71 տարեկանում սրտի կաթվածից մահացել է հայկական ֆուտբոլի անվանի վետերան Ժակ Սուփրիկյանը: Ֆուտբոլային առաջին քայլերը Սուփրիկյանը կատարել է ծննդավայրումՙ Բեյրութում: Արդեն պատանեկան տարիներին նա իր հասակակիցների մեջ աչքի էր ընկնում գնդակի հետ վարման տեխնիկայով, արագաշարժությամբ: Պատահական չէ, որ մարզիչները նրան առջեւի գծում էին խաղացնում:
Հայաստան ներգաղթելով, Ժակ Սուփրիկյանն ընդգրկվեց Գյումրիի «Շիրակի» վարպետների թիմումՙ մասնակցելով ԽՍՀՄ Բ խմբի առաջնությանը: «Շիրակում» էլ երիտասարդ ֆուտբոլիստն աչքի էր ընկնում իր գրագետ գործողություններով ու արդյունավետ խաղով: Ուստի պատահական չէ, որ շուտով նրան հրավիրեցին հանրապետության ֆուտբոլային գլխավոր թիմՙ Երեւանի «Արարատ», որի կազմում Սուփրիկյանը հաջողությամբ հանդես եկավ 1960-1963-ին:
Ավարտելով ելույթները մեծ ֆուտբոլում, Ժակ Սուփրիկյանն անցավ մարզչական աշխատանքի, իսկ հետագայում տեսչական աշխատանք էր կատարում ֆուտբոլի ֆեդերացիայում: Նա որպես մարզիչ աշխատել է նաեւ Երեւանի «Արարատում»: Մասնավորապես 1984-ին, երբ Նիկիտա Սիմոնյանը կրկին գլխավորել էր «Արարատը», Ժակ Սուփրիկյանը նրա օգնականն էր: Երկար տարիներ նա որպես մարզիչ աշխատել է ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցումՙ ֆուտբոլիստներ պատրաստելով մեր մի շարք թիմերի համար:
Կյանքում Ժակ Սուփրիկյանը համեստ ու ընկերասեր անձնավորություն էր, մշտապես ներկա էր գտնվում ֆուտբոլային հանդիպումներին, իր խորհուրդներով օգնում երիտասարդ մարզիչներին:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ֆեդերացիայի կոլեկտիվը ցավակցել են Ժակ Սուփրիկյանի հարազատներին: «Ազգի» մարզական բաժինը միանում է նրանց: