«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

«Ազգը» իր ընթերցողներին տեղեկացրել էր նոյեմբերի 4-11-ը Հայաստանում մեկնարկող Եգիպտական Արաբական Հանրապետության մշակույթի օրերի մասին: Այն բացվեց Հայաստանի գրողների միության տանը կազմակերպված Հուսամ Նասսարի «Մոլորված փնտրում եմ երկիր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսով: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը ողջունեց եգիպտական պատվիրակությանը, որը գլխավորում էր ԵԱՀ-ի մշակույթի նախարարի առաջին տեղակալ, բանաստեղծ Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարը : Պրն Անանյանը բարձր գնահատեց հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը, որի հետքերը գալիս են 4-րդ դարից եւ մինչ օրս էլ ավելի ամրանում է: Այնուհետեւ անդրադառնալով միջազգային գրական կապերին նշեց, որ առաջին անգամ հայ ընթերցողի դատին է հանձնվում ժամանակակից եգիպտացի բանաստեղծ Հուսամ Նասսարի «Մոլորված փնտրում եմ երկիր» խորագիրը կրող ժողովածուն, որը բանալի է տալիս, թե ով է եւ ինչ է Եգիպտոսը, եգիպտացին ու նրա կենցաղը, անցյալի կորսված մշակույթը: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը բարձր գնահատեց ու գոհունակությամբ նշեց, թե մեկ տարի առաջ ինչպիսի ջերմությամբ ու բարձր մակարդակով անցան «Հայկական մշակույթի օրերը» Եգիպտոսում: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի տնօրեն բան. գիտ. դոկտոր Ավիկ Իսահակյանը նշեց, որ երկար սպասումից հետո հայ ընթերցողին է ներկայացվում 20-րդ դարի եգիպտական ժամանակակից պոեզիան: Հուսամ Նասսարին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու ասաց. «Այսօրվա հանդիպումը կարծես ճակատագրի նվերն է եւ Աստծո կողմից է իրականացվում: Իմ բանաստեղծությունները շատ լեզուներով են հրատարակվել, սակայն հայերենով առաջին ժողովածուն է եւ դրա համար հատուկ շնորհակալ եմ նախ Աստծուց, հետո թարգմանիչ Հովիկ Հովեյանից ու արաբերենից տողացի թարգմանությունը իրականացրած Հովհաննես Ասատրյանից: Ես բարձր եմ գնահատում Եգիպտոսում հայերի ներդրումները, նրանք մեզ հետ հավասար մեծ դեր ունեն մեր երկրի զարգացման հարցում»: Բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը , Հովհաննես Ասատրյանը եւ այլք բարձր գնահատեցին եգիպտական ժամանակակից պոեզիան եւ Նասսար Հուսամի խոհափիլիսոփայական բանաստեղծությունները, որոնցում մշտարթուն որոնումների, ցավի, կորստյան ու լույսի երգն է արտացոլվում: Նասսարի պոեզիայի ընթերցումներով հանդես եկավ Հռիփսիմե Սարգսյանը , որից հետո հեղինակը չկարողացավ թաքցնել հիացմունքը ու ասաց. «Ես ապշած եմ, թե ինչպես ճիշտ է թարգմանված: Չնայած ես հայերեն ընդամենը երկու բառ գիտեմ, բայց ասմունքից հասկացա, թե որ բանաստեղծություններն ընթերցվեցին: Սա է հենց թարգմանության հաջողությունը եւ ես կարծում եմ, որ հայ-եգիպտական գրական կամուրջը կշարունակվի»:

Եգիպտոսը լուսանկարներում

Հայաստանի Ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ բացվեց «Եգիպտոսը լուսանկարներում» խորագրով ցուցահանդեսը: Բացմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ալաա Էլլեյսին , որ ողջունեց երկու երկրների ջերմ ու դարավոր մշակութային կապերը: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Նասսար Հուսամը բացեցին ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին 49 լուսանկարներՙ Եգիպտոսի տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող, ինչպես նաեւ Հայաստանի Չարենցի գրականության ու արվեստի թանգարանում պահվող Ալեքսանդր Սարուխանի 35 ծաղրանկարները:

Կահիրեի երկու բալետները հայկական բեմում

Եգիպտական մշակույթի օրերի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ հանդես եկան Կահիրեի օպերայի եւ բալետի ընկերության «Անկախ ամեն ինչից» եւ «Եգիպտական գիշերներ» մեկ գործողությամբ երկու բալետները: Հայ-եգիպտական բալետային արվեստի շուրջը եղան պայմանավորվածություններ փոխայցելություններ եւ համատեղ բեմադրություններ կազմակերպելու վերաբերյալ: Ի դեպ, Եգիպտոսում գործում է երկու օպերային թատրոնՙ Ալեքսանդրիայում եւ Դամանհուրում, որտեղ անցած տարի հրաշալի հանդես եկավ Հայաստանից մշակույթի օրերին մասնակցող Թաթուլ Ալթունյանի անվ. երգի-պարի անսամբլը:

Նոր մշակութային համագործակցության համաձայնագրեր

Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ԵԱՀ-ի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարը ստորագրեցին նոր մշակութային համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցել ու խրախուսել 2 երկրների միջեւ թատերարվեստի եւ երաժշտարվեստի բնագավառներում, կերպարվեստի, կինոյի, կիրառական արվեստի բնագավառներում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4