ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Չնայած երեւակայության պակաս չունեցողների զանազան սցենարներին` ոչինչ չէր փոխվել նախնական սցենարից, եւ ինչպես սպասվում էր` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ սկսված ԱԺ քառօրյայի սկզբում հանդես եկավ արտահերթ ելույթով եւ հրաժարական ներկայացրեց: Նա նշեց, թե ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու եւ ընտրությունների կարեւոր գործին նախապատրաստվելու համար որոշել է վաղաժամ վայր դնել ԱԺ նախագահի լիազորությունները` լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը Հայաստանի նախագահի, ժողովրդի եւ կուսակցության առջեւ. «Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել խորհրդարանի հնարավորինս թափանցիկ գործունեությունը եւ սերտացնել խորհրդարան-հասարակություն կապը», ասաց նա` 2008 սեպտեմբերից մինչեւ օրս իր նախագահած ժամանակահատվածի համար նշելով, որ Ազգային ժողովն իրեն դրսեւորել է որպես պետականության կայացման գործընթացի ակտիվ մասնակից, իսկ ինքը ԱԺ նախագահի պաշտոնում գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել է հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով: Նա նաեւ տեղեկացրեց, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված լինելով` չի խուսափելու ընտրողների առջեւ սպասված պարտականություններից եւ պատգամավորական պարտականություններից, այսինքն, հայերեն ասած, պատգամավորական մանդատը վայր չի դնում. «Կարծում եմ` բոլորին էլ հասկանալի է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է: Ես պատահաբար չեմ օգտագործում «բոլորիս» բառը, քանի որ ընտրությունների բացասական հետեւանքը հարված է ոչ միայն իշխանությունների, այլեւ ամբողջ երկրի հեղինակությանը: Իշխանությունները բազմիցս են հայտարարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք եւ հաստատակամություն»:
Երեկ արդեն հայտնի էր Հովիկ Աբրահամյանի պատգամավորական սենյակի տեղը, դա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի սենյակի դիմաց է, ԱԺ երկրորդ հարկում, որն արդեն երեկ վերակահավորվում էր: Հ. Աբրահամյանի հետ հեռանալու դիմում են գրել միայն նրա գալուց հետո ԱԺ-ում հաստատված մի շարք աշխատակիցներ (Արմինե Անտիկյան, Վիկտոր Մնացականյան, Սերգեյ Լոքյան): ԱԺ նախագահն իր խոստացած մեկնաբանություններն այդպես էլ չտվեց լրագրողներին, անգամ նա իր ելույթից հետո խորհրդարանի շենքում չէր: Աժ կանոնակարգով` հնգօրյա ժամկետից հետո ԱԺ նախագահը պետք է կրկնի իր հրաժարականը, որն այդ դեպքում միայն ընդունված կլինի: ԱԺ նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման որոշումն ամեն դեպքում ԱԺ-ն պետք է ընդունի գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նույն կերպ պետք է նոր թեկնածությունը քննարկվի եւ գաղտնի քվեարկությամբ ընդունվի: Պարզ է, որ դրա համար հազիվ թե արտահերթ նիստ հրավիրվի, այդ պատճառով է գուցե հասկանալի ՀՀԿ-ի չշտապելը` ԱԺ նախագահի, եւ հնարավոր է` ԱԺ փոխնախագահի թեկնածուներ առաջադրելու հարցում:
Մինչ այս ե՛ւ մամուլը, ե՛ւ քաղաքական շրջանակները ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածու համարում են ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանին, չնայած, նկատենք, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ այդպիսի հնարավորություն (ինչու չէ` նաեւ ցանկություն) ունի, մանավանդ հնարավոր է, որ նա որպես ԱԺ պատգամավոր այլեւս չվերադառնա նոր խորհրդարան: Այնպես որ թեկուզ 5 ամսով ԱԺ նախագահ լինելով իր պատգամավորական գործունեության եզրափակումը Գալուստ Սահակյանի համար եւս պետք է, որ ցանկալի լիներ (որպես ՀՀԿ ղեկավարներից մեկըՙ նա, անշուշտ, կշարունակի ձիու վրա մնալ): Եթե ԱԺ նախագահ դառնա Սամվել Նիկոյանը, ԱԺ փոխնախագահ, ըստ որոշ կանխատեսումների, պետք է դառնա Հերմինե Նաղդալյանը` գենդերային նկատառումներից ելնելով: Սակայն ընդհանուր առմամբ ավելի ոչ ամբիցիոզ տարբերակ կլիներ այն, որ դեռեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր լիազորությունները այս 5 օրում դներ ԱԺ փոխխոսնակի վրա, այս դեպքում ո՛չ հնգամսյա նոր պաշտոնյաների խնդիր կծագեր, ո՛չ էլ այդ նոր պաշտոնյաների ամբիցիաներն ապագայում եւս բավարարելու խնդիր:
Համենայն դեպս` երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վերահաստատեց, թե ՀՀԿ-ն դեռ թեկնածուների հարցը չի քննարկել: Տեսնենք, թե որ տարբերակը կընտրվի: Իսկ Վիկտոր Դալլաքյանի միստիկան, թե 1990 թվականից մինչեւ օրս Հայաստանի ԱԺ որեւէ նախագահի լիազորություններն իրենց բնական ավարտին չեն մոտեցել, եւ նախկինում Կոզեռնի գերեզմանոց եղած ԱԺ տարածքում բարու եւ չարի պայքարը չի հանգուցալուծվել, դեռեւս որեւէ փաստով չի հերքվել:
Երեկ խորհրդարանի միջանցքների թիվ երկու թոփ-թեման Իջեւանում կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններն էին, որտեղ հաղթել էր ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, ընդ որում` ավագանու անդամը փաստորեն հաղթել էր տասնամյակից ավելի քաղաքապետ եղած ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանին (5044 ձայն ընդդեմ 3386-ի): Ընդ որում Ղալումյանին, ըստ որոշ լուրերի, աջակցել էին ե՛ւ ՀՅԴ, ե՛ւ ՀԱԿ շրջանակները նույնպես, ինչը վերլուծաբաններից շատերը նախակարապետ էին համարում խորհրդարանական ընտրություններում նման պատկերների կրկնության, երբ բոլորն ընդդեմ ՀՀԿ-ի նախընտրական կոնֆիգուրացիա կարող է ստեղծվել (նկատի ունեցեք` չենք ասում համագործակցություն, այլ` ընդդեմ գործակցություն): Այս մոտեցումները, սակայն, տարբեր գնահատականների արժանացան ՀՀԿ խմբակցության ղեկավարի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորի կողմից:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը այս առումով լրագրողների աժիոտաժին արձագանքելով` Իջեւանի ընտրություններն իջեւանցու ձայնը տեղ հասցնելու պարագայով կարեւորեց: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, օրինակ, հակված չէր այդ մի ընտրությունից գլոբալ գնահատականների հանգելու, քանի որ, ըստ նրա, հո երկիրը միակուսակցական չէ՞, մանավանդ` ՏԻՄ ղեկավարների 70 տոկոսը հանրապետական է, հանգստացրեց նա լրագրողներին:
Հ.Գ.- Երեկ իր մահկանացուն կնքեց ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հայրը` Պարգեւ Նիկոյանը: Ցավակցում ենք: