«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾՎԵԼ ՄԵԾ ՊՈՉԱՄԲԱՐԻ

Պետությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել, որ երկրի հանքարդյունաբերությունը սպառվի: Հանքարդյունաբերությունը զարգացած է բոլոր երկրներում, սակայն, ի տարբերություն նրանց, Հայաստանում շահույթը մտնում է առանձին անհատների գրպանը, իսկ պետությանը մնում են միայն թափոններ: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի ներկայացմամբ` հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենահիվանդոտ բնագավառն է: Այս ոլորտում կատարվում են բացահայտ հանցագործություններ: «Հանքարդյունաբերության թափոնները հանվել են հարկային դաշտից, ինչը հակապետական մոտեցում է», ասում է Սանասարյանը: Նրա մեկնաբանությամբ` բազմաթիվ բողոքներն անպատասխան են մնում, որովհետեւ Աժ-ում եւ կառավարությունում շատ պաշտոնյաներ բազմաթիվ հանքեր ունեն, դրա համար էլ այնպիսի օրենքներ են ստեղծում եւ ընդունում, որ ձեռնտու լինեն իրենց: «Վարդան Այվազյանն անուշադրության էր մատնում Թեղուտի մասին աղաղակող փաստերը: Հանքի շահագործման պատճառով գետեր եւ անտառներ են ոչնչանում: «Վալեքս գրուպի» տնօրեն Վալերի Մեժլումյանը 40 հանք շահագործելու արտոնագիր ունի: Եթե այսպես շարունակվի, հանքավայրերը Հայաստանում կսպառվեն, պոչանքները կլցվեն գետերն, ու քաղաքացին կզրկվի առողջ ապրելու իրավունքից»:

Պաշտոնական տվյալներով Հայաստանում գործում է 470 հանքավայր, նրանցից 20-ը` մետաղ արդյունահանող: Տնտեսական վնասի համար հանքարդյունաբերողները պետք է հարկ վճարեն: Դա ընդունված ձեւ է ողջ աշխարհում: Մինչդեռ Հայաստանում հանքավայրերը չունեն բնապահպանական անձնագիրը, չի նշվում նաեւ պոչամբարի տված վնասի չափը: Եթե բնավճարները Եվրոպայում, Կանադայում կազմում են 16 տոկոս, ապա Հայաստանում ամենացածր ցուցանիշն է` 1.3 տոկոս: Քաջարանի օրինակը տարեկան 16 միլիոն տոննա հանքաքար է շահագործում: Եթե թափոնների համար գումար հարկվի, ապա տարեկան 760 մլրդ դրամ կմուտքագրվի պետության բյուջե: «Բայց դա չի արվում, որովհետեւ ձեռնտու չէ անհատներին, պետությունն էլ նրանց աջակցում է: Եթե այսպես շարունակվի Հայաստանը կդառնա մի մեծ պոչամբար»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4