«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՂՄԸ

«Ազգի»-ի հոկտեմբերի 21-ի համարում ներկայացրել էինք Ռուսաստանի վարչապետ, ըստ ամենայնի` հաջորդ նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությունը: Այդ հրապարակմամբ փորձել էինք պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ է Պուտինը հենց հիմա առաջարկում այս քաղաքականությունը, ի՞նչ նպատակ ունի այս քայլով Մոսկվան, ովքե՞ր են համաձայն միանալ այս միությանը եւ որքանո՞վ է հնարավոր ստեղծել այդ միությունը:

Այժմ, առաջնորդվելով սկզբունքով, որ ամեն մարտահրավեր նաեւ հնարավորություն է եւ հակառակը, փորձենք հասկանալ, իսկ ի՞նչ հնարավորություններ կարող է բացել Եվրասիական միությունը նրա պոտենցիալ անդամ Հայաստանի համար ու մեր երկրի առջեւ ծառացած ի՞նչ մարտահրավերների կարող է օգնել դիմակայելու:

Կրկին Թուրքիան հզոր է, կրկին Ղարաբաղը վիճելի տարածք է

Նախՙ ի՞նչ խնդիրների առջեւ էր կանգնած նախասովետական Հայաստանը: Մի կողմից հզոր թուրքական տերությունը, որն անմիջականորեն սպառնում էր Հայաստանի առաջին հանրապետության տարածքային ամբողջականությանն ու նրա առհասարակ գոյությանը, մյուս կողմից` կոնկրետ Ղարաբաղի պարագայում անորոշությունը հայերի ու, շեշտենք, թաթարների միջեւ: Թուրքական պետությունը հզորացման յուրաքանչյուր ժամանակահատվածում էականորեն վտանգում է Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգությունը: Այն տարիներին որպես «փրկության օղակ» մեկնաբանվեց եւ ոմանց կողմից ընկալվեց Հայաստանի սովետականացումը: Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում առանց դիմադրության տեղի չունեցավ, սակայն բոլշեւիկյան հեղափոխության տարածումը մեր երկրում հնարավորություն տվեց գոնե պահպանելու այն, ինչ կար:

Ղարաբաղի պարագայում սովետական կարգերի հաստատումը բոլորովին այլ նշանակություն ունեցավ. նորահայտ դեմոկրատական կամ մուսավաթական Ադրբեջանը, ցուցաբերելով «քաղաքական մշակույթի բավական օրինակելի փորձ», թերեւս համաձայնեց ընդունել կոմունիզմն ու նրա հերոսներին միայն սեփական ցանկությունների բավարարման պարագայում, դրանցից էր Ղարաբաղի ու Նախիջեւանի ներառումը Սովետական Ադրբեջանի կազմում: Այս փաստը, այսինքն այն, որ Ղարաբաղը երբեք իր կազմում չունեցած ու այսօրվա Ադրբեջանի իրավանախնինՙ մուսավաթական Ադրբեջանը գործարքի է գնացել կումունիստների հետ, բավական հաջողությամբ ապացուցվում է հանգամանքով, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ կոմունիստները դիմադրության արժանացան, Ադրբեջանում որեւէ դիմադրություն չեղավ:

Հետեւաբար եզրակացնելովՙ ընդգծենք, որ սովետական կարգերի հաստատումը Հայաստանի համար արժեւորվեց թուրքական բնաջնջման վտանգի կանխարգելմամբ, սակայն նաեւ բերեց Ղարաբաղի ժամանակավոր կորուստին:

Ի՞նչ իրավիճակ է այսօր տարածաշրջանում: Կրկին հզոր, ավելին` նորօսմանական հովերով տարված Թուրքիա եւ կրկին Ղարաբաղի «վիճելի տարածք»: Այստեղ հարկ է նկատել, որ նորօսմանական գաղափարները ռեալպոլիտիկ բերած Անկարան խիստ շահեկան է Արեւմուտքի, կոնկրետ` ԱՄՆ-ի համար: Տեսեք. նեոօսմանիզմը ձգտում է դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ակտիվ գործունեություն ծավալել թիրախային տարածաշրջաններում` Մերձավոր Արեւելք, Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Կովկաս:

Բացի սրանից` այս քաղաքականությամբ Թուրքիան ձգտում է միջնորդի դեր ստանձնել տարածաշրջանային հակամարտություններում, դառնալ դեպի Մերձավոր Արեւելք ժողովրդավարություն ու արդիականացում «ներմուծող» կամ «տարանցող» երկիր, յուրահատուկ միջնորդ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ ու այս միջոցով բարձրացնել Թուրքիայի հեղինակությունն ու ազդեցությունը թիրախային տարածաշրջաններում: Որպեսզի Անկարան կարողանար այսպիսի բան իրագործել կամ գոնե դրա փորձը կատարեր, անհրաժեշտ էին իսլամական, մասնավորապես արաբական աշխարհում համապատասխան փոփոխություններ: Ինչի՞ ականատեսն ենք այժմՙ «արաբական գարնան», ի՞նչ է սա նշանակում, արաբական աշխարհում համապատասխան փոփոխություններ, այս համապատկերում ի՞նչ է անում Թուրքիան` փորձում է իր գաղափարներն ու գաղափարախոսություններն առաջատար դարձնել թիրախային տարածաշրջաններում: Իսկ ո՞ւմ կարող է ձեռնտու լինել թուրքական գործոնի ազդեցության մեծացումը հիշյալ տարածաշրջաններում, իհարկե ԱՄՆ-ին, քանի որ վերջինս սեփական ձեռամբ այս կարեւորագույն տարածաշրջանն ուզած ուղղությամբ տանելու «տեխնիկական դժվարություններ» զգալովՙ կարող է դա «հանձնարարել կամ առաջարկել» ռազմավարական դաշնակից Թուրքիային: Վերջինս էլ, փոխարենը, կարող է ստանալ նեոօսմանիզմի կենսագործման համար ամերիկյան «կանաչ լույսը»:

Փաստորեն ականատեսն ենք իրավիճակի, որտեղ տարածաշրջանում գործում է ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրականացումը, որտեղ հրաշալիորեն կարող է տեղավորվել թուրքական նեոօսմանիզմը:

Այս ամենն, անշուշտ, առաջացնում է առաջին հերթին Մոսկվայի անհանգստությունն ու դրդում նրան համարժեք պատասխան քայլերի. ակնհայտ է դառնում, որ հենց այդպիսի համարժեք պատասխան քայլ է Պուտինի Եվրասիական միությունը:

Ընդօրինակելով Ադրբեջանին

Եվրասիական տարածաշրջանում գերտերության հայտ ներկայացրած Թուրքիան շարունակում է պահպանել «ձեռնպահ լռություն» Պուտինի առաջարկի առնչությամբ: Սա տրամաբանական ու սպասելի է անշուշտ. Թուրքիան Արեւմուտքի դաշնակիցն է, իսկ արեւմտյան որոշ վերլուծաբաններ, երբ Պուտինը «նոր էր ավարտել» իր հոդվածը, միջազգային մամուլի էջերից անմիջապես շեշտեցին, որ Եվրասիական միությունը «մարտահրավեր է Արեւմուտքին»: ԱՊՀ տիրույթում, երբ երկրների վարչապետներն օրերս Սանկտ Պետերբուրգում ազատ տնտեսական գոտու վերաբերյալ համաձայնագիր էին կնքում, Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը, Պուտինի իսկ խոսքերով, մինչեւ տարեվերջ ժամանակ են խնդրել մտածելուՙ միանա՞լ ազատ տնտեսական գոտուն, թե՞ ոչ: Ճիշտ է, սրանից հետո Ադրբեջանում, իհարկե ոչ պաշտոնապես, բայց որոշ գործիչներ, միլլիմեջլիսականներ` իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցությունից, հայտարարեցին, որ Ադրբեջանը չի մտնի մի տեղ, որտեղ Հայաստանն է: Իհարկե, հիշյալ գործիչները չմանրամասնեցին, թե նույն տրամաբանությամբ ինչո՞ւ է Բաքուն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, նույն ԱՊՀ-ի անդամ, բայց դա այլ խոսակցություն է:

Ուրեմն Բաքուն Եվրասիական միության հիմք` ԱՊՀ երկրների ազատ տնտեսական գոտու համաձայնագիր չի ստորագրի: Սրա ապացույցը տվեց նաեւ Իլհամ Ալիեւն անձամբ, օրերս Թուրքիայում ստորագրելով երկար սպասված գազային պայմանագիրը: Եվրոպացի որոշ փորձագետներ այս կապակցությամբ «այնքան ուրախացան», որ անմիջապես հայտարարեցին, թե թուրք-ադրբեջանական գազային պայմանագիրը ՆԱԲՈւԿԿՈ-ի հիմքն է, սրա դիմաց, հետաքրքրական «պատահականությամբ», նախագահ Մեդվեդեւը Գերմանիայում պայմանագիր ստորագրեց ռուսական գազը Եվրոպա տեղափոխելու` «Հյուսիսային հոսքի» բացման վերաբերյալ, ինչի «քույր» նախագիծ` «Հարավային հոսքը» ՆԱԲՈւԿԿՈ-ի անմիջական «մրցակիցն է»:

Արդեն խոսել ենք այն մասին, որ Իլհամ Ալիեւի Թուրքիայի հետ ստորագրած հիշյալ պայմանագիրն առավելապես հակառուսական ձեռնարկների շարքից է. սրանով Ադրբեջանի նախագահը, բացի այլ բաներից, նաեւ ընդգծում է` Ադրբեջանը Եվրասիական միություն չի մտնի: Իսկ եթե այդ միությունն ի վերջո ստեղծվի եւ ստեղծվելու լուրջ նախադրյալներ ունի, ապա դա կնշանակի, որ կամ ՆԱԲՈւԿԿՈ-ն չի կառուցվում, քանի որ այս` ռուսական գազը Եվրոպա արգելակող նախագիծը հենց անցնելու է «Եվրասիական միության տարածքով», կամ մեկնարկում է նոր, մեղմ ասած, սառը պատերազմ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Իհարկե, այս ամենը հնարավոր է, եթե Իլհամ Ալիեւը շարունակի այնպիսի քայլեր կատարել, որոնցով միայն ապացուցում է` իր երկիրը Պուտինի նախաձեռնությանը դեմ է:

Այստեղ Հայաստանի համար բացվում է մի նոր հնարավորություն. դիտարկենք, որ միությունը ստեղծվում է, ու այնտեղ չկան ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Անկարան: Մենք, ինչպես եւ նախասովետական ժամանակաշրջանում, կասեցնում ենք հզորացող Թուրքիայից բխող վտանգը` մեր անվտանգությանը, միեւնույն ժամանակ ստանում հնարավորություն վերջնականապես անվիճելի համարելու Ղարաբաղը: Մոսկվայի առջեւ կարելի է եւ պետք է դնել, «չվախենանք» այդ բառից, ուղիղ պահանջՙ ճանաչել ԼՂՀ անկախությունը, որին միայն այդ կերպ հնարավոր կլինի ներքաշել Եվրասիական միություն ու դրանով իսկ ստանալ նաեւ Հայաստանի համաձայնությունը` մտնել նույն միության կազմ: Այս պարագայում Մոսկվան այլեւս չի կարող երկդեմի կամ «հավասարակշիռ» քաղաքականություն վարել, քանի որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը պատրաստակամություն է հայտնում դառնալու Եվրասիական միության անդամ երկիր: Ինչպես վերը նշեցինք, նման քաղաքականության նախադեպը մեզ ցույց է տվել նույն նախասովետական Ադրբեջանը` սովետական կարգերն ընդունելու ժամանակ:

Կկարողանա՞նք վերջապես ստեղծել Մոսկվայի հետ պահանջներով խոսելու նախադեպ, եւ ամենակարեւորըՙ իրականություն կդառնա՞ Եվրասիական միությունը, ու կշարունակի՞ արդյոք Բաքուն իրեն հեռու նետել Մոսկվայիցՙ ցույց կտա միայն ժամանակը:

Իսկ առայժմ նշենք միայնՙ Սանկտ Պետերբուրգի, իսկ տվյալ պարագայում թերեւս Լենինգրադի Ֆիննական կայարանի մոտ տեղադրված Լենինի արձանից օրեր առաջ այդ քաղաքում «ժամանակավորապես ապրող» երկու ՀՀ քաղաքացիներ պաստառ էին կախել` մակագրությամբ. «Մի տխրեք, վաղը գալիս եմ», սրա կողքին որոշ ժամանակ անց հայտնվել է նաեւ երկրորդ պաստառը. «Վաղն արդեն եկել է...»: Դժվար է ասելՙ ՀՀ քաղաքացիներն ինչի՞ց ելնելով են նման մակագրություններ հեղինակել...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4