Թեեւ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ, սակայն առանձին խաղատախտակների վրա ցույց տված արդյունքներով 3 հայ շախմատիստներ արժանացան մեդալների:
Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը դարձավ արծաթե մրցանակակիր: Լեւոնը 8 հնարավորից վաստակել էր 5,5 միավոր: Ոսկե մեդալը հանձնվեց անգլիացի Մայքլ Ադամսին, իսկ բրոնզե մեդալը ստացավ գերմանացիների առաջատար Արկադի Նայդիչը:
Մեր թիմում լավագույն արդյունքը ցույց տված Գաբրիել Սարգսյանը 4-րդ խաղատախտակի վրա արժանացավ արծաթե մեդալիՙ ոսկին զիջելով Գերմանիայի ներկայացուցիչ Յան Գուստաֆսոնին, որի հետ վճռորոշ պարտիան ավարտեց ոչ-ոքի: Հետաքրքրական է, որ եթե Գաբրիելը հաղթեր ու գերմանացիների հետ մրցավեճն ավարտվեր ոչ-ոքի, ապա չեմպիոն կհռչակվեր Ադրբեջանի հավաքականը, իսկ մերոնք կգրավեին 2-րդ տեղը: Հիշեցնենք, որ Գաբրիելը 9 հնարավորից 6,5 միավոր էր վաստակել:
3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալի արժանացավ Վլադիմիր Հակոբյանը, որը 8 պարտիաներում 5 միավոր էր վաստակել: Լավագույն արդյունքը ցույց տվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, իսկ արծաթե մեդալը բաժին հասավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: