Ինչպե՞ս են փոխվել եւ ի՞նչն է փոխվել
Անցած 3-4 տարիներին արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում կառավարության իրականացրած հիմնական քայլերին անդրադարձանք մեր նախորդ հրապարակման մեջՙ հիմնվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքներ» գրքույկի տվյալների վրա: Հիշեցնենք, որ անցնող տարիները համընկել էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանի հետ, եւ այս առումով մեր երկրի տնտեսության համար բավական դժվար լուծելի հարցեր էին առաջադրել: Բնական է, որ դրանք էլ իրենց հերթին պետք է բերեին լրացուցիչ սոցիալական խնդիրների: Հետեւաբար, հետաքրքրական է, թե սոցիալական ի՞նչ խնդիրներ են այդ ժամանակահատվածում լուծվել եւ ի՞նչ արդյունք ունեցել: Այս մասին ամփոփ տեղեկատվությունը եւս ներկայացված է վերոնշյալ գրքույկում:
Սոցիալական ոլորտից, ինչպես հայտնի է, ամենամեծ գումարները հատկացվում են կենսաթոշակային ոլորտին: Ամենաբազմամարդ սոցիալապես խոցելի այս խմբում ընդգրկված է 518 հազար մարդ, որոնց ուղղվում է պետական բյուջեի ծախսերի 22-23 տոկոսը: Անցող տարիներին կառավարությունն այստեղ երկու հիմնական բարեփոխում անցկացրեցՙ կատարելագործեց գործող համակարգը եւ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց նորՙ կուտակային կենսաթոշակային համակարգ ստեղծելու ուղղությամբ:
Ներկայումս գործող կենսաթոշակային համակարգում ներդրվեց կենսաթոշակի ստացման անկանխիկ համակարգը, որից արդեն օգտվում է 78 հազար թոշակառու, իսկ կանխիկ ստացողները հնարավորություն ստացան ամսվա երկրորդ աշխատանքային օրը ստանալու իրենց թոշակները, ինչը հնարավոր եղավ տվյալների բազաների ճշտման, ցուցակների հստակեցման եւ այլ քայլերի շնորհիվ: Այդ միջոցառումների արդյունքում 2011-ի առաջին կիսամյակում նաեւ խնայվեց մոտ 5 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է կենսաթոշակների չափին, ապա, 2008-2011-ի ընթացքում, կառավարությունը 3 անգամ բարձրացրեց բոլոր կենսաթոշակառուների եւ 2 անգամՙ կենսաթոշակառուների առանձին խմբերի համար: 2007-ի համեմատ 2011-ին միջին կենսաթոշակը Հայաստանում ավելացել է 2,1 անգամ, իսկ բազային կեսնաթոշակըՙ 2,5 անգամ: Այլ հարց է, որ, դրանով հանդերձ, այդ չափը (միջին կենսաթոշակըՙ մոտ 28 հազար դրամ) բավարար չէ թոշակառուի կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
Փոփոխություններ են կատարվել զինվորական կենսաթոշակառուներին եւ զոհված զինծառայողերին տրվող դրամական օգնության չափերի մեջ: Այս տարվա սկզբից ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած հրամանատարական կազմի զինծառայողներին տրվող կենսաթոշակն ու դրամական աջակցությունն ավելացվել է 31-35 տոկոսով, շարքային կազմինըՙ 11-18 տոկոսով, զոհված շարքային զինծառայողի ընտանիքին տրվող գումարըՙ 21 տոկոսով: Մասնավորապես, վերջիններիս տրվող դրամական օգնության չափը սահմանվել է 30 հազար դրամ եւ սեպտեմբերիցՙ 20 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար: Ավելացվել են նաեւ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ վետերաններին տրվող դրամական օգնությունն ու պատվովճարները:
Մյուս խոշոր խոցելի խումբը ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածներն ենՙ մոտ 100 հազար ընտանիք: Այստեղ կառավարությունը մշտապես հասցեականության բարձրացման խնդիր է ունենում: Անցնող տարիներին, նպաստառուների տեղեկատվական բազաների կատարելագործման արդյունքում, անապահով չհամարվող շուրջ 17 հազար ընտանիք դադարեցին նպաստ ստանալ, իսկ նպաստի համակարգի հասցեականությունը բարձրացավ 11 տոկոսով: Համաշխարհային բանկի եզրակացությամբ, ընտանեկան նպաստի հասցեականության ցուցանիշով 2011-ին Հայաստանը լավագույնն է եղել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:
Ընտանեկան նպաստի չափերը նույնպես անցած 3 տարիներին բարձրացվել ենՙ 2009-ին 25 տոկոսով, 2010-ինՙ 35 տոկոսով եւ 2011-ի հուլիսի դրությամբ աղքատ ընտանքիներին տրվող միջին ընտանեկան նպաստը կազմում է 27 հազար դրամ, 2008-ի 21 հազար դրամի փոխարեն:
2009-ին զգալիորեն բարձրացան երեխայի ծննդյան նպաստները: Առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձավ 50 հազար դրամՙ մինչ այդ եղած 35 հազար դրամի փոխարեն, երրորդ եւ հաջորդող երեխայի ծննդյան նպաստըՙ 430 հազար դրամՙ 300 հազար դրամի փոխարեն: Երեխայի խնամքի նպաստը բարձրացավ 6 անգամ եւ այժմ կազմում է 18 հազար դրամՙ մինչ այդ եղած 3 հազար դրամի փոխարեն:
Սոցիալական ոլորտում կառավարության իրականացված այս քայլերի արդյունքը առավել առարկայականորեն են արտացոլում Համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկները: Համաձայն դրանց, եթե կենսաթոշակների, նպաստների եւ սոցիալական այլ ծախսերի համար վերոնշյալ հավելումները չկատարվեին, ապա ճգնաժամի հետեւանքով աղքատության մակարդակը Հայաստանում ներկայիս 34,1 տոկոսի փոխարեն կկազմեր 51,7 տոկոս: Այսինքն, մոտ 500-600 հազար մարդ զերծ մնաց աղքատների բանակը համալրելուց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ