«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԲՈԼԻ 3-ՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ

Այսօր մայրաքաղաքի «Միկա» մարզադահլիճում կտրվի ՀՀ վարչապետի գավաթի հանդբոլի միջազգային 3-րդ մրցաշարի մեկնարկը: Հայաստանի հավաքականը պատվավոր մրցանակը կվիճարկի Վրաստանի, Ուզբեկստանի ընտրանիների եւ Կրասնոդարի ՖԻՄԱ-ի հետ հանդիպումներում: Բացման խաղում մեր հանդբոլիստները կմրցեն վրացիների հետ: Խաղը կսկսվի ժամը 14-ին: Հաջորդ օրը ժամը 12-ին մեր մրցակիցը կլինի ՖԻՄԱ-ն, իսկ նոյեմբերի 14-ին ժամը 16-ին կտրվի Հայաստան-Ուզբեկստան հանդիպման մեկնարկը:

Մրցաշարին էր նվիրված երեկ մամուլի «Ուրբաթ» ակումբում կազմակերպված հանդիպումը հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի, ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանի, ՀՀ հավաքականի խաղացողներ Սամվել Ասլանյանի եւ Հայկ Կարապետյանի հետ:

  Սարգիս Գրիգորյանն ուրախությամբ նշեց, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է հանդբոլի միջազգային մրցաշարը, որի նպատակն է հանրապետությունում մարզաձեւի տարածումն ու զարգացումը: Նա նշեց, որ անցյալ տարի Վանաձորում անցկացված մրցաշարում հայ հանդբոլիստները մեծ հաջողության հասանՙ հաղթելով Վրաստանի եւ Իրանի ուժեղ հավաքականներին ու գրավեցին 2-րդ տեղը:

Ֆեդերացիան այս տարի էլ խնդիր է դրել ուժեղ հավաքականով ներկայանալ մրցաշարին: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ Հայաստանի հավաքականում ընդգրկվել են ֆրանսահայ 9 հանդբոլիստներ: Բացի այդ, թիմի կազմն ուժեղացրել են Գերմանիայում բնակվող, բունդեսլիգայի առաջնությունում հանդես գալու փորձ ունեցող Հովհաննես եւ Հայկ Կարապետյանները, ինչպես նաեւ մերձմոսկովյան «Չեխովսկիե մեդվեդի» թիմի ճանաչված խաղացող Սամվել Ասլանյանը: Նշենք, որ եղբայրները ստորջրյա լողի Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, մեր անվանի նախկին մարզիկ Շավարշ Կարապետյանի եղբորՙ Անատոլիի որդիներն են: Նրանց հայրը եւս հայտնի լողորդ է եղել, իսկ մայրըՙ Լյուբա Բուդաղյանը նախկին հանդբոլիստուհի է, Հայաստանի բազմակի չեմպիոնուհի, մեր երկրի հավաքականի կազմում մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի:

  Սամվել Ասլանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի հավաքական հրավիրելու համար: Նա արդեն հասցրել է ծանոթանալ թիմի տղաներին, մարզվել է նրանց հետ: Սամվելը խոստացավ ուժերի ներածի չափով նպաստել հավաքականի հաջող ելույթներին: Նրա կարծիքով ՀՀ հավաքականը լուրջ մրցակից կլինի եւ կարող է հաջողության հասնել այս մրցաշարում:

  Հայկ Կարապետյանի առաջին տպավորություններն էլ թիմից դրական են: Ճիշտ է, մարզադահլիճի փոքր չափսերն իր համար մի փոքր անսովոր են: Նա գտնում է, որ հարկավոր է ավելի շատ հանդիպումներ անցկացնել, որպեսզի հայ հանդբոլիստները մրցակցային փորձ ձեռք բերեն: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ հանդբոլը ծախսատար մարզաձեւ է, իսկ նման մեկ մրցաշարի կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը հոգացել են հովանավորները, որոնցից շնորհակալ է: Ֆեդերացիայի տարեկան բյուջեն 18 մլն դրամ է, ինչն իհարկե բավարար չէ մարզաձեւը հանրապետությունում զարգացնելու համար: Սակայն վերջին 5 տարիներին շատ բան է արվել ու այսօր ունենք մինչեւ 14-15, մինչեւ 17 տարեկանների պատանեկան 20-ական թիմեր, որոնք հետագայում պետք է կադրեր պատրաստեն մեր հավաքականների համար:

Ինչպես նշեց Հարություն Մելքոնյանը , մրցաշարի օրերին Երեւանում կանցկացվի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլը, ինչը հնարավորություն կտա պատանի հանդբոլիստներին ներկա գտնվելու «Միկա» մարզադահլիճում կայանալիք վարչապետի գավաթի խաղարկությանը: Մուտքը մարզադահլիճ ազատ է: Այնպես որ ֆեդերացիան հրավիրում է մարզասերներին ներկա գտնվելու խաղերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4