«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


ԱՌՅՈՒԾՆԵՐԸ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ՏԱՔ ՎԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ

Երկարամյա փորձ ունեցող միջազգային մի խումբ մասնագետներ այսօր խոսեցին Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի նախագծման մասին, որն իրականացնում են նրանք` անվճար հիմունքներով: Կենդանաբանական այգիների դիզայներ Դեյվիդ Հենքոքսն ասաց, որ նախագծի գլխավոր նպատակը կենդանիների բարեկեցությունն ապահովելն է: «Մենք պահպանում ենք ճամփեզրին գտնվող գլխավոր մուտքը: Կառուցվելու է 500 մեքենաների համար նախատեսված կայանատեղի, որը կներկայացվի լանդշաֆտային դիզայնով: Մուտքին անմիջապես կից կլինի ցուցադրություն` գայլերն ու արջերը միասին: Ըստ նախագծի` այգու առաջին զոնան կազմակերպչական մուտքն է, որտեղ մարդիկ կարող են տեղեկություններ ստանալ: Կլինեն նաեւ ճոպանուղիներ, որոնց օգնությամբ կարող ենք կանգ առնել որեւէ գոտում կամ էլ այգու գլխամասում: Զոնաներից մեկը լինելու է գիտահետազոտական, որտեղ ուղեկցորդի օգնությամբ մարդիկ կծանոթանան էնդեմիկ բուսատեսակներին եւ այնպիսի կենդանիների, որոնք ուսունասիրության կարիք ունեն: Վերջին գոտին նվիրված է Էկո ժամանցին, բայց բաց կլինի, երբ կփակվի կենդանաբանական այգին: Այստեղ մարդիկ կտեսնեն այն կենդանիները, որոնք միայն գիշերն են ակտիվ», ասաց Դեյվիդ Հենքոքսը:

«Հնարավոր չէ նախատեսել , թե ինչքան ֆինանսական միջոցներ են հարկավոր նախագիծն իրականացնելու համար: Դա պարզ կլինի միայն մեկ տարի հետո, երբ կավարտվի հատակագծի նախագծումը»,-ասաց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռոբերտ Խաչատրյանը ` հավելելով, որ անկախ նախագծի ավարտից, այգին կունենա լիարժեք կերախոհանոց եւ կլինիկա, իսկ առյուծները Նոր տարին կդիմավորեն տաք վանդակներում:

«Արթիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը նշեց, որ Հայաստանը այն երկրներից է, որտեղ բնությունը դեռ պահպանվում է: Ըստ նրաՙ Երեւանի կենդանաբանական այգին կհամապատասխանի ժամանակակից ստանդարտներին, երբ ոչ միայն կցուցադրվեն կենդանիներ, այլեւ այգին նպատակ կունենա ապահովել երեխաների դաստիարակությունն այնպես , որ նրանք գնահատեն բնությունը: Իսկ այն հարցին, թե վերջապես կազատվե՞ն այգու տհաճ հոտից, Հայկ Բալյանն ասաց. «Դա այն կարեւոր փաստն է, ինչը ստիպում է մեզ հասկանալ, որ գտնվում ենք ոչ թե սուպերմարկետում, այլ կենդանաբանական այգում»:

Ռոբերտ Խաչատրյանը հավելեց, որ կենդանաբանական այգին այլեւս կենդանիների առեւտրով չի զբաղվելու: Կենդանիները Հայաստան կբերվեն միայն գիտահետազոտական եւ վայրի բնության զարգացման համար:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4