Արդարահատույց գործողության 90-ամյակի առթիվ
ՌՈՄԻԿ ՀՈՎՆԱՆՅԱՆ, «Վան-Վասպուրական» հայրենակցական ՀԿ նախագահ
Այս նշանավոր ժողովրդական վրիժառուի անունը առաջին անգամ լսել եմ 1967-ին, երբ երկար տարիների բացակայությունից հետո ԱՄՆ-ից Երեւան էր եկել մեկ այլ նշանավոր վրիժառու` վանեցի Տաճատ Թերլեմեզյանը, որը մեր տանը տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ պատմեց այն, ինչի մասին տարիներ անց կարդացի հենց իր` Ա. Շիրակյանի «Կտակն էր նահատակներուն» ինքնակենսագրական պատումներում: Ա. Շիրակյանը ծնվել է 1900 թվի հունվարի 1-ին Կ. Պոլսում, որտեղ էլ անցնում են նրա մանկությունն ու պատանեկությունը:
1914 թվին պայթեց Առաջին աշխարհամարտը եւ Թուրքիան մտավ պատերազմի մեջ ընդդեմ Ռուսաստանի: Այդ օրերին Կ. Պոլիսը հիշեցնում էր ոստիկանական քաղաք, որտեղ հայերի տներում ամենուրեք կատարվում էին խուզարկություններ եւ ձերբակալություններ: Շիրակյաննների տունը պատերազմի տարիներին դարձել էր հայ ազգային-հասարակական գործիչների, մտավորականների հավաքատեղի, որտեղ քննարկվում էին Թուրքիայում եւ ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները, կատարվում վերլուծություններ եւ հետեւություններ ազգային հարցերի շուրջ: Այդ բոլորին ականատես էր լինում պատանի Արշավիրը` իր մասնակցությունը բերելով քննարկումներին, հաղորդելով լուրեր թուրքերի միջավայրում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մասին: Որոշ ժամանակ անց նրան ներգրավում են «գործի» մեջ` հանձնարարելով զենքեր հայթայթելու եւ գաղտնարաններում տեղավորելու աշխատանքը: Կ. Պոլսի հայ բնակչությունը ահ ու դողի մեջ էր: Կ. Պոլիս էին հասնում լուրեր Օսմանյան կայսրության հայաշատ գավառներում զանգվածային տեղահանությունների եւ կոտորածների մասին: Երիտթուրքերի պարագլուխները օգտվելով պատերազմի ընձեռնած հնարավորությունից ի կատար ածեցին իրենց մտահղացած ոճրագործությունը` հայերի ցեղասպանությունը: Այդ ցեղասպանության կազմակերպիչներին եւ նրանց օժանդակող մատնիչ-գործակալներին խստորեն պատժելու համար ՀՅԴ-ն, որին անդամագրված էր նաեւ Արշավիրը, ծրագրեց եւ ստեղծեց մի հատուկ կառույց` Պատասխանատու մարմին#: Այդ կառույցում ընդգրկվեցին ամենաքաջ եւ հանդուգն հայորդիները: Եվ ահա 20-ամյա Արշավիրը ներկայանում է Պատասխանատու մարմնին# եւ առաջարկում իրեն հանձնարարել մատնիչ, հայազգի թուրքական ոստիկան Վահե Իհսանին պատժելու գործը: Մարմնի ղեկավար ընկերները սկզբում տարակուսում են, սակայն փորձելու համար նրա ընդունակությունները, սկզբից հանձնարարում են մի «ստուգողական» աշխատանք: 1920 թ. մարտի 3-ին Արշավիրն ստանում է առաջին կրակի մկրտությունը: Այդ օրը որպես ուղեկցող նա պետք է ապահովեր եւ հսկեր ընկերոջը, որը զենք էր տեղափոխում գիշերով: Անսպասելիորեն հայտնված ոստիկանները կասկածելով ընկերոջը հրամայում են կանգնել: Կողմնորոշվելու ժամանակ չկար, եւ Արշավիրը հանելով ատրճանակաը, կրակում է ոստիկանների վրա: Սկսվում է փոխհրաձգություն եւ օգտվելով դրանից, նրանց հաջողվում է փախչել եւ ապահով զենքերը տեղ հասցնել: Այս առաջադրանքը բարեհաջող կատարելուց հետո, Պատասխանատու մարմինը ձեռնամուխ է լինում իր «սեւ ցուցակում» հայտնված մատնիչ Վահե Իհսանին վերացնելուն: Այդ դահիճը պատերազմի ընթացքում զբաղված էր հայերին պատկանող տների խուզարկություններով եւ ձերբակալություններով: Նա գիտեր, որ իրեն հետեւում են, եւ աշխատանքի գնում ու վերադառնում էր թիկնապահների հսկողությամբ: Մատնիչին վերացնելը հանձնարարվում է Արշավիրին` նրան տալով ընդամենը մեկ շաբաթ ժամանակ:
1920 թ. մարտի 27-ի առավոտյան Արշավիրը տանից դուրս է գալիս առաջադրանքը կատարելու վճռականությամբ: Պատժական գործողությունը հսկելու եւ անհրաժեշտության դեպքում Արշավիրին օգնելու հստակ հանձնարարությամբ դեպքի վայր է ուղարկվում Արշավիր Փափազյանը (հետագայում ծառայել է Հայկական բանակում եւ զոհվել մարտական առաջադրանք կատարելիս): Կ. Պոլսի Թալաբաշ փողոցում հանդիպելով դեմ առ դեմ եկող մատնիչ-դավաճանին Արշավիրը կրակում է նրա վրա: Դավաճանը անցորդներից օգնություն է խնդրում, փորձում է փախչել, սակայն ընկնում է գետնին: Արշավիրը նետվում է նրա վրա եւ ատրճանակի ողջ պարունակությունը պարպում նրա գլխին: Մի քանի քայլ հեռանալուց հետո նա նորից հետ է վերադառնում ստուգելու համար իր գործողության արդյունքը: Բնականաբար, ամբոխը հավաքվում է նրա շուրջը, եւ նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար Արշավիրը ցուցադրաբար լիցքավորում է ատրճանակը եւ այն օդում սպառնալից թափահարելով եւ ճանապարհ բացելով` դեպքի վայրից արագ հեռանում է: Կ. Պոլսում մնալն այլեւս վտանգավոր էր: Նա մեկնում է Բաթում, այնտեղից էլ` Թիֆլիս եւ 1920 թ. հունիսին հասնում Երեւան: Հայաստանի ռազմական նախարար Ռ. Տեր-Մինասյանի միջնորդությամբ նա աշխատանքի է անցնում ոստիկանությունում, կատարելով կարեւոր առաջադրանքներ: Չորս ամիս Հայաստանում մնալուց հետո Ռ. Տեր-Մինասյանը Արշավիրին հրավիրում է իր բնակարանը, որտեղ ծանոթացնում է անվախ վրիժառու Արամ Երկանյանի հետ:
Ռուբենը նրանց հայտնում է, որ ինքը տեղեկություն ունի, որ Ադրբեջանը թուրք սպաների ղեկավարությամբ կազմել է մի ստվար բանակ Հայաստանի վրա հարձակվելու համար: Հարձակման վտանգը մեծ էր, ուստի Ռուբենը հանձնարարում է Արշավիրին ու Արամին անցնել Բաքու եւ գնդակահարել Խալիլ եւ Էնվեր փաշային:
Արշավիրն ու Արամը Բաքու պետք է մեկնեին Թիֆլիսի վրայով: 1920 թ. նոյեմբերի 17-ին նրանք արդեն Թիֆլիսում էին: Սակայն Բաքու մեկնելուց մի քանի օր առաջ վրացական ոստիկանությունը պատահաբար, թե ոչ պատահաբար նրանց ձերբակալում է, հայտնաբերում նրանց թուրքական անձնագրերը, դրամները եւ առանց հարցաքննության նետում Մետեխի բանտը, ենթարկում տանջանքների: Որոշ ժամանակ անց Մետեխի բանտից Քութաիսիի բանտ տեղափոխելու ճանապարհին ընկերների օգնությամբ նրանք կարողանում են փախչել եւ ազատվել: Բաքու մեկնելը այլեւս անհրաժեշտ չէր, եւ ՀՅԴ-ի Պատասխանատու մարմինը հրահանգ է ուղարկում Թիֆլիս` երկուսին էլ Կ. Պոլիս ուղարկելու մասին:
Մի քանի ամիս Կ. Պոլսում մնալուց հետո, Պատասխանատու մարմնի որոշումով Արշավիրը ուղարկվում է Հռոմ` ի կատար ածելու այնտեղ ապաստանած Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալիմ փաշայի նկատմամբ որոշված մահապատիժը: 1921 թ. հունիսին ազգությամբ հույն Արսիլ Սիրակ անունը կրող կեղծ անձնագրով նա մեկնում է Մարսել, իսկ այնտեղից էլ Հռոմ: Ժամանելով Հռոմ նա անմիջապես ձեռնամուխ է լինում թուրք ոճրագործների որոնման աշխատանքներին, որի ընթացքում տեսնում է արտգործնախարար Բեքիր Սամի Բեյին, Դոկտոր Նազըմին, Կարինի ջարդարար կուսակալ Հասան Թահսիին, իսկ երկու անգամ էլ պատահականորեն նկատում է Էնվեր Փաշային, սակայն հարմար առիթ չի լինում հաշիվները վերջինիս հետ «մաքրելու» համար: Հետախուզություն կատարելու ընթացքում վրիժառուն իմանում է, որ երտթուրքերի պարագլուխները Հռոմում պատրաստվում են մեծ համաժողով կազմակերպել Սայիդ Հալիմ փաշայի նախագահությամբ: Մտածելով, որ երիտթուրերի պարագլուխներին պատժելու հարմար պահը շուտով ներկայանալու է, նա անմիջապես հեռագրում է Կ. Պոլիս` շտապ կարգով Հռոմ ուղարկելու Արամ Երկանյանին, սակայն Պատասխանատու մարմինը Արամի հետ կապված այլ խնդիր ուներ (նրան հանձնարարված էր վերացնելու Բեհաեդդին Շաքիրին), այդ պատճառով էլ մերժում են: Արշավիրին հաջողվում է գտնել Սայիդ Հալիմի բնակարանը, ճշտորեն ուսումնասիրել նրա սովորությունները եւ երթեւեկները: 1921 թվի դեկտեմբերի 5-ի ցերեկվա ճիշտ ժամը 1-ին փաշան սովորականի նման դուրս է գալիս տանից եւ կառքով մեկնում զբոսանքի: Երկու ժամ հետո պետք է վերադառնար: Այդ ընթացքում Արշավիրը հերթապահում է փաշայի տան մոտ եւ սպասում: Ճիշտ ժամանակին լսվում է ձիակառքի զանգուլակների ձայնը, եւ երեւում է կառքը: Կառքի մեջ էր Սայիդ Հալիմ փաշան իր թիկնապահի հետ: Փորձելով փակել ձիերի ճանապարհը Արշավիրը մի ոստյունով ցատկում է կառքի ոտնատեղի վրա: Սարսափով պատած փաշայի աչքերը հանդիպում են վրիժառուի աչքերին: Նա ուզում է բան ասել թիկնապահին: Ակնթարթորեն ատրճանակն ուղղելով փաշայի քունքին` Արշավիրը կրակում է: Լսվում է մի խռպոտ ձայն եւ Սայիդ Հալիմ փաշան տապալվում է կառքի մեջ, իսկ նրա թիկնապահն ու կառապանը վախից «մեխվում» են տեղում: Գլխարկն ու վերարկուն հանելով ու դեն շպրտելով` վրիժառուն, ի ցույց շրջապատի, ատրճանակը սպառնալից թափահարելով մի քանի փողոց անցնելով կարողանում է հետքը կորցնել եւ բարեհաջող հեռանալ:
Հալիմ փաշայի ահաբեկումից հետո երիտթուրք ոճրագործները հասկացան, որ իրենք նշանառության տակ են եւ այդ պատճառով էլ փախան Հռոմից: Հռոմում Արշավիրն ավարտեց իր գործը: Այնտեղ մնալն այլեւս անիմաստ էր եւ վտանգավոր: Նա մեկնում է Վենետիկ, այնտեղից էլ Վիեննա: Ապա հակառակ բոլոր զգուշացումներին եւ հորդորներին, արհամարելով բոլոր վտանգները, 1922 թ. հունվարի 11-ին վերադառնում է Կ. Պոլիս: Այս անգամ նրան հայտնում են, որ հաջորդ գործողության վայրը լինելու է Բեռլինը:
1922 թվի փետրվարյան մի ցուրտ օր Արշավիրը մի քանի ընկերներով Կ. Պոլսից շոգենավով մեկնում է Կոնստանցա, այնտեղից էլ Վիեննա, որտեղ նրանց էր սպասում Շահան Նաթալին, որը Պատասխանատու մարմինի կողմից նշանակվել էր «Բեռլինյան գործողության» ղեկավար: 1922 թ. փետրվարի 24-ին Վրիժառուների խումբը ժամանում է Բեռլին ի կատար ածելու այնտեղ ապաստանած երիտթուրքերի գաղափարախոս, հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին Բեհաէդդին Շաքիրին եւ Տրապիզոնի ճիվաղ կուսակալ Ջեմալ Ազմիին մահապատժի ենթարկելու վճիռը: Վրիժառուներին արագորեն հաջողվում է հայտնաբերել Ջեմալ Ազմիի խանութի եւ բնակարանի տեղը եւ խիստ հսկողություն սահմանել նրանց վրա:
Ազմիի խանութը թուրք մեծամեծների ժամադրավայրն էր, եւ այդ պատճառով վրիժառուները մտադիր էին ներս խուժել եւ մեկ հարվածով ոչնչացնել բոլորին: Հարվածի ազդանշանը պետք է տար Հրաչ Փափազյանը, որը թափանցել էր Ջեմալ Ազմիի շրջապատ` որպես թուրք ուսանող Մեհմեդ Ալի:
Բեռլին ժամանելու երկրորդ օրը Շահան Նաթալին արգելեց վրիժառուների խմբին երկու շաբաթով երեւալ Ազմիի խանութի ու տան կողմերը: Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանատնից հեռագիր էր ուղարկվել Բեռլին, որով հայտնվում էր, թե ահաբեկիչներ են ժամանել Բեռլին` սպանելու Շաքիրին եւ Ազմիին: Այս լուրը հայտնել էր Հրաչ Փափազյանը:
Հետապնդումները հայտնաբերեցին, որ Ջեմալ Ազմին ամեն առավոտ կանոնավոր կերպով ժամը 9-ին գնում էր խանութ եւ վերադառնում երեկոյան 6-ին եւ ոչ մի կասկած չէր ցուցաբերում, թե իրեն հետապնդում են: Դրան հակառակ Բեհաէդդին Շաքիրը զգում էր վտանգը, շատ զգուշավոր էր եւ տանից դուրս էր գալիս եւ վերադառնում թիկնապահի ուղեկցությամբ:
Արշավիրին հաջողվում է մի սենյակ վարձել Ազմիի խանութի շրջակայքում: Պարզվում է, որ այդ տունը պատկանում է ոստիկանության բարձրաստիճան սպայի, ինչը հետագայում օգտակար է լինում Բեռլինից անվտանգ հեռանալու համար: Չափելով ոճրագործների տների հեռավորությունները Ազմիի տանից ու խանութից, վրիժառուները գտնում են, որ ահաբեկման ամենահարմար վայրը Ջեմալ Ազմիի տան առաջն է: Տան աջ ու ձախ կողմերից բացվող փողոցները շատ հարմար էին փախուստի համար:
Մարտի 15-ին Բեռլինում ապաստանած թուրք ոճրագործների ամբողջ ոհմակը հավաքվել էր Թալեաթի տանը, նշելու նրա սպանության տարելիցը: Սակայն վրիժառուների խումբը անտեղյակ էր այդ միջոցառումից: Այլապես Թալեաթի սպանության տարելիցը «կտոնվեր» ըստ արժանավույն: Այնտեղ, որտեղ մեկ տարի առաջ փռվել էր Թալեաթի դիակը, կփռվեր դիակների մի ամբողջ կույտ: Սակայն պահը բաց էր թողնված եւ հաջորդ օրը Շահան Նաթալին շանթ ու որոտ տեղաց այն անձի վրա, որը պատասխանատու էր լուրը ժամանակին հայտնած չլինելու համար` սպառնալով նրան հեռացնել Բեռլինից:
Ժամանակն անցնում էր, իսկ գործը` ուշանում: Պատասխանատու մարմինը խմբից պահանջեց արագացնել գործը կամ հետ վերադառնալ: Այս վերջին պահանջը ուղղակի անպատվաբեր էր Արշավիրի եւ Արամի համար: Նրանք Պատասխանատու մարմնից խնդրեցին երկու շաբաթով երկարացնել պայմանաժամը: Վերջինս համաձայնվեց, սակայն որոշակի խիստ պայմաններով: Դրանք հետեւյալն էին. 1) երկու մեծամեծ թուրք ոճրագործներ պետք է գնդակահարվեն միաժամանակ, որոնցից մեկը անպայման պետք է լինի Շաքիրը, 2) գործողությունը պետք է կատարվի գիշեր ժամանակ եւ մեր կողմից զոհ չպետք է լինի: Այս կարգադրությունը կրկնվում էր ամեն օր: Շահանը տղաներին հորդորում էր լինել զգույշ եւ համբերատար: Ապրիլի 8-ի երեկոյան Արշավիրը տեսնում է Շաքիրին, որը կնոջ հետ գնում էր Ազմիի տուն: Նա անմիջապես գնում է «Ռեգինա» հյուրանոց, գտնում Արամին, ապա երկուսով վերադառնում Ազմիի տան մոտ եւ սպասում: Երկու ժամ անց Շաքիրը դուրս է գալիս կնոջ հետ եւ մեկնում: Պահը շատ հարամր էր, սակայն որոշման դեմ գնալ չէր կարելի, եւ Վրիժառուները սրտնեղած վերադառնում են տուն:
Վերջապես գալիս է 1922 թվի ապրիլի 17-ի մեռելոցի օրը: Ինչպես ամեն մի քրիստոնեական քաղաքում, այնպես էլ Բեռլինում, ամեն մեկը մի փունջ ծաղիկ ձեռքին գնում է գերեզմանատուն իր հանգուցյալների հիշատակը հարգելու: Իսկ վրիժառուների խումբը հավաքվել էր Շահանի շուրջը` լսելով նրա կարգադրությունները: Վերջինս դառնալով Արշավիրին եւ Արամին կես-լուրջ, կես-կատակ ասում է, որ գիշերը երազում տեսել է պատարագի արարողություն Բեռլինի մեջ` հիշատակ մեռելոց եւ հանկարծ լսել հայ եկեղեցու մահերգը` «Ի վերին Երուսաղեմ...»: Պատրաստ եղեք, տղաներ, ասել էր նա, պատարագը այսօր պիտի կատարվի:
Այդ օրը թուրքերը հավաքույթ ունեին: Նրանք հրավիրված էին ճաշկերույթի Կ. Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի Բեյի տանը: Երեկոյան տունը արտակարգ լուսավորված էր, ինչը ցույց էր տալիս, որ այնտեղ հյուրեր են հավաքվել: Պատեհ առիթը ստեղծված էր, եւ այն այլեւս բաց թողնել չէր կարելի: Վրիժառուները թե՛ հոգեբանորեն եւ թե՛ ֆիզիկապես պատրաստ էին ի կատար ածելու արդար դատավճիռը: Մնում էր համբերատար հսկել եւ սպասել մինչեւ ավարտվեր թուրքերի հավաքույթը: Վերջապես, երեկոյան ժամը 11-ին բացվեց Ազմի Բեյի տան դուռը, եւ հյուրերը հրաժեշտ տալով տան տիրոջը, դանդաղ սկսեցին շարժվել Ջեմալ Ազմիի տան ուղղությամբ: Առջեւից քայլում էր տիկին Թալեաթի հոգածուն` Ռուհսի Բեյը (ափսո՜ս, որ նրա անունը չկար ցուցակում), այնուհետեւ Ջեմալի ու Շաքիրի կանայք իրենց երեխաներով, վերջում տիկին Թալեաթը (Հայրիե), Ջեմալ Ազմին եւ Բեհաէդդին Շաքիրը, որոնց հսկում էր թիկնապահը: Այսպես քայլերով նրանք հասան Ջեմալ Ազմիի տան մուտքի մոտ: Կտրելով փողոցը` Արշավիրն ու Արամը անցան դիմացի մայթը եւ հայտնվեցին նրանց հետեւում: Մեքենայաբար խաչակնքելով դեմքը եւ «Արամ, իմ հետեւից» ասելով առաջինը խմբի վրա գրոհեց Արշավիրը: Նա մի ուժգին հարվածով գետին տապալեց Թալեաթի կնոջը, որը սաստիկ ճիչ արձակեց: Այդ ճիչի վրա Ջեմալ Ազմին շրջվեց եւ տեսավ իրեն ուղղված ատրճանակը: Հաջորդ ակընթարթին լսվեց կրակոց, եւ Ջեմալ Ազմիի անշնչացած մարմինը փռվեց մայթի վրա: Երկրորդ գնդակը Արշավիրն ուղղեց Շաքիրի ճակատին, բայց վրիպեց: Գնդակը մխրճվել էր նրա այտի մեջ: Շաքիրը դեռ ոտքի վրա էր եւ փորձում էր հանել ատրճանակը, բայց այդ պահին թիկնապահին զինաթափած Արամը վրա հասավ եւ կրակեց ճիվաղի գլխին: Գնդակը ծակեց Շաքիրի սեխաձեւ գանգը եւ դուրս եկավ ճակատից, դաղելով այն ուղեղը, որը մտահղացել էր կազմակերպել հայերի ցեղասպանությունը: Վախից բոլորն էլ գետնին էին պառկել, միայն Ռուհսի Բեյն էր ձեռնամարտի բռնվել Արշավիրի հետ: Արամը երկու գնդակ ուղարկեց նրանց գլխավերեւով: Երկուսն էլ ընկան: Արշավիրի ձեռքից թռավ ատրճանակը: Թալեաթի կինը փորձեց բռնել Արշավիրին, բայց Արամը մաուզերը դեմ տալով նրա կրծքին, սպառնաց կրակել: Եվ միայն հաջորդ ակնթարթին Արշավիրը ճարպկորեն վեր ցատկեց եւ «Արամ էլ մարդ չխփես» բացականչելով անհայտացավ: Դրանից հետո մի քանի կակոց էլ գիշերային լամպերի ուղղությամբ արձակելուց հետո բարեհաջող հեռացավ նաեւ Արամը եւ երկու տաքսի փոխելով վերադարձավ տուն: Իսկ Արշավի՞րը... Դեպքից մի քանի րոպե անց այդ հանդուգն վրիժառուն նորից հետ վերադարձավ` մեկ անգամ էլ տեսնելու իր եւ Արամի սարքած տեսարանը: Երկու հայատյաց ճիվաղների դիակները իրար վրա ընկած, գետնին յուրատեսակ խաչ էին կազմել: Թուրք կանայք վայնասուն էին բարձրացրել եւ փետում էին իրենց մազերը, իսկ տղամարդիկ բղավում եւ օգնություն էին խնդրում: Նրանց շուրջ հավաքված գերմանացիների բազմությունը քար կտրած դիտում էր այդ արտասովոր տեսարանը Պատկերը ցնցող էր եւ տպավորիչ: Հատուցված էր հազարավոր հայ նահատակների արդար վրեժը: Երկու քսաներկուամյա հայ վրիժառուներ Բեռլինի Ուհլանդ փողոցում կատարյալ մեռելոց էին սարքել թուրքերի համար: «Պատարագը կատարվեց»: Հայ վրիժառուները վերջացրին իրենց գործը: Այժմ սկսվում էր գերմանական ոստիկանության գործը: Հաջորդ օրը ոստիկանությունը ծանուցելով երկու բարձրաստիճան թուրքերի սպանության լուրը` մեծ գումար էր խոստանում ահաբեկիչներին գտնողին: Հրամայված էր խիստ հսկողության տակ վերցնել պետական սահմանները:
Դեպքից չորս օր անց Արամն ու Արշավիրը հանդիպում են Հրաչին: Վերջինս հայտնում է. որ Շաքիրի եւ Ջեմալի հուղարկավորությունը նախատեսում են կատարել մեծ շուքով, որին մասնակցելու են նաեւ Ջեմալ եւ Էնվեր փաշաները: Հրաչի այս լուրը մի նոր մտահղացում է առաջացնում վրիժառուների մոտ. մասնակցել հոգեհանգստյան արարողությանը եւ «մաքրել հաշիվները» երիտթուրք մյուս պարագլուխների հետ: Սակայն կացությունը Բեռլինում դարձել էր վտանգավոր: Ձերբակալվեցին բեռլինաբնակ մոտ հիսուն հայեր եւ տարվեցին հարցաքննության, որին ներկա էր լինում Թալեաթի այրին: Եվ եթե նա բարեհաճում էր հայտնել, թե այդ մեկը չէր, նրան ազատ էին արձակում: Հետաքննությունների թափը թուլացավ, երբ ոստիկանութնունը ձերբակալեց Արշավիրին նման մի հայ երիտասարդի (Բերբերյան ազգանունով), որը այդ օրերին Մյունխենից Բեռլին էր գնացել իր ընկեր-բարեկամներին տեսնելու: Թալեաթի այրին տեսնելով նրան բղավել էր, թե մեկը սա էր: «Ես չեմ ահաբեկիչը»,- ասել էր Բերբերյանը ոստիկանապետին,- բայց եթե դուք դա ինձ եք վերագրում, ապա մեծ պատվի եք արժանացնում: Մի քանի ամիս անց նա ազատ արձակվեց: Իսկ իսկական ահաբեկիչները վաղուց հեռացել էին Բեռլինից:
Արշավիրը կարողացավ խուսափել հետապնդումից եւ մեկնեց Վիեննա, այնտեղից Կ. Պոլիս վերադառնալու համար: Թվում էր, թե բոլոր վտանգները մնացել են ետեւում: Սակայն Վառնայում նրան սպասում էր շատ վտանգավոր անակնկալ: Վառնայի «Բալկան» հյուրանոցի սրճարանում նրան է մոտենում քաղաքացիական հագուստով մի մարդ եւ ներկայանալով որպես գաղտնի ոստիկան` խնդրում է հետեւել իրեն, իբր թե պահակատուն գնալու եւ որոշ հարցեր պարզելու: Մարդը կասկածելի է թվում, եւ երբ մի քանի հոգի էլ մոտենում ու շրջապատում են իրեն, ապա պարզ է դառնում, որ այդ մարդիկ թուրքեր են եւ եկել են իրեն առեւանգելու: Կացությունը շատ լուրջ էր, եւ Արշավիրը ստիպված է լինում դիմելու զենքի օգնությանը: Արագ կողմնորոշվելով` նա հանում է ատրճանակը, հրամայում իրեն շրջապատողներին ձեռքերը վեր բարձրացնել ու չմոտենալ իրեն, հակառակ դեպքում սպառնում է բոլորին «հնձել»... Սրճարանը մեկ ակնթարթ քարացավ, մարդիկ ապշահար իրեն էին նայում` հասկանալու համար թե ինչ է կատարվում: Ապա Արշավիրը խնդրում է սրճարանի տիրոջը, որպեսզի շտապ կանչեն ոստիկաններին: Սրճարան ժամանած ոստիկանապետը ստուգելով ձեռքերը վեր պարզած մարդկանց ինքնությունը` պարզում է, որ նրանք բոլորն էլ թուրքական գաղտնի ոստիկանության գործակալներ են, որոնք բնականաբար, արտոնություն չունենալով օտար երկրում մարդ ստուգելու եւ կալանելու, մի սուտ քրեական բնույթի պատմություն հորինելով եւ դրանում Արշավիրին մեղադրելով, պահանջում են, որպեսզի նրան հանձնեն Կ. Պոլիս տանելու համար: Ոստիկանապետը մի պահ տարակուսում է. հանձնե՞լ, թե՞ չհանձնել: Այլ ելք չգտնելով Արշավիրը ոստիկանապետին հայտնում է, որ ինքը հեղինակն է Հռոմում եւ Բեռլինում կատարված քաղաքական ահաբեկչությունների, անդամ է Հայ հեղափոխական դաշնակցության, որը հայ ժողովրդի ազատության համար պայքարում է թուրքական վարչախմբի դեմ այնպես, ինչպես բուլղարներն ու մակեդոնացիները: Այս բացատրությունը գոհացնում է ոստիկանապետին, եւ նա Արշավիրին վերցնում է իր պաշտպանության տակ: Արշավիրն այս անգամն էլ հաղթող դուրս եկավ: Վառնայի հայկական հյուպատոսարանից նոր անձնագիր ստանալով` Արշավիրը վերադառնում է Կ. Պոլիս, որտեղ նրան էին սպասում հարազատներն ու բարեկամները: 1922 թվի հոկտեմբերին նոր ամուսնացած Արշավիրը կնոջ` Գայանեի հետ մեկնում է հեռավոր Ամերիկա` բնակություն հաստատելու եւ նոր կյանք սկսելու համար: Նա հաստատվում է Նյու Յորքում, հիմնում արեւելյան գորգերի վաճառախանութ, զբաղվում ազատ ձեռներեցությամբ: Ա. Շիրակյանը մահացավ 1973 թ. ապրիլի 12-ին:
Այդ դեպքերից անցել է մոտ 90 տարի: Եվ այժմ էլ հայ ժողովուրդը չի մոռացել իր նվիրյալ զավակներին եւ փառաբանում է Արշավիր Շիրակյանին, Սողոմոն Թեհլիրյանին, Արամ Երկանյանին եւ մյուսներին, ովքեր ի կատար ածեցին հայ ժողովրդի արդար վճիռը, բարձր պահեցին նրա պատիվն ու արժանապատվությունը: