Հունիսի 21. Երեկոյան ժամը 8-ին «1-03» ծառայությունը Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա բնակչուհուն առաջին բուժօգնություն իրականացրեց` կատարվածն անվանելով դեղորայքային թունավորում:
Հունիսի 28. «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները ծանր դրությամբ իրենց մոտ տեղափոխված 23-ամյա Անժելա Հակոբյանի մոտ հայտնաբերեցին դեղորայքային թունավորում: Բժշիկներին հաջողվեց տուժածի կյանքը փրկել:
Նոյեմբերի 2. «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվում 32-ամյա Արմինե Սանոսյանը: Առաջին բուժօգնություն ցույց տալով բժիշկները եզրակացնում են` կատարվածը դեղորայքային թունավորում է:
Նույն օրը արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբՙ դեղորայքային թունավորման եւս երկու դեպք է գրանցվել. կասկածելի ծագմամբ դեղորայքից տուժել են 32-ամյա Ն. Բաբաջանյանն ու 26-ամյա Ք. Ֆահրադյանը:
Նույն օրը դեղորայքային թունավորում է գրանցվել նաեւ Վանաձոր քաղաքում: Տուժել է 5-ամյա Սարգիս Բուլղադարյանը, ում կարողացել են փրկել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն` դեղորայքային թունավորմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Արարատ մարզի Հայկանիստ գյուղի բնակչուհի 1981-ին ծնված Կ. Սարիբեկյանն ու 1993-ին ծնված Դ. Մարտիրոսյանը: Երկուսի կյանքն էլ հաջողվել է փրկել:
Սրանք վերջին մի քանի ամսվա ընթացքում գրանցված դեղորայքային թունավորումների մասին ահազանգների ընդամենը մի չնչին մասն են: Այս պարագայում հայտարարել, որ դեղորայքների ներմուծման եւ արտադրման դաշտը նորմալ է, մտահոգիչ խնդիրներ գրեթե չկան` հաստատ ճշմարտախոսության ժանրից չէ: Հայտարարության հեղինակը Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն է: Նա բերեց տասնյակ պատճառներ, թե ինչից կարող է քաղաքացին թունավորվել, սակայն չհիշատակեց անորակ դեղերի մասին: Թեպետ միությունը գործում է 2002-ից, սակայն միայն այս տարի են նրանք որոշել դեղերի որակի եւ վաճառքի հետ կապված մոնիտորինգ իրականացնել: Միության նախագահը Հայաստանը դասում է երջանիկ պետութունների շարքին, որտեղ կեղծ եւ ժամկետանց դեղերի քանակը շատ քիչ է` մոտ 1-2 տոկոս: «Կեղծումների հիմնական դեպքերը քրեական ծագում ունեն: Ինչ-որ մեկն իր նախաձեռնությամբ իր գարաժում որոշում է կավճե դեղեր արտադրել, ինչը քրեական հանցանք է: Կամ էլ Վրաստանից են դեղեր բերվում, քանի որ այնտեղ հումքի համար 20 տոկոս ԱԱՀ-ն չեն վճարում», ասում է Զաքարյանը:
Ընդհանուր առմամբ Զաքարյանի պատասխաները վերացական էին: Օրինակ, մոնիտորինգ են անցկացրել, բայց արդյունքները կներկայացնեն հունվարին: Ավելին, մոնիտորինգի արդյունքներով նրանք մտահոգիչ երեւույթների չեն հանդիպել:
Թե ովքեր են պատասխանատու, երբ շուկայում ժամկետանց դեղեր են հայտնվում, Զաքարյանի պատասխանը հետեւյալն է. «Նա, ով փոխել է դեղի ժամկետը կամ էլ չի հսկել վաճառքը, այսինքն` դեղատները»: Միությունը նաեւ պատասխանատվություն չի կրում, երբ մի դեղի գինը եռակի բարձրանում է կամ էլ անհետանում շուկայից, իսկ դրա փոխարեն հայտնվում են որակով ավելի վատ դեղամիջոցեր: «Դեղ նորմուծողի ցանկությունն է` դեղը երբ կհայտնվի շուկայում», ասաց նա` օրինակ բերելով հանքային ջրի կամ էլ ծխախոտի տեսակների հանկարծակի անհետանալն ու թանկանալը:
«Հո ամբողջ հանքային ջրերի պատասխանատուն չէ մեղավոր», ասաց Զաքարյանը: Երբ նրան հարցրեցին անցնող տարվա ձեռքբերումների եւ բացթողումների մասին, միության նախագահը սկսեց գովել, թե իրենց միությունն ինչ լուրջ աշխատանք է իրականացրել եւ ինչպիսի ձեռքբերումների հասել: Միայն կրկնահարցից հետո Զաքարյանը որպես աշխատանքի բացթողում նշեց տեղակատվական համակարգի ստեղծումն ու խախտումներին արագ արձագանքումը: 2 շաբաթ առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Երեւանի բնակչուհին դեղորայքային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվեցՙ Զաքարյանն այդ դեպքի մասին ոչ լսել է, ոչ էլ գիտի:
Ավելին, նրա մեկնաբանությամբ, հաճախ անձինք սկանդալ փնտրելու միտումով են հայտարարում, որ ժամկետանց դեղ են գնել կամ դեղը չի պարունակել անհրաժեշտ ծանոթագրություն: Նրա խոսքերով` դեղային թունավորում արտահայտությունը շատ ընդգրկուն է: «Երբ ինչ-որ մեկը անհաջող սիրո պատճառով որոշել է 60 դեղահաբ խմել ու ինքնասպանություն կատարել, կրկին հայտարարում են, որ դեղային թունավորում է եղել»: «Ազգ»-ի հակադարձումը, թե նման պարագաներում հայտարարվում է. «Կատարվել է ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ դեղահաբերի մեծ չափաբաժին ընդունելու միջոցով», Զաքարյանը չլսեց կամ չլսելու տվեց:
Ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին էր, որ Զաքարյանը լրագրողների հետ եկել էր հանդիպելու ոչ թե դեղորայքի շուկայի խնդիրների մասին խոսելու, այլ դեղարտադրող ընկերություններին գովաբանելու եւ հավաստիացնելու, թե իբր ոլորտում խնդիրներ չկան: Որ Հայաստանում կան դեղարտադրող ընկերություններ` խրախուսելի է, բայց որ հաճախ նրանք ժողովրդին վաճառում են կավիճ կամ անհայտ ծագմամբ ինչ-որ նյութեր` փաստ է, եւ դրա դեմ պետք է պայքարել, այլ ոչ թե ջայլամային քաղաքականություն վարել: Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված 17 դեղարտադրող ընկերություն կա: Պաշտոնապես գրանցված է 3600 անուն դեղամիջոց: Հայաստանում արտադրվող դեղամիջոցները ընդհանուր գրանցվածերի թվում կազմում են 3-4 տոկոս:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ