Հայ եւ զազա երաժիշտների կատարմամբ, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում նոյեմբերի 14-ին ժամը 19-ին կկայանա համերգ` «Արարատից երկու կողմ» խորագրով: Հանդես կգան զազա երաժիշտ Միքայել Սալանը , «Ակունք» անսամբլը, Լեյլա Սարիբեկյանը եւ Դավիթ Ամալյանը : Սա զազա ժողովրդի հետ առաջին համգործակցությունը չէ, առաջին համատեղ համերգը կայացել է 2010-ին: Համերգի կազմակերպիչները ցանկություն ունեն սրանով ավելի խորացնել հայերի եւ զազաների միջեւ կապը:
Զազա ժողովուրդը հնդեվրոպական ցեղախմբին է պատկանում: Սկզբնական շրջանում բնակեցրել են Իրանի արեւմտյան մասը: Նրանց մասին տեղեկություններ կան 2-րդ դարի հուշագրություններում: Այժմ ապրում են Ուրհայի եւ Դերսիմի շրջակայքում: Ղեւոնդ Ալիշանի ազգագրական նյութերում նշվում է մեր ժողովուրդների հին կապի եւ մշակութային նմանության մասին: Անգամ Վարդավառի տոնին մեր հոգեւորականները միասին էին կատարում արարողությունը` երգում էին շարականներ, ժողովրդական երգեր:
Երաժիշտ Միքայել Սալանն առաջին անգամ Հայաստան է եկել 2000 թվականին: Փոքր տարիքից նրան հետաքրքրել է Հայաստանը, իմանալով, որ զազաների եւ հայերի մշակույթը շատ նման է, սկսել է ուսումնասիրել հայկական ժողովրդական երգերը. «Երբ փոքր էի, մայրիկիս հաճախ հարցնում էի ՙ ինչու են մեր գյուղերի մեծ մասը հայկական անուններ կրում, եւ մայրս պատմում էր հայերի ցեղասպանության մասին: Այդ է պատճառը, որ փոքրուց ցանկացել եմ գալ Հայաստան: Երկար ժամանակ է, ինչ հայկական երաժշտություն եմ ուսումնասիրում, ժամանակին դրանք մեզ մոտ էլ են երգվել: Ինձ համար կարեւոր աղբյուր հանդիսացավ Կոմիտաս վարդապետի աշակերտ Միհրան Թումաջանի մշակումները»:
Զազա երաժիշտ Միքայել Սալանը թողարկել է «Փեթակ» ձայներիզը, որն ընդգրկում է 12 հին հայկական երգեր Դերսիմից:
Անդրադառնալով «Փեթակե ձայնասկավառակին` Մ. Սալանը ավելացրեց. « Ես չեմ կարող ամեն ինչ անել հայ երաժիշտների նման , բայց կարողանում եմ լավ նմանակել: Այս աշխատանքը առաջին հերթին իմ խղճի եւ հայերի համար եմ արել: Ալբոմը պատրաստելուց հետո հասկացա, որ գտա իմ կորած մասը , այժմ ես ինձ ամբողջական եմ զգում»:
«Ակունք» անսամբլի ղեկավար Սարգիս Ալավերդյանի խոսքերով իրենք Միքայել Ասլանի հետ շփումը սկսեցին 2009թ-ին Դերսիմում կայացած ազգային-երաժշտական փառատոնի ժամանակ: «Փառատոնին Հայաստանը ներկայացրեց Միքայել Ասլանը եւ ասաց, որ մենք զազաների եղբայրներն ենք, ում Արեւմտյան Հայաստանից դուրս են արել ցեղասպանության միջոցով: «Փեթակ» ալբոմի գործիքավորումը մեզ հիացրեց, կարծում եմ, որ դա նոր երանգ կհաղորդի մեր մյուս երգերին», ասաց Ս. Ալավերդյանը:
Երաժիշտ-ֆոլկլորագետ Լիլիթ Սիմոնյանն ավելացրեց, որ հաճախ մասնագետները զազայական երգերը անվանում են քրդական, սակայն, իրականում դա այլ մշակույթ է:
Միքայել Ասլանը իր շնորհակալությունը հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանին եւ ավելացրեց, որ իրեն մեծ պատիվ է հանդես գալ «Արամ Խաչատրյանի» համերգասրահում:
ՍԱԹԵՆԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ