ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՀՀ անկախութեան 20-ամեակի առիթով լրատուամիջոցները անընդհատ հոլովում էին անկախութիւն բառը` ցոյց տալով դրա կարեւորութիւնը եւ այլն, բայց ոչ մի լրատուամիջոց հիմնովին չանդրադարձաւ Պարոյր Հայրիկեանի գլխաւորութեամբ այդ գաղափարի համար 1987 թ.վերջերից պայքարող սակաւաթիւ անձանց, որոնցից մէկը խմբագրում էր կայսրութեան ամենաընդդիմադիր «Անկախութիւն» թերթը... «Անկախութիւն» թերթի լոյս ընծայման եւ Հայաստանի Հանրապետութեան 70-ամեակը առաջին անգամ նշելու վերաբերեալ հանրապետութեան մամուլն ու այլ լրատուամիջոցները 2007 թ. սկսած տարածում են բազմաթիւ սխալներ եւ փաստերի ու իրողութիւնների խեղաթիւրումներ: Թերթի յօդուածների եւ ուղղութեան պատմական նշանակութեան եւ դերի մասին ճիշտ տուեալներ հրապարակելով հանդերձ, չի նշւում այդ ամէնը տնօրինողի ու հեղինակի` ԱԻՄ-ի գաղափարական գիծը առաջնորդող խմբագրի` տողերիս հեղինակի անունը, որը թերթը խմբագրել է մինչեւ 1989 թ. սեպտեմբերը, երբ թերթը Արցախականի (Արցախեան ազատամարտ) ոսկեդարում անվերապահօրէն առաջնորդող եզակի ու առանցքային դեր էր կատարում: Յիշատակածս եւ իրական պատմութիւնը խեղաթիւրող այլ սխալները սրբագրելու նպատակով հանրութեան ուշադրութեանն եմ յանձնում սոյն յօդուածը:
1987 թ.սեպտեմբերին իբրեւ Պարոյր Հայրիկեանի հիմնելիք կազմակերպութեան հետ գործակցութեան քաղաքական ուղեգիծ, առաջարկեցի 1980 թ. անստորագիր հրապարակածս «Թուղթ ընդհանրական» եւ 1987 թ. օգոստոսին գրածս «Յորդորակ» քաղաքական աշխատութիւնները, որոնք դարձան մեր գործունէութեան ծրագրերը: Այդպէս ես միացա նրա հիմնած Ազգային ինքնորոշում միաւորում անուանեալ խմբին: Չորրորդ համարից (1987 թ. նոյեմբերի 14-ից) Համազասպ ծածկանունով դարձայ «Անկախութիւն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիրը (թերթի առաջին երեք համարները մեքենագրեալ մէկուկէս-երկու էջանոց բաներ էին: Ստանձնելով թերթի խմբագրութիւնը, շաբաթաթերթի էջերի քանակը հասցրեցի 20-25 էջի): Հայրիկեանի հետ պայմանաւորուել էինք, որ նա զբաղուի կազմակերպչական գործով, եսՙ մնալով ընդյատակում, գաղափարական հարցերով, ուստի թերթը եւ կազմակերպութեան գաղափարական ոլորտը բացառապէս տնօրինում էի ինքս: 1988 թ. մարտի 25-ին Հայրիկեանի եւ միաւորման միւս բացայայտ անդամների ձերբակալութիւնից յետոյ կազմակերպութեան փակուելը կանխեցի ինքս, երբ մօտ երեք ամիս մէն-մէնակ կազմում, բազմացնում, տարածում էի թերթը, որի շարունակուելը հաւաստում էր կազմակերպութեան գոյութիւնը:
«Անկախութիւն»-ը երկար ժամանակ արցախեան համայնամարտի առաջին ու երկար ժամանակ միակ պաշտօնաթերթն էր, իսկ եսՙ ԱԻՄ-ի գաղափարական ղեկավարը, կարելի է ասել նաեւՙ ընդհանուր ղեկավարը, քանի որ Հայրիկեանի ձերբակալութիւնից, այնուհետեւ երկրից վտարումից յետոյ իմ վրայ ընկաւ նաեւ կառոյցի կազմակերպական պատասխանատուութիւնը, որը իրականացնում էի Մեխակ Գաբրիէլեանի հետ:
Դեռեւս մինչեւ Արցախի մարզխորհրդի 1988 թ. փետրուարի 20-ի պատմական որոշումը, մեկնաբանելով Արցախը Հայաստանին վերամիաւորելու պահանջով մարզի բնակչութեան համատարած դիմումները, գրեցի որ Արցախը փաստացի միացել է Հայաստանին. (տե՛ս «Անկախութիւն», 1988 թ. փետրուարի 22, էջ 1,3): Երբ այդ որոշումից ոգեւորուած ՙ բոլորը կարծում էին թէ հարցը լուծուած է, որ Մոսկուան վաւերացնելու է որոշումը, յայտարարեցի որ Կրեմլը մերժելու է Արցախի արդար պահանջը եւ այդ մերժումից հայութեան ուշքը շեղելու համար հրահրելու է հայ-ադրբեջանական զինեալ բախում: Դեռ մինչեւ Սումգայիթի (1988թ. փետրուարի 27) եւ Ադրբեջանի միւս վայրերում կազմակերպուած ջարդերը զգուշացրեցի, որ Մոսկուան այդ քայլից յետոյ Ադրբեջանի կոմկուսի ղեկավարութեան ձեռքով Ադրբեջանում սկսելու է հայերի կոտորածներ, ապա մեծ «ուշացումով կասեցնելու է կոտորածը» (տե՛ս «Անկախութիւն», 1988 թ. փետրուարի 22, էջ 13): Ելքը գտնում էի մէկը. հայերս Արցախը պիտի ոչ թէ իրաւազուրկ Ադրբեջանից պահանջենք, այլ մեր տարածքները Ադրբեջանին յանձնած Մոսկուայից (տե՛ս ԱԻՄ ստորագրութեամբ իմ գրած 1988 թ. փետրուարի 24-ի կոչը Եւրոխորհրդարանին, ՄԱԿ-ին եւ այլուր («Անկախութիւն»), 1988 թ. փետրուարի 29, թիւ 19):
Ազատամարտի հենց սկզբից գրել եմ, որ շարժումը հրահրել է Մոսկուան, որ Ղարաբաղ կոմիտէի դրածոյ ղեկավարների միջոցով Կրեմլը կարողանում է վերահսկել շարժումը («Անկախութիւն». 1988 թ. մարտի 7, թիւ 20, էջ 2-3), «որը սակայն վերածուեց ազգային-ազատագրական շարժման» (տե՛ս «26 փետրուարի» եւ «27 փետրուարի» վերտառութեամբ լուրերը. «Անկախութիւն»,1988թ., փետր. 29, թիւ 26, 1988 թ. մարտի 7, թիւ 20, էջ 2-3) :
«Անկախութիւն»-ի առաջին օրինակները Ղարաբաղ կոմիտէի անդամ Ս.Գեւորգեանի եւ Ռաֆայէլ Իշխանեանի խողովակով միշտ հասցնում էի Ղարաբաղ կոմիտէին, որի վրայ թերթը վճռական ազդեցութիւն էր ունենում:
«Անկախութիւն» թերթը անառարկելի հեղինակութիւն ուներ գրեթէ բոլոր շրջանակներում: Այն փաստօրէն շարժման պաշտօնաթերթն էր եւ իմ գրած թռուցիկների ու յորդորակների միջոցով հիմնականում այդ թերթն էր առաջ տանում գաղափարական գործը:
Մի քանի ամիս (1988թ. մարտ-մայիս) միաւորում փաստօրէն գոյութիւն չունէր: Կար միայն թերթը: Ես գրում էի, Մեխակ Գաբրիէլեանը տպում էր: Մնացած մի քանիսի մասնակցութիւնը գործին զուտ խորհրդանշանական իմաստ ունէր:
1988 թ.մարտի 24-ին Կրեմլը Երեւանում ռազմական դրութիւն մտցրեց: Ոչ մի կազմակերպութիւն, առաւել եւս Ղարաբաղ կոմիտէն, չէր համարձակւում որեւէ հանրահաւաք կամ ցոյց անել: Մարտի վերջերից մինչեւ ապրիլի սկիզբը կարողացայ ԱԻՄ-ի ձերբակալուած ղեկավար Պ. Հայրիկեանի եւ միւս 3 ձերբակալուածների կանանց եւ մերձաւորների մասնակցութեամբ նրանց ազատ արձակումը պահանջող մի քանի ցոյց կազմակերպել Հանրապետութան հրապարակում, որին իմ խնդրանքով ներկայ էին լինում յայտնի մտաւորականներ: Այդ ցոյցերը կամաց-կամաց վերացրին ժողովրդի վախը, պայքարը դարձեալ մտաւ հունի մէջ: Իբրեւ ԱԻՄ- ի ղեկավար, կազմակերպեցի նաեւ 1988 թ.ապրիլի 24-ի վիթխարի ցոյցը, որին մասնակցեց մօտ երեք հարիւր հազար մարդ: Գրել էի այդ ցոյցին պարզած կարգախօսների մեծ մասը: Փաստօրէն ապրիլ 24-ի ցոյցից յետոյ շարժումը դարձեալ հասաւ բարձրակէտին: 1988 թ. մարտ-ապրիլ ամիսներին ոչ մի ոչ պաշտօնական թերթ կամ թռուցիկ չէր տպագրւում` «Անկախութիւն» շաբաթաթերթից եւ այդ թերթում տպագրուող ու նաեւ առանձին տարածուող ԱԻՄ ստորագրութեամբ թռուցիկներից բացի:
Դարձեալ ԱԻՄ-ի անունով Մեխակ Գաբրիելեանի օգնութեամբ նախապատրաստեցի ու կազմակերպեցի Հայաստանի Հանրապետութեան 70-ամեակի աննախադէպ տօնակատարութիւնը օպերայի հրապարակում: Հանրապետութեան 70-ամեակի տօնակատարութիւնը նախապատրաստելու ընթացքում գրեցի մի քանի թռուցիկներ, նաեւ նամակներ, կազմակերպեցի դրանց տակ ստորագրահաւաքը (յայտնի մտաւորականներից նամակի տակ ստորագրեցին միայն նկարիչ Սէյրան Խաթլամաճեանը, դերասան Վոլոդիա Աբաջեանը եւ բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը): Իշխանութիւնները միաւորման անդամներին վախեցրել էին, որ եթէ եռագոյնը պարզուի, զինուորները տանկերով պիտի լխճեն ժողովրդին: Իմ վճռական պահանջով Սուսաննա Սաֆարեանի ջանքերով եռագոյնները կարեցին եւ մայիսի 28-ին օպերայի հրապարակում ծածանուեց 7 եռագոյն: Հանրահաւաքը բացեց եւ վարեց Մեխակ Գաբրիելեանը, իսկ Մովսէս Գորգիսեանը կարդաց գրածս երկու յայտարարութիւնները: Հանրահաւաքին իմ խնդրանքով ելոյթ ունեցան պրոֆեսորներ Վարագ Առաքելեանն ու Ռաֆայէլ Իշխանեանը: Ի դէպ, հարթակ բարձրանալիս, իմ առաջարկով եռագոյնը առաջինը պարզեց պրոֆ. Վ. Առաքելեանը:
1988 թ. սեպտեմբերի 9-ին Ղարաբաղ կոմիտէին մի կերպ համոզեցի ինձ ելոյթ ունենալու թոյլտուութիւն տալ: Այդ ելոյթի վերջում մօտ հարիւր հազար ներկաներին վանկարկել տուեցի «Անկախութիւն», որը այդ ժամանակների համար անհաւատալի բան էր, քանի որ Ղարաբաղ կոմիտէն եւ ընդհանրապէս մեզանից բացի բոլորը կարծում էին, թէ անկախութեան պահանջը Արցախի միացումը կը խափանի: Մի խօսքովՙ 100 հազար հայ միասին վանկարկեցին «անկախութիւն»: