«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


«ՅՈԹ ԵՐԳ ԳԻՏԻ»

Բաքվում հույս ունեն, որ «ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կպատժեն Իրանին»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դժվար է ասել` Իլհամ Ալիեւը կարդո՞ւմ է Վաֆա Գուլուզադեի «մեկնաբանությունները»: Կամ առհասարակ նա կարդո՞ւմ է: Բայց վստահաբար կարելի է պնդել, որ «ծեր աղվես» Գուլուզադեն միշտ «հարկավոր պահին է խոսում» եւ ասում բաներ, որ իշխանությունը «մեծահոգաբար» թույլատրում է «անկախ քաղաքագետին»:

Իբրեւ երդվյալ թուրքամետՙ Գուլուզադեն հասկանալի պատճառներով իրանատյաց է: Համենայն դեպս, ներկայանում է այդ կեցվածքով: Եվ անթաքույց հրճվում` ենթադրելով, որ «ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն մտադիր են պատժել Իրանին»:

Հարկ չկա մտասեւեռվելու պարզելու համար, թե նման հայտարարությունն ինչ հիմքեր ունի: Քանի որ դա ո՛չ իրադարձությունների զարգացումից արտածված եզրահանգում է, ո՛չ կանխատեսում: Տվյալ դեպքում Գուլուզադեն միայն ադրբեջանական իշխող վերնախավի ցանկությունն է արտահայտել: Բաքվում, այո, կուզենային, որ «ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Իրանին պատժեին»:

Ոչ թե նրա համար, որ անհանգստացած են այդ երկրի միջուկային ծրագրից: Նրանք այնքան հիմար չեն, որպեսզի չհասկանան, որ իրանական միջուկային ծրագիրը, եթե դա անգամ իրողություն է, բոլորովին այլ հասցեատեր ունի կամ զուտ ինքնապաշտպանություն է: Պարզապես ադրբեջանական քաղաքական վերնախավն, ինչպես միշտ, սեփական հարցերը ցանկանում է լուծել ուրիշի ձեռքով` ի հաշիվ հարեւանների:

Երբ ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը հասնում էր բարձրակետին, Բաքու այցելեց Դմիտրի Մեդվեդեւը: Եվ Իլհամ Ալիեւը ոչինչ չարեց, «ռազմավարական դաշնակից» Վրաստանին «փրկելու համար»: Հակառակը, նա փորձեց ռուս-վրացական հակասություններից շահ քաղել եւ Ռուսաստանի միջոցով «մոտեցնել ԼՂ հարցի արդարացի կարգավորումը»:

Հաշվարկը «հանճարեղորեն» պարզ էր. Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը խաղաղարար ներկայանալու խնդիր ունի եւ «ճնշում կգործադրի Հայաստանի վրա»: Արտաքին քաղաքական այդ «նոու-հաուն», սակայն, չաշխատեց: Նախ` առարկայական, ապա եւ Իլհամ Ալիեւի երկդիմության պատճառով. «սիրո խոստովանություններ անելով» Դմիտրի Մեդվեդեւին, նա միաժամանակ «խաղեր էր տալիս» Արեւմուտքի հետ` հիմնականում Թուրքիայի միջնորդությամբ:

Այժմ եկել է Արեւմուտքի «գիրկը նետվելու» ժամանակը: Եվ դրա համար հիմքեր ստեղծելու մղումով նա առաջ է բերում ադրբեջանական հանրության «հակաիրանականության գործոնը»: Ըստ էության` «մուշտարի է կանչում»` հասկացնելով, որ «Իրանին պատժելիս ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կարող են վստահել Ադրբեջանի օժանդակությանը»:

Գրեթե անհավանական է, որ ԱՄՆ-ը ռազմական հարված հասցնի Իրանին: Վաշինգտոնն այդքան անհաշվենկատ գտնվելու իրավունք պարզապես չունի: Քանի որ այդ քայլը հղի է Մերձավոր Արեւելքում «ժողովրդավարության հաստատման ջանքերի» լիակատար ձախողման եւ, որպես հետեւանք, այնպիսի անկառավարելի գործընթացների վտանգով, որ կսպառնա միջազգային խաղաղությանը:

Հնարավոր է, որ «կատարյալ հավատարմության» երաշխիքների հասնելու համար արեւմտյան ինչ-ինչ շրջանակներ Բաքվի հետ «մկան-կատվի» խաղ են սկսել: Բայց դա միայն վկայում է, որ Արեւմուտքն Ադրբեջանը չի համարում կայուն եւ որոշակի արժեհամակարգ դավանող պետություն: Իսկ «մեկանգամյա օգտագործման» երկրի հետ ամեն «գործարք» հնարավոր է:

Ավելի պարզ` եթե Ադրբեջանը մեկ անգամ դավաճանել է Վրաստանին, ապա, բնականաբար, կդավաճանի նաեւ Իրանին, ամեն մի հարեւանի: Բավական է ասել. «Դրանից հնարավորություն է ստեղծվելու, որ ԼՂ հարցը լուծվի»,- եւ Իլհամ Ալիեւի «բերանի ջրերը գնում են»: Լուրջ քաղաքական գործիչը, մինչդեռ, պիտի հասկացած լիներ, որ այն, ինչ Ռուսաստանի հետ չի հաջողվել, չի հաջողվի նաեւ Արեւմուտքի միջոցով: Ի՞նչ իմաստ ունի, որ Արեւմուտքը խաղա նույն «հաղթաթղթով», որ Ռուսաստանն արդեն «մարել է»:

Հույս պահել, որ «Իրանի դեմ ռազմական հարվածը հնարավորություն է` հակամարտության գոտում վերսկսելու պատերազմը», նույնպես տրամաբանական չէ: Արեւմուտքը, «սկսելով պատժել Իրանին», ընդհակառակը, պետք է շահագրգռված լինի դեպքերի կանխատեսելիությամբ: Իսկ պատերազմն ու կանխատեսելիությունը հակադարձ համեմատական են:

Ահա եւ ստացվում է, որ Իլհամ Ալիեւի իմացած «յոթ երգից» եւ ոչ մեկը նրան առավելություն չի տալիս: Քանի որ նա մտածում է «առանձին վերցրած երկրի առանձնահատուկ խնդիրը բացառապես առանձին վերցրած երկրի պատկերացմամբ լուծելու» մասին: Իսկ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Եվ «թշնամի» Իրանը նույն Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի համար ավելի կարեւոր պետություն է, քան «էքսցենտրիկ» Ադրբեջանը: Ընդհակառակը, շատ հնարավոր է, որ Արեւմուտքն ու Իրանն իրենց հուզող հարցերը վաղը կարգավորեն Իլհամ Ալիեւի «բարձրաքիթ թեթեւսոլիկության» հաշվին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4