«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ` ԱՅՍՕՐ

Այսօրՙ առավոտյան ժամը 11-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանին «կընտրի» մայրաքաղաքի 54-րդ քաղաքապետին: Քաղաքապետի միակ թեկնածուն փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն է` ՀՀԿ կուսակցությունից: Ավագանիում երկրորդը համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ թեկնածու չի առաջադրել: Ինչպես օրեր առաջ նշել էինք, այսօր կայանալիք ընտրությունն ընդամենը պաշտոնական, իրավական արարողություն է` արձանագրություն: Չի բացառվում, որ կրկնվի նույն սցենարը, ինչ 2010-ին, երբ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը 50 կողմ, 1 դեմ ձայերի հարաբերակցությամբ ընտրվեց քաղաքապետ: Եթե այսօր ԲՀԿ-ն անգամ դեմ քվեարկի, ընտրությունների արդյունքը չի փոխվի: ՀՀԿ-ն մեծամասնություն է նաեւ քաղաքապետարանում: Հետեւաբար այսօրվա ընտրությունը անակնկալներ կամ սուր զգացողություններ չի խոստանում: Սակայն հետաքրքրական կլինի լսել Տարոն Մարգարյանի խոսքը` ինչպես է նա պատկերացնում մայրաքաղաքի կառավարումը, ինչ մեխանիզմներով, եւ որոնք են լինելու նրա խաղի կանոնները:

Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: Դեռեւս մեկ տարի չպաշտոնավարած քաղաքապետը նշել էր, որ պաշտոնից հեռանում է այլ աշխատանքի տեղավորման եւ անձնական խնդիրների պատճառով: Նա չէր հաստատել կամ հերքել լուրը, որ տեղափոխվում է Մոսկվա: Ռուսական լրատվամիջոցներն էլ գրում էին, որ Կարապետյանը կաշխատի «Գազպրոմ» ընկերությունում եւ կզբաղեցնի Ալեքսեյ Միլլերի տեղակալներից մեկի աթոռը:

Ի դեպ, կրկին ռուսական լրատվամիջոցներով լուրեր էին շրջանառվում, որ Կարապետյանը կստանա 154.000 դոլար աշխատավարձ: Այդքան են ստանում Միլլերի տեղակալները: Հարցազրույցներից մեկի ժամանակ Կարապետյանը առաջարկվող աշխատավարձն անվանել էր «աստղաբաշխական»:

Թեպետ Կարապետյանի հրաժարականից անցել է ավելի քան 2 շաբաթ, սակայն նրա անունն ու լուսանկարը Gazprom.ru կայքի «Ղեկավարություն» բաժնում դեռեւս չկան: Ավելինՙ Կարապետյանի անունը «որոնում» համակարգում կարողացանք գտնել ընդամենը մեկ անգամ. 2009-ին Կարապետյանը որպես «Հայռուսգազարդի» տնօրեն հանդիպել է Միլլերին: Այլ տեղեկություններ «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքը Կարապետյանի մասին չի հայտնում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4