«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


ՆՈՐԱՐԱՐ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐԸ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«Նա ապրեց հախուռն մի կյանքՙ բարդ, հակասական, անզիջող, միաժամանակ իրապաշտական ազնվությամբ համակված: Նրա լեզուն սուր էր, խոսքըՙ ծանրակշիռ, միտքըՙ սթափ եւ արդար:

... Հայկական մուլտիպլիկացիայի լիդերը դառնալու ցանկությունը առանձնապես չէր փայփայում նրան, բայց դարձավ, որովհետեւ ձգողականության իր գերբնական ուժով նա իր շուրջն էր հավաքում մարդկանց... Եվ նա փրկեց հայկական մուլտիպլիկացիան ջլատվելուց, այլեւս գոյություն չունենալու վտանգից», գրում է Սերգեյ Գալստյանը «Կանխատեսումներ ըստ Սահակյանցի» գրքում:

Կարճ ապրեց Ռոբերտ Սահակյանցը, բայց ստեղծագործաբար հագեցած. 59 տարեկան էր, երբ հեռացավ կյանքիցՙ ուժերի ծաղկման շրջանում, երբ արվեստագետի հայացքն ավելի հասուն էր, անելիքներըՙ շատ:

«Վիթխարի, գեղեցիկՙ ասես իջած մի որմնանկարից, նա կարող էր հայոց հնագույն Գողթան երգերի հերոս լիներ»: «Եկավ նա հայկական մուլտիպլիկացիա եւ ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց. ասես մի լեռնային օդի հոսանք մղեց եւ հետո ամեն ինչ իր տեղը դրեց»: «Ռոբերտ Սահակյանցն անիմատորների ընտանիք մտավ ինչպես մրրիկ: Բայցՙ արժանապատվորեն»: Այսպես են բնութագրել նրան խորհրդային լավագույն մուլտիպլիկատորները: Նման բնութագրումներ շատ կհանդիպեք գրող, կինոգետ Ս. Գալստյանի գրքումՙ հրատարակված օրերս («Բեկոր» հրատ.)ՙ Ազգային կինոկենտրոնի եւ «Մոսկվա» կինոթատրոնի հովանավորությամբ:

Հայկական մուլտիպլիկացիայի երկրորդ ծնունդը կապում են Սահակյանցի անվան հետ, որը բոլորովին նոր որակ, նոր մոտեցումներ բերեց, պատկերագունային վառ արտահայտչականությամբ հարստացրեց հայկական անիմացիոն կինոյի այս տեսակը: Սերգեյ Գալստյանը գիրքը կառուցել է արվեստագետի կերպարի ստեղծմանՙ կյանքային ու ստեղծագործական ընթացքի փոխներթափանցում-միաձուլման եղանակովՙ հընթացս հայ մուլտիպլիկացիոն կինոյի պատմության անդրադարձներով:

Ռ. Սահակյանցն արդիականացրեց հայ մուլտիպլիկացիան, նրա որոնումները փոխեցին չափանիշներն ու մոտեցումներն այս արվեստի: Իր ձեռագրի անհատականությունը ստեղծագործական առաջին քայլերից հայտնի դարձավ: Նա ավելի քան 80 աշխատանքի հեղինակ էՙ «Պույ-պույ մուկիկը», «Աղվեսագիրք», «Որսորդները», «Կիկոսը», «Քաջ Նազարը», «Ով կպատմի չեղած բաներ», «Խոսող ձուկը», «Հնարամիտ գյուղացին», «Բարեկենդանը», «Արձագանք», «Միջամառնային երազ», «Պանդոկ», «Սեղմակոճակ», «Ես էլ հայ եմ», «Քամի», «Դասը» եւ այլն, ստեղծագործություններ, որոնցով հայկական մուլտիպլիկացիան դուրս եկավ միջազգային ասպարեզ: Նա համագործակցում էր «Սոյուզմուլտֆիլմ», ռուս-բրիտանական «Քրիստմըս ֆիլմզ», ֆրանսիական «Յանցֆիլմ» կինոստուդիաների հետ, նրա շատ ֆիլմեր միջազգային կինոփառատոներում արժանացել են դիպլոմների, մրցանակների: 1970 թվականից որպես անիմատոր, ապա ռեժիսոր աշխատել սկսեց «Հայֆիլմ» կինոստուդիայում, իսկ 1987-ից մինչեւ 2009-ը «Հայֆիլմի» (այժմ Ազգային կինոկենտրոն) մուլտմիավորման գեղարվեստական ղեկավարն էր: Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում նրան շնորհվեց 2008-ին, հայկական մուլտիպլիկացիոն կինոյի 70-ամյակի առիթով: Իր շնորհավորական նամակում Ֆեոդոր Խիտրուկը գրեց. «Դա սոսկ պաշտոնական հաստաստումն է այն բանի, որ նա վաղուց ժողովրդական արվեստագետ է: Նրա ստեղծագործական ակունքները եղել եւ մնում են հայկական էպոսը, հայ ժողովրդի իմաստնությունն ու հումորըՙ դրված հեքիաթների ու առակների հիմքում, հայ գրականության դասականների ստեղծագործություններում»: Նյութի որոնման խնդիր Սահակյանցն իրավամբ չի ունեցելՙ հայ միջնադարի ու նոր շրջանի գրականությունը, դասական մանկագրությունը բավարար էին (գրական տեքստերին սեփական միջամտություն-մեկնաբանություններով): Ստեղծագործական երկրորդ իմպուլսը կամ աղբյուրը կյանքն էր. շրջապատող իրականությունը, որտեղ արվեստագետի դիտողունակ հայացքը շատ բան էր տեսնում ու վերցնում նրանից: Նրա ֆիլմերը քաղաքական անթաքույց ենթատեքստ հաճախ ունեն եւ գաղափարական հստակ ուղղվածություն, այսպիսի պարագաներում ուշադրությունը դիտողի բեւեռվում է հենց այդ կողմին, եւ ֆիլմի արվեստը նահանջում է ինքնաբերաբար: Ռեժիսորը քաղաքացիական-քաղաքական իր դիրքորոշումները չէր վարանում արտահայտել գեղարվեստի լեզվով. իր հարցազրույցներից մեկում ասում է. «Մուլտիպլիկացիան մտքերս հաղորդելու, արտահայտելու միջոց է: Մտադրություն չունեմ իմ գծանկարներով կամ ռեժիսուրայով ներկայացնել ինքնին արվեստը, իմ ցանկությունը պարզից էլ պարզ էՙ հասցնել հանդիսատեսին ասելիքս»: Այս առումով նա հակադրվում է արվեստագետի այն տեսակին, որոնք ինքնաբավ են, ստեղծագործում են ինքնապարփակված, անհաղորդ օրվա ռիթմին, կյանքի իրողություններին: Նրա արվեստը կյանքի արտացոլանքն էՙ երբեմն շատ որոշակի եւ ուղղակիորեն, երբեմնՙ մետաֆորային: Հարցազրույցներում ու հեռուստաբանավեճերում էլ նա այդպիսին էրՙ համոզմունքների հստակ արտահայտմամբ, դիրքորոշումներով, երբեմն կոշտՙ երբեմն էլ երեւույթի ճակատային-միակողմանի մեկնաբանությամբ:

Սերգեյ Գալստյանի գիրքը հնարավորություն է տալիս արվեստագետի կերպարի բացահայտմանը տարբեր տեսանկյուններիցՙ ընդհուպ ստեղծագործական ընթացքի մանրամասներ: Մասնագետների կարծիքով, «Աղվեսագիրք» ֆիլմով բացվեց նրա հաջողությունների թռիչքուղին, եւ համարվում է բեկումնային ոչ միայն երիտասարդ ռեժիսորի ստեղծագործական կյանքում, այլեւ 70-ականների հայկական անիմացիոն կինոարվեստում: Այս ֆիլմում, ինչպես հեղինակն է գրում, «որոշակիանում են մուլտիպլիկատորի ստեղծագործական մեթոդի լավագույն գծերըՙ գունեղ ու անսահմանափակ երեւակայությունը, նորարարությունից չվախենալու ձգտումը, նրա անսպառ հումորի բազմաշերտ երանգները: «Աղվեսագիրքը» համարվում է խորհրդային կինոյի առաջին մուլտֆիլմ ռոք-օպերան»: Այս ֆիլմով Սահակյանցի տաղանդը դրսեւորվում է շեշտակի, ինչպես բնութագրել են ժամանակինՙ հեղափոխականորեն, որովհետեւ միանգամայն անսպասելի էր նյութիՙ միջնադարյան հայ առակագիրներ Մ. Գոշի եւ Վ. Այգեկցու գործերի նրա մեկնաբանությունը, որին առնչվող շատ հետաքրքրական դրվագ է զետեղված գրքումՙ ֆիլմի առաջին դիտմանը վերաբերող: Կինոստուդիայի տնօրեն Կարեն Քալանթարը խոստովանել է, թեՙ ոչինչ չի հասկացել, նույնը կրկնել է երկրորդ դիտման ժամանակ, այնուամենայնիվ ներկայացրել է Պետկինոյի նախագահ Գեւորգ Հայրյանին: Վերջինս դիտումից հետո նույնն է ասել եւ ավելացրել. «Երբ դիտում էինք «Նռան գույնը», ես չէի ուզում ընդունել, ինձ ասացիքՙ սա Փարաջանովն է... Հիմա այս ֆիլմը չընդունեմՙ էլի նո՞ւյնն եք ասելու»: Հետագա շարադրանքում տեսնում ենք, որ ֆիլմը ԽՍՀՄ Պետկինո ներկայացնելուց հետո, ԽՍՀՄ մուլտիպլիկացիայի հիմնադիրներից, անվանի մուլտիպլիկատոր Լեւ Ատամանովը ասել է. «Ահա թե ինչպես կարելի է մուլտֆիլմ նկարել»:

Ռ. Սահակյանցի ռեժիսուրան ենթատեքստային խորք ունի, ինքնատիպ մտածողություն եւ վառ արտահայտչականություն, ամենից հատկանշականը նրա մի շարք ֆիլմերի կանխատեսումային բնույթն է, մետաֆորային մտածողությունը, ինչպես «Դասը» եւ «Քամին» ֆիլմերումՙ նկարահանված 1987-ին եւ 1988-ին: 1989-ին Կիեւում կայացած մուլտիպլիկացիոն ֆիլմերի համամիութենական առաջին փառատոնի ժամանակ կինոքննադատ Միխայիլ Գուրչեւը դրանք բնորոշել է որպես ֆանտասմագորիկ եւ սոցիալ-քաղաքական կինո. «Քամին» շատ հզոր գործ է: Դա մեր գիտակցության աղետալիությունն է, որ ժայթքում է մեծ թափով եւ սյուրռեալիստական զգացողություններով: Դա հակաուտոպիա է, աշխարհի վերջը: Ֆիլմը նկարահանված է ոչինչ եւ առաջին հերթին իր անձը չխնայող մռայլ սարկազմով»:

Գիրքը երկլեզվյա էՙ հայերեն եւ ռուսերեն, «Մուտք», «Հրաժեշտից առաջ» հիմնական բաժիններով, նախամուտքի (Յուրի Նորշտեյն) եւ վերջաբանի (Միքայել Ստամբոլցյան) խոսքերով, արվեստագետի կենսագրական տվյալներով, ֆիլմոգրաֆիայով, լուսանկարներով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4