Հայտարարեց Հայաստանի նախագահի մրցանակին արժանացած ՏՏ ոլորտի լեգենդը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Apple Computer կորպորացիայի համահիմնադիր, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի լեգենդ Սթիվ Վոզնյակը երեկ ստացավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2011-ի մրցանակը: Մրցանակը ստեղծվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ եւ «Վիվասել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ: Այդ առթիվ երեկ Սթիվ Վոզնյակը, «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը , «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօերն Հովիկ Մուսայելյանը եւ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպեցին լրագրողների հետ:
Հովիկ Մուսայելյանը համառոտ պատմեց ՏՏ ոլորտում համաշխարհային նեդրման համար նախագահի մրցանակ սահմանելու պատմությունը, նշելով, որ այդ մրցանակի շնորհիվ այս ոլորտի հայտնի մարդիկ կգան Հայաստան եւ կբարձրանա մեր երկրի վարկանիշը որպես գիտելիքի եւ ինտելեկտի երկրի:
Նա տեղեկացրեց, որ մրցանակի առաջին դափնեկիրը անցյալ տարի «Ինտել կորպորացիայի» նախկին նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրեթն էր, իսկ այս տարվա մրցանակը Ստիվ Վոզնյակին տալու որոշումը 23 հոգուց կազմված հանձնաժողովը կայացրել է միաձայն:
Ռալֆ Յիրիկյանը Ստիվ Վոզնյակի մասին խոսելովՙ նրան բնորոշեց մեծ գանձՙ իր փորձով, գիտելիքներով, ոլորտի վրա թողած աղդեցությամբ, եւ մեծ պատիվ համարեց նրան այստեղ տեսնելը: «Միշտ ուրախ կլինենք այսպիսի նախաձեռնությունների կողքին կանգնելով», ասաց նաՙ ավելացնելով, որ մրցանակը հնարավորություն է ընձեռում մեծ թափ հաղորդելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը եւ համաշխարհային ՏՏ ոլորտում Հայաստանի դրական վարկանիշը բարձրացնելուն:
Ինքըՙ Ստիվ Վոզնյակը, մեծ պատիվ համարեց ՏՏ ոլորտիՙ նախագահի մրցանակ ստանալը եւ ուրախություն հայտնեց Հայաստանում գտնվելու համար: Խոսելով իր գործունեության եւ ՏՏ ոլորտի մասին, նա այն կարծիքը հայտնեց, որ միշտ թվում է թե շատ բան է արվել եւ դա է նշաձողը, բայց շատերն ասում են, որ դա միայն սկիզբն է: «Գիտական ֆանտաստիկայի ոլորտից պետք է լինես, որ ասես, թե ուրիշ ինչ կարելի է անել», ասաց Apple-ի համահիմնադիրը, ավելացնելով, որ հարկ է պարզապես նայել սարքերին եւ պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինի, ինչպես ավելի հարմարավետ դարձնես: «Հարցը վերաբերում է մարդկանց եւ տեխնոլոգիաներինՙ թե նրանցից ո՞րն է ավելի կարեւոր: Եթե մարդիկ ավելի կարեւոր են, ապա տեխնոլոգիական սարքավորումները պետք է մտածեն, թե ինչպես անեն, որ հարմարվեն մարդկանց», համոզմունք հայտնեց Ստիվ Վոզնյակը, ներկայացնելով այն ամբողջ ճանապարհը, որն անցել է անհատական ամենապարզ համակարգիչներից մինչեւ զգայական հպման միջոցով մուտք եւ բանավոր տարբերակով ելք ունեցող սարքավորումներ: ՏՏ ոլորտի լեգենդի հավաստիացմամբ, կգա ժամանակը, երբ մարդիկ կշփվեն սարքերի հետ ինչպես ընկերոջ հետ: «Մոտ ենք իրական բանականություն ունեցող սարքեր ստեղծելուն: Առաջարկում եմ երազել, մտածել, պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենան այդ սարքերը», ասաց Ստիվ Վոզնյակը:
Խոսելով Հայաստանից իր ստացած տպավորությունների մասինՙ Ստիվ Վոզնյակն ասաց, որ իր մրցանակը ներշնչանքի աղբյուր է այն ինժեներների համար, որոնց հետ ինքը հանդիպեց, եւ որ իր երիտասարդ տարիներին նման ներշնչանք եղել են մեծ մարդկանց հաջողությունները: «Տեսնելով ձեր դեմքերը, ես ինձ ձեզանից մեկն եմ համարում: Վերադառնալով տուն, կպատմեմ Հայաստանի մասին, խորհուրդ տալով գործարարներին գործունեություն ծավալել այստեղ», խոստացավ Apple-ի համահիմնադիրը:
«ՏՏ ոլորտում չկա Նոբելյան մրցանակ, եւ շատ նշանակալից է, որ նման մրցանակ հենց Հայաստանի նախագահն է սահմանել», ասաց «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը , ավելացնելով, որ դրանով ապացուցվում է այն կարեւորությունը, որ Հայաստանը տալիս է այս ոլորտին: Խոսելով Ստիվ Վոզնյակի մասին, Ռիչ Գոլդմանը նրան համարեց այս ոլորտի ռահվիրա: «Նա եւ Ստիվ Ջոբսը փոխեցին մեր կյանքը եւ համակարգիչներն այսօր բոլորի տանը կարող են լինել», նշեց նաՙ կարեւորելով նրա ներշնչանքն այդ գործում: «Հիմա Հայաստանը նույն վիճակում է: Կա ներշնչանքը, կան ունակություններն ու կարողությունները, որպեսզի Հայաստանը որպես երկիր հասնի այն հաջողություններին, ինչպես դա արեց Վոզնյակը միայնակ», ասաց Ռիչ Գոլդմանըՙ համոզմունք հայտնելով, որ ՀՀ նախագահի մրցանակի ավելի արժանի թեկնածու, քան Վոզնյակն է, դժվար էր գտնել: