«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅԱԶԳԻ ԶԻՆՎՈՐԻՆ

Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվությանՙ Ֆիլադելֆիայի գերեզմանատանը մի նոր հուշաքարի տեղադրմամբ հոկտեմբերի 1-ին հարգանքի տուրք է մատուցվել Ամերիկայի քաղաքացիական պատերազմին (1861-65 թթ.) մասնակցած առայժմ միակ հայտնի հայազգի զինվորիՙ Խաչատուր Փոլ Կարապետյանի հիշատակին, որը 1850-ական թվերի վերջերին Ռոդոսթոյից տեղափոխվել է Մ. Նահանգներ եւ հաստատվել Լոուելում (Մասաչուսեթս): Ծնվել է 1836-ի օգոստոսի 25-ին: Քսանութ տարեկանում միացել է Հյուսիսի (յունոնիստների) ռազմածովային ուժերինՙ որպես ինժեների օգնական: Այդ ժամանակ ինժեներների պահանջը մեծ է եղել: Ծառայել է «Ջերանիում» եւ «Գրենդ Գալֆ» նավերի վրա: Նրա մասին այդ ժամանակվա «Լոուել դեյլի սիթիզն ընդ նյուզ» թերթի 1864 թվի օգոստոսի 11-ի համարում գրվել է. «Մենք հաճույքով ենք արձանագրում այս նշանակումը: Երիտասարդը ծնունդով հայ է, բայց ոչ միայն ամերիկյան քաղաքացիություն է ստացել, այլեւ խորապես տիրապետել լիբերալ գաղափարներին հավատարիմ լինելու սկզբունքներին: Ոչ մի կասկած չունենք, որ նա պատվով կկատարի իր պարտականությունները»:

Այլ տեղեկություններ նրա ծառայության մասին դժբախտաբար չկան: Միայն հայտնի է, որ զորացրվել է 1865-ին եւ Ֆիլադելֆիայում է անցկացրել կյանքի մնացյալ մասըՙ դառնալով եղբայրական սիրո քաղաքի առաջին հայ բնակիչը: Այնտեղ նա 1871-ի հունիսի 18-ին ամուսնացել է հայտնի ամերիկացի ընտանիքի դուստր Հաննա Մատիլդա Ուինքուփի հետ: Երեխաներ չի ունեցել: Վախճանվել է 45 տարեկանում (1881 թվի օգոստոսի 25-ին), ամենայն հավանականությամբՙ պալարախտից (տուբերկուլոզից), որը ենթադրվում է, որ ձեռք է բերել պատերազմի օրերին: Թաղված է Ֆիլադելֆիայի հարավ-արեւմուտքում գտնվող «Ֆեռնվուդ» գերեզմանատանը:

Ամերիկյան կառավարական արխիվներում ուսումնասիրություններ կատարող Գարի Ղոլթուխյանից (Չելմսֆորդ, Մասաչուսեթսից) լսելով Կարապետյանի պատմությունը եւ պարզելով, որ նրա գերեզմանի հուշատախտակը 1950-ականներից ի վեր անհայտացել է, Փենսիլվանիայից Փոլ Սուքիասյանն այդ մասին տեղեկացնում է «Ֆիլադելֆիայի ամերիկահայ վետերանների ասոցիացիայի» անդամներին, որոնք էլ դրամահավաք են կազմակերպում նոր խաչքար-հուշակոթող տեղադրելու նպատակով: Գործը հաջողությամբ է պսակվում, երբ անունը հրապարակել չցանկացող մի նվիրատու տասը հազար դոլար է նվիրում ասոցիացիային: Խաչքարի պատրաստումը հանձնարարվում է Բաքվի կոտորածներից Ամերիկայում ապաստան գտած Լեո Հանյանին, որը հնդկական սեւ գրանիտից կերտում է պատշաճ մի հուշաքար:

Հոկտեմբերի 1-ինՙ արարողության ժամանակ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ամերիկյան սուզանավերում ծառայած հայազգի վետերան Հայկ Կիրակոսյանը խոսք առնելովՙ նշել է. «Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցը մասնակցել է քաղաքացիական պատերազմին, դրանով իսկ իր երախտագիտությունը հայտնելով իր երկրորդ հայրենիքին»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4