«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


ՌԴ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՎԵՆԻԱՄԻՆ ՍՄԵԽՈՎԸ ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ 2008 թ. կյանքի կոչվեց «Հայաստանում ռուսական մշակույթի սեզոններ» նախագիծը ու դարձավ սպասված իր բազմաբնույթ, բարձրարժեք արվեստի մատուցմամբ: «Ազգը» պարբերաբար անդրադարձել է այդ ծրագրին:

Հիշեցման կարգով նշեմ, որ ընթացիկ տարում այդ նախագծի շրջանակներում ապրիլին ներկայացվեց համատեղ ջազային ծրագիրՙ ՌԴ- Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի եւ ՀՀ-ի ջազ բենդի մասնակցությամբ: Իսկ հունիսին Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետ. թատրոնում մեծ հաջողությամբ կայացավ ՌԴ ժող. արտիստ Վլադիմիր Դեւյատովի «շՀ-ՎՈՐՍՈ» խմբի համերգը: Սունդուկյան թատրոնում ներկայացվեց Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի եւ Լոնդոնի «Չիկ բայ ջաուլ» թատրոնի համատեղ նախագիծըՙ Շեքսպիրի «12-րդ գիշեր» հանրահայտ ներկայացումով: Բոլորովին վերջերս Հայաստանում հյուրընկալվեց Բորիս Գրաչեւսկին «Հանդիպումներ Երալաշի հետ» ծրագրովՙ «Ռոլան Բիկովի» փառատոնի շրջանակներում:

Առաջիկայումՙ դեկտեմբերին, հայ թատերասերները հնարավորություն կունենան նախագծի շրջանակներում ծանոթանալ նաեւ Առնո Բաբաջանյանի եւ Միքայել Թարիվերդիեւի հոբելյաններին նվիրված համատեղ նախաձեռնությանը: Ներկայումս «Հայաստանում ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 12-16-ը Հայաստան են ժամանել թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, գրող, ՌԴ ժող. արտիստ Վենիամին Սմեխովը տիկնոջՙ արվեստագիտության թեկնածու, Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնիՙ MXT-ի դպրոց-ստուդիայի դոցենտ, թատերական քննադատ Գալինա Աքսիոնովայի հետ:

Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց հյուրերին ու բարձր գնահատեց 3-րդ անգամ Հայաստան ժամանելու, այստեղ վարպետության դասեր անցկացնելու համար: Այսօրՙ նոյեմբերի 15-ին, ժամը 20-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում տեղի կունենա Վենիամին Սմեխովի ստեղծագործական երեկոն:

Վ. Սմեխովը նկարահանվել է ավելի քան 25 ֆիլմերում, թատրոնի բեմերում կերպավորել է 5 տասնյակից ավելի դերեր, ՌԴ-ում եւ արտերկրում հայտնի է որպես դրամատիկական եւ օպերային ներկայացումների բեմադրիչ: Ներկայումս նա ԱՄՆ-ի համալսարաններում դասավանդում է դերասանի վարպետություն: Իսկ նրա չափածո եւ արձակ ստեղծագործությունները ձեռքից ձեռք են անցնում:

Սմեխովը պատասխանելով «Ազգի» հարցերինՙ ասաց, որ դեռ երիտասարդ տարիքից շատ է հավանել հայ պոեզիան, հատկապես Չարենցի գործերը, որոնց ծանոթացել է Լիսիցյանների միջոցով ու այդ օրվանից հրապուրվել է հայ պոեզիայով: Նրա կարծիքովՙ այսօր աշխարհում ուշադրություն չեն դարձնում խոսքի, բառի նշանակությանը, մինչդեռ ամենուր անաղարտ խոսքի կարիքը զգացվում է: Արվեստագետը նաեւ դժգոհ էր լրագրողներից, որոնք «անպայման մի սողանցք, մի թերություն են գտնում, սենսացիա ստեղծում չեղած տեղից ու այդ դաշտը դառնում է անտանելի եւ անհետաքրքիր: Մի բան, որը չկար փթած սովետական համակարգում...»:

Եվ խորհուրդ տվեց ամեն ինչում նախ լավը տեսնել, լավին անդրադառնալ, որով էլ վատը կմղվի հետին պլան: Գալինա Աքսիոնովան նույնպես խոսեց գրաքննադատության, թատերական աշխարհում տիրող անհանդուրժողական, մեծամտության շուրջը, հույս հայտնեց, որ երիտասարդ սերունդն ի զորու է շտկել դրանքՙ զերծ մնալով Ստանիսլավսկու եւ Վախթանգովի սիստեմաներից ու կստեղծի իր նոր սիստեմըՙ նոր ոճն ու ասելիքը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4