«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2011-11-09 | #202, 2011-11-10 | #203, 2011-11-11


ԳՈՒՑԵ ԵՎ ՉԿՐՃԱՏՎԵՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ԾԱԽՍԵՐԸ

«Տավուշի մարզի Արճակուտ համայնքն ունի 120 բնակիչ: Համայնքի ԲՄԿ-ն գտնվում է դպրոցի մեկ սենյակում: Աշխատում է մեկ բուժքույր: ԲՄԿ-ն ապահովված չէ անհրաժեշտ սարքավորումներով եւ գույքով, բացակայում են անհրաժեշտ բոլոր պայմաններն ու բուժծառայություն մատուցելու նախադրյալները: ԲՄԿ-ում կան միայն կշեռք եւ ճնշման ապարատ», սա քաղվածք է Օքսֆամ ՄԲ-ի հայաստանյան գրասենյակի եւ Արմավիրի զարգացման կենտրոնի Տավուշի մարզում կատարած առաջնային բուժօգնություն տրամադրելու պայմանների ուսումնասիրությունից, որում չկա գեթ մեկ քիչ թե շատ տանելի իրավիճակի նկարագրություն: Չնայած ներկայացված իրականությանն ու հակաճգնաժամային օրակարգը ձեւավորելիս ՀՀ կառավարության աղքատամետ պետական ծախսերը չկրճատելու պարտավորությանը, այնուամենայնիվ 2012-ի պետբյուջեի նախագիծն առաջնային բուժօգնության ոլորտում նախատեսում է ընթացիկ տարվա համեմատ ծախսերի կրճատում: Պետբյուջեի նախագիծը հաշվարկվել էր գործատուի սոցվճարների ավելացումը ներառելով եւ կազմել շուրջ 295 մլն դրամ, ինչի վերահաշվարկի դեպքում նվազումը կարող է կազմել ավելի քան 300 մլն դրամ: Ինչպես փաստվում է ի նպաստ իրականացվող քաղաքականության եւ բյուջետային որոշումների արդյունավետության Օքսֆամ ՄԲ-ի հայաստանյան գրասենյակի եւ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի կատարած առաջնային բուժօգնության համակարգի պետական ծրագրերի ուսումնասիրության մեջ. «2012-ի բյուջեի նախագծով առաջնային արտահիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված գումարներով հնարավոր չէ 2012-ին հիմնական քաղաքականության փաստաթղթերով (ՀՀ կայուն զարգացման ՀՀ նախագահի նախընտրական եւ ՀՀ կառավարության 2008-2012 թվականների գործունեության ծրագրեր) սահմանվածի փաստացի իրականացումը: Այն թույլ չի տա ապահովել ոչ միայն պետության ստանձնած պարտավորությունների բավարար իրականացում, այլեւ 2011-ին տրամադրած ծառայություններին համարժեք մակարդակը: Հետեւաբար առաջարկվում է զգալիորեն ավելացնել «Բնակչության ԱԱՊ ծառայություններ» եւ «Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ» քաղաքականության միջոցառումների գծով ֆինանսավորումը, առնվազն մինչեւ 2011-ին համադրելի մակարդակՙ ի հաշիվ առողջապահությունից պակաս կարեւոր ոլորտների»:

Վերոնշյալ ուսումնասիրության բոլոր մանրամասնություններն ու ծրագրի փորձագիտական թիմի առաջարկները նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ առողջապահության մայրության եւ մանկության եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել եւ նկատի են առնվելՙ 2012-ի պետբյուջեի նախագծում առաջնային բուժօգնության ոլորտում ընթացիկ տարվա համեմատ ծախսերի կրճատումը հիմնավորապես վերանայելու հիմք դառնալով: Ծրագրի փորձագիտական թիմը մեծ հույս ունի, որ ՀՀ ԱԺ առողջապահության մայրության եւ մանկության հարցերով մշտական հանձնաժողովի եզրակացությունը կնպաստի առնվազն ընթացիկ տարում առկա ԱԱՊ ծառայությունների մակարդակը:

Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4