Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական եռօրյա այցով այսօր Հայաստան կժամանի Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Երեւանում Յոնաս Գահր Շտյորեն հանդիպում կունենա արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում, ինչպես նաեւ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Նորվեգիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման նորվեգա-հայկական համագործակցության
ծրագրի» մեկնարկի միջոցառմանը, Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը, ինչպես նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին:
Ա. Հ.