«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


ՉԵԽԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ՖԱՎՈՐԻՏԻ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում երեկ «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեցին ընտրական 3-րդ փուլի առաջատարներ Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները: Հանդիպումը սկզբունքային նշանակություն ուներ, քանի որ հաղթողը միանձնյա կգլխավորեր աղյուսակը եւ եզրափակիչի ուղեգրի լուրջ հայտ կներկայացներ:

Դեռեւս ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ մասնագետները խմբի ֆավորիտ էին համարում Չեխիայի հավաքականին, եւ չեխերը Երեւանում հաստատեցին այդ կարգավիճակըՙ 2-0 հաշվով առավելության հասնելով տանտերերի նկատմամբ: Հյուրերը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը եւ առաջին խաղակեսի միջնամասում խաղային ու տարածքային զգալի առավելություն ունեին: Նրանք մի քանի անգամ սպառնացին Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասին: Գոլային ամենաիրական պահը ստեղծվեց 41-րդ րոպեին, երբ մոտ տարածությունից Լադիսլավ Կրեյջիի գլխի հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

Հայ ֆուտբոլիստներն աստիճանաբար հավասարեցրին խաղը եւ իրենք էլ մրցակցի դարպասը գրավելու ուղիներ էին որոնում: Հիշարժան էր 55-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանի հեռահար հարվածը, որից հետո հյուրերի դարպասապահը գնդակը մեծ դժվարությամբ հանեց անկյունայինՙ ինքը հայտնվելով ցանցում: Երկուստեք սուր գրոհներով անցած հանդիպման հանգուցալուծումը տեղի ունեցավ 76-րդ րոպեին, երբ դաշտի տերերի տուգանային հրապարակում ստեղծված խառը իրադրությունից Յան Կրամոստան գրավեց դարպասը: Հաշիվը հավասարեցնելու դաշտի տերերի ներդրած ջանքերն ապարդյուն անցան: Իսկ ահա չեխերն ավելացված ժամանակում նույն Կրամոստայի դիպուկ հարվածի շնորհիվ խփեցին 2-րդ գոլը:

Ընտրական 3-րդ խմբում կայացած մյուս խաղում Չեռնոգորիայի հավաքականը 4-0 հաշվով հաղթելով անդորրացիներին, շրջանցեց մեր ընտրանուն: Թեեւ անդրանիկ պարտությանը, Հայաստանի հավաքականը չի կորցրել ուղեգրի համար պայքարելու հնարավորությունը: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է սեփական հարկի տակ նոյեմբերի 15-ին կայանալիք խաղում անպայման հաղթել Ուելսի հավաքականին, որն իր խաղային ներուժով անհամեմատ զիջում է չեխերին:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Չեխիա431012-110
2. Չեռնոգորիա530213-69
3. Հայաստան42116-47
4. Ուելս42023-46
5. Անդորրա50050-190


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4