Նոյեմբերի 13-ին Նոյսի (Գերմանիայի Հյուսիս Հռենոս Վեսթֆալյան երկրամաս) Ցոյգհաուս համերգասրահում կայացավ «Հայկական տեմպերամենտ» վերնագրյալ համերգը, որ կազմակերպել է Նոյսի գերմանական կամերային ակադեմիան:
Թեեւ «տեմպերամենտ» բառը հայերեն խառնվածք տարբերակով չենք ներկայացրել, բայց ծրագրին նայելով կարելի է հասկանալ կազմակերպիչներիՙ վերնագրի դիպուկ ընտրությունը. Սողոմոն Սողոմոնյան «Երեք մանրապատկեր ջութակի համար», Տիգրան Մանսուրյան «Կոնցերտ ջութակի եւ 18 լարայինների համար», Էդուարդ Միրզոյան «Սիմֆոնիա լարայինների եւ թմբուկի համար»: (Ծրագրում հենց Սողոմոն Սողոմոնյան է տպված, թեպետ համերգի ծանուցաթերթում գրված է նաեւ Կոմիտաս անունը-Ան. Հ.):
Նոյսի գերմանական կամերային ակադեմիան ղեկավարում էր Էդուարդ Թոփչյանը, մենակատարը ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանն էր:
«Արեւելք-արեւմուտք սահմանագծին է Հայաստանը, նրա արվեստը խորապես կրում է երկու աշխարհների դրոշմըՙ արեւելյան հնչյուններ, ազգագրական ռիթմ ու եվրոպական ավանդույթ: Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրի ու Թուրքիայում հայերի կրած տառապանքների անդրադարձը կա հայ բազմածալՙ երրորդ դարում արդեն սկզբնավորված երաժշտարվեստում», հայ երաժշտությանը նվիրված համերգային ազդագիրն այսպիսի գովազդ է ներկայացնում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա