«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


ՆՈՐ ՈՒՂԻ «Jaipur Foot»-Ի ՀԵՏ

Ազգությամբ հնդիկ Թոդրա Մալը պատմում է, որ 36 տարի առաջ փորձել է ինքնասպանություն գործել: Բարեբախտաբար Թոդրան ողջ է մնացել, սակայն ինքնասպանության փորձի հետեւանքով կորցրել է մի ոտքը: Նրա ոտքը մնացել է գնացքի անիվների տակ: Թոդրան հիմա 56 տարեկան է, ապրում եւ աշխատում է Ջայպուրում` Հնդկաստանի Ռաջաստան նահանգի մայրաքաղաքում:

Թոդրայի հետ ծանոթացա BMVSS ՀԿ-ում: Կազմակերպությունն ամբողջ աշխարհում առավել հայտնի է «Jaipur Foot» անունով: Հոկտեմբերի 28-ի համարում «Jaipur Foot»-ին «Ազգը» հակիրճ անդրադարձել է: «Jaipur Foot»-ը ոտքերի պրոթեզներ է պատրաստում եւ հաշմանդամներին տրամադրում դրանք չնչին գումարով:

Թոդրան աշխատում է «Jaipur Foot»-ում, պատմում է, որ տարիներ առաջ այստեղ եկել է իր սեփական պրոթեզը ստանալու: Այնուհետեւ աշխատանքի է անցել կազմակերպությունում եւ այսօր արդեն պրոթեզներ է պատրաստում ուրիշների համար: Թոդրան նշում է, որ կազմակերպությունն աշխատանքի է ընդունել նաեւ իր ավագ որդուն. «Եվ շնորհիվ մեր աշխատանքի կրտսեր որդիս ու աղջիկս կարողացան շարունակել իրենց ուսումը»:

Այսօր Թոդրան կարողանում է ինքնուրույն կյանք վարել եւ մի տեղից մյուս տեղը շարժվելու համար ոչ մեկի օգնությանը չի դիմում: Ասում է` «Jaipur Foot»-ի պրոթեզներն այնքան առաձգական են, որ դրանցով անգամ հնարավոր է վազել կամ ծառ մագլցել: Սակայն մինչ պրոթեզ ստանալը Թոդրայի կյանքը մղձավանջի էր վերածվել. «Սկսեցի ինձ ավելի վատ զգալ, սակայն ինքնասպանություն գործելու մասին այլեւս չեմ մտածել»:

Այստեղ Թոդրան միակը չէ, որը պրոթեզ ստանալուց հետո նաեւ տեղում աշխատանքի է ընդունվել: Այստեղ աշխատող հաշմանդամ մարդկանց պատմություններն իհարկե տարբեր են իրարից, սակայն բոլորին միավորում է նոր կյանք սկսելու կամ, ինչպես Թոդրան է ասում, «նորից ապրելու գաղափարը»: Հենց այս գաղափարն է առաջնորդել պարոն Մեհտային, որը տարիներ առաջ իր կյանքի մի դժբախտ պատահարից հետո որոշել է հիմնել կազմակերպությունը: Իսկ թե կոնկրետ ի՞նչ է պատահել իր հետ, պարոն Մեհտան գերադասում է չմանրամասնել:

«Jaipur Foot»-ը ստեղծվել է 1975 թվին, այսօր մասնաճյուղեր ունի աշխարհի 26 երկրներում` Աֆղանստանում, Վիետնամում, Նեպալում, Սուդանում, Իրաքում եւ այլն: Պարոն Մեհտան ընդգծում է. «Երկրներում, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում, մասնաճյուղեր ունենալը մեր առաջնային խնդիրներից է, քանի որ պատերազմների պատճառով հաշմանդամների թիվն օրեցօր ավելանում է»:

Ամեն տարի տարբեր երկրներից ու Հնդկաստանի մյուս վայրերից հազարավոր մարդիկ են գալիս նաեւ Ջայպուրՙ իրենց պրոթեզներն հենց տեղում գնելու համար: «Պրոթեզների պատրաստումը երկար չի տեւում. ընդամենը մի օր, եւ հիվանդն արդեն կարող է քայլել», ասում է պարոն Մեհտան, որը նաեւ ՀԿ-ի ղեկավարն է:

Ոտքի մի պրոթեզը «Jaipur Foot»-ը վաճառում է միջինը 45 դոլարով, մինչդեռ Միացյալ Նահանգներում պատրաստված նմանատիպ պրոթեզն արժե 12 հազար դոլար: Ըստ պարոն Մեհտայի` իրենց կազմակերպության պրոթեզների գները բոլոր երկրներում գրեթե նույնն են: «Արդեն 36 տարի մենք աշխատում ենք մարդկանց օգնելու սկզբունքով: Մեր աշխատանքը բարեգործություն չէ, սա պարզապես օգնություն է նրանց, ովքեր մեր կարիքն ունեն», ընդգծում է պարոն Մեհտան:

Իսկ պրոթեզների ամրացումն ու բժշկական ծառայությունները, անկախ հիվանդի սոցիալական վիճակից, «Jaipur Foot»-ը մատուցում է անվճար: Բնականաբար, նման առաքելության համար միայն պրոթեզների վաճառքից գոյացած գումարը բավարար չէ: Ըստ պարոն Մեհտայի` կազմակերպության բյուջեն համալրվում է նաեւ Հնդկաստանի կառավարության աջակցության ու նվիրատվությունների միջոցով: Պարոն Մեհտան նշում է, որ «Jaipur Foot»-ը հիմնադրվել է 10 հազար դոլարից էլ սակավ բյուջեով, բայց այսօր կազմում է արդեն 3,5 միլիոն դոլար:

Ներկայումս BMVSS-ը ոտքերի պրոթեզներ պատրաստող ամենահայտնի կազմակերպությունն է ամբողջ աշխարհում:

Հիմնադրման առաջին տարում «Jaipur Foot»-ը տրամադրել է ընդամենը 59 պրոթեզ, սակայն 36 տարիների աշխատանքի արդյունքում նորից քայլել են կարողացել հարյուրհազարավոր մարդիկ:

Հանդիպման վերջում պարոն Մեհտան խոստովանում է, որ այստեղ ինքն էլ նոր կյանք է սկսել: Իսկ «Jaipur Foot»-ի հաջողության գաղտնիքը, ըստ նրա, «թաքնված է յուրաքանչյուրիս ազնիվ ու նվիրված աշխատանքի մեջ»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Հնդկաստան, Ջայպուր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4