոր պետի հնարավոր տեղակալ դառնալու համար, ու մենք ժամանակ ունեցանք փաստորեն ավելի խորությամբ նայելու տեղի ունեցածին: Մեր «նայելը» մի առավելություն ունի` քաղաքական ուժ չենք ներկայացնում ու յուրաքանչյուր կատարվող բանի ցանկություն չկա կուսակցական պրիզմայով դիտելու կամ փչել-ուռեցնելու, եւ այս իմաստով մեր դիտարկումներում շահեկան վիճակում ենք գտնվում` հասարակության լայն հետաքրքրության տեսանկյունից նայելով կատարվողին:

Դատելով այն խոսակցություններից ու մեր աղբյուրներից ստացված արտահոսքերից, թե ովքե՞ր կարող են համալրել ՀՀԿ համամասնական ցուցակն ապագայում, եւ դիտելով պաշտոնափոխությունների վեկտորի ուղղվածությունը` կարելի է գոնե նախնական եզրահանգումների գալ, թե ի վերջո ի՞նչն է այդ բոլորի գլխավոր պատճառը (նկատի ունեցեք` «Ազգը» գրել է հարակից, ուղեկից հնարավոր պատճառների մասին, բայց երեբեք չի փորձել գլխավոր «ինչուի» պատասխանը տալ): Այժմ էլ չհավակնելով դրան, այնուամենայնիվ, մեր նշածներից ավելի գերադաս շարժառիթի մասին ենք ուզում խոսել: Հիշո՞ւմ եք` ՀՀԿ ապագա համամասնական ցուցակում ընդգրկվելու արժանի մի քանի անուն տվել էր հենց վարչապետը` Պարույր Հայրիկյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան:

Ինչպես որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմումը մեծ գլխացավանք է լինելու ՀԱԿ-ի առաջնորդի համար, քանի որ նա չի իմանալու, թե ի՞նչ բացատրի իր շուրջը եղող այդքան կուսակցապետի անցանկալի հորիզոնականում ներառելու կամ ընդհանրապես չներառելու համար, այնպես էլ ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելը ՀՀԿ վերնախավի գժտության պատճառ կարող է դառնալ: Սա ինքնին հասկանալի է, քանի որ ՀՀԿ ղեկավար-երկրի նախագահը խնդիր ունի ընտրությունների գնալ այնպիսի մի ցուցակով, որը հասարակության մեջ գոնե հակակրանք չառաջացնի: Բնականաբար` այսօրվա պատգամավորների մեծ մասն այդ ցուցակում չեն լինի (խոսքը կայացած ՀՀԿ-ական պատգամավորների մասին չէ): Բացի դրանից` այս խորհրդարանն ընկալվում է որպես նախորդ նախագահի հենարան, եւ ինչու ոչ` նույն ՀՀԿ-ն էր նախորդ նախագահի հենարանը: Այնպես որ նորացված ՀՀԿ-ական պատգամավորական կորպուս եւ խորհրդարանում սեփական հավատարիմ հենարան ունենալը Սերժ Սարգսյանի թիվ մեկ խնդիրն է լինելու: Ովքե՞ր կլինեն այդ հենարանում: Խորհրդարանական մեր աղբյուրներից մեկը կարծում է, թե այդ հարցի պատասխանը կարելի է որոնել Անկախության 20-ամյակին նախագահ Սարգսյանի կողմից խորհրդարան հրավիրված քաղաքական գործիչների կազմը հիշելով: Մի այլ աղբյուր կոնկրետ անուններ էր նշում, թե շատ հնարավոր է, որ բացի վարչապետի նշածից, ՀՀԿ նոր ցուցակում լինեն այլ փորձառու եւ քաղաքական անցյալ ունեցող գործիչներ, ինչպես օրինակ` Արտաշես Թումանյանը, Արա Սահակյանը, Կտրիճ Սարդարյանը... Ինչո՞ւ ոչ, ասում էր աղբյուրը, օլիգարխների փոխարեն` այս անցյալ եւ ներուժ ունեցող մարդկանցով ՀՀԿ համամասնական ցուցակի համալրումը տարբերակ է, որը կարող է դրական նրբաշեշտեր բերել ՀՀԿ-ի վարկի նորացման ուղղությամբ եւ հարստացնել նախագահի իմիջը այն փաստարկով, թե նա օլիգարխների փոխարեն հարգված մարդկանց է բերում խորհրդարան: Ուրեմն` այս բոլորի մեջ նորից առանձնացնենք երկու մոտիվ. ազատվել Քոչարյանի հենարան մարդկանցից եւ կառույցներից, բերել այնպիսիներին, որոնք ե՛ւ դրական կերպարներ են, ե՛ւ կդառնան ՀՀԿ ղեկավարի սեփական հենարանի բաղկացուցիչը: Այսինքն` տասնամյա իշխանավարության հնացած, հասարակությունից ռմբակոծվող ՀՀԿ-ի կերպարն, այդպիսով, «թյունինգ» կարվի նոր մարդկանցով, որոնց հասարակության մեծ մասը վատ չի վերաբերվի: Հիմա անցած եւ ապագա պաշտոնափոխություններին նայեք այս մոտիվների համատեքստում, այդ ժամանակ կտեսնեք, որ դրանց տակ այնքան էլ խորքային բաներ չկան, ինչպես առաջին հայացքից թվում է: Իսկ այն, որ, այնուամենայնիվ, այս բոլորն ավելի վաղ պետք է արվեր, հասարակությունը պետք է տեսներ այդպիսի փոփոխություններից ի՛ր շահառությունը, դա էլ ուրիշ խնդիր է, քանի որ այդպես չի արվել, եւ այդ նույն հասարակությունն այժմ մեծ հարցականի տակ կարող է դնել այդպիսի փոփոխությունները: Բացի դրանից` շատ բան դեռ կախված է լինելու մյուս քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի (վերջինս դեռ պետք է կողմնորոշվի իր նախընտրական դիրքորոշումների առումով) պահվածքից: ԲՀԿ-ի խնդիրն էլ դեռ կա ՀՀԿ նորացմանը զուգահեռ: Մի բան է հստակ` եթե իշխանական խաղացողները կտրուկ ձեռագիր են փոխում, այդ ձեռագի համեմատ մարտավարություն փոխելու եւ կողմնորոշվելու խնդիր ունեն նաեւ մյուս գործընկերները, ընդդիմադիրները: Հատկապես վերջիններս, որոնք չպետք է տրվեն իրենց հորինած պատրանքին, թե պաշտոնափոխություններն իրենց կողմից իշխանությանը ճնշելու հետեւանք են, այլապես ընդհանրապես կարող են խաղից դուրս մնալ: Նշենք, որ հետեւելով գործընթացներին եւ դրանց վերաբերյալ իշխանական եւ ընդդիմադիր վերլուծաբանների տեսակետներին` մի բան կարելի է հստակ ասել. վերջին գործընթացները անսպասելի են բոլորի համար, եւ քաղաքական ուժերն արագ չեն կողմնորոշվում իրենց արձագանքներում, որդեգրելիք կեցվածքներում, մինչդեռ տեղի ունեցողը առանձնապես բարդ խաղ չէ: Պարզ եւ նպատակային խաղը միայն մեկ առավելություն ունի` անսպասելիությունը, որին էլ դիմակա են մեր քաղաքական ուժերը ընտրություններից ընդամենը 6 ամիս առաջ:

Էլի առիթ կունենանք խորանալու...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4