«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏՈՐԹԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՖԼՈՐԱ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ՇԱՀԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ (World Grand Prize)

Լաս Վեգասի «Ուինն» հյուրանոցի հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանը վերջերս Օկլահոմայի Թուլսա քաղաքում կայացած հարսանեկան տորթերի աշխարհի մրցույթում շահեց գլխավոր մրցանակը: Նա հաղթեց հարսանեկան տորթեր ձեւավորող լավագույն վարպետներին, ովքեր այստեղ էին եկել մոլորակի տարբեր անկյուններից:

Ֆլորան Լաս Վեգասի «Ուինն» հյուրանոցում իբրեւ հրուշակագործ աշխատել է 2007 թվականից, պատրաստել է տորթեր ու այլ կարգի թխվածքեղեն այստեղ կազմակերպվող հարսանիքների եւ հատուկ միջոցառումների համար: «Աղաբաբյանի հրաշալի տաղանդն ու սուր երեւակայությունը ստեղծել են ալյուրից ու շաքարից, ձվից ու սիրուց շաղախված գլուխգործոցներ», այսպիսի տողեր գրեց նրա մասին ամերիկյան թերթերից մեկը մրցույթից անմիջապես հետո:

Ֆլորան ԱՄՆ է եկել Հայաստանից 2000 թվականին, եւ ինչպես Նեւադայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց, երբեւէ որեւէ կարգի կրթություն ու դպրոց չի անցել հրուշակագործության վերաբերյալ ոչ ԱՄՆ-ում, ոչ Հայաստանում: Ամեն ինչ սովորել է ինքնուրույն, կարդալով եւ անվերջ պատրաստելով, ձեւավորելով ու ձեւափոխելով տարբեր նախշեր ու դետալներ: Նա մասնագիտությամբ պարուհի է, իսկ տորթեր թխելն ու ձեւավորելը պարզապես մանկության տարիների հոբբի են եղել: Ավելի ուշ, արդեն Ամերիկայում, հրուշակային արվեստի հանդեպ նրա հետաքրքրությունը իսկական ստեղծագործական կրքի վերածվեց: Սկզբում Հոլիվուդի, հետո Լաս Վեգասի տարբեր հրուշակատներում նրա տաղանդն ի հայտ եկավ` կյանք տալով հրուշակային արվեստի կրկնակը չունեցող գործերի` տորթերի ու զանազան թխվածքների տեսքով:

Ֆլորան պատմում է, որ աշխատանքային գործունեության ընթացքում մի քանի անգամ զվարճալի դեպքեր են եղել, երբ պատվիրատուները նրա ձեւավորած տորթը հաջորդ օրը հետ են բերել, ասելով, թե պարզապես չեն կարողացել կտրել ու ճաշակել, այնքան մեծ են եղել նրանց հիացմունքն ու զարմանքը... Ֆլորայի տորթերն իսկապես հիշեցնում են կերամիկական արվեստի նրբաճաշակ ստեղծագործություններ, գույների, գծերի ու հղացման ներդաշնակ համատեղումներով:

ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4