«Օրինաց երկիր» կուսակցության հերթական հանրային հաշվետվությունը Լոռվա մարզի Սպիտակ, Ստեփանավան եւ Վանաձոր քաղաքներում էր: Երեք քաղաքներում էլ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին եւ նրա թիմակիցներին դիմավորեցին աղ ու հացով: Լեփ-լեցուն դահլիճում, ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած քննարկումները վերաբերում էին ինչպես սոցիալ-տնտեսական խնդիրներին, այնպես էլ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակներին:
Արթուր Բաղդասարյանը հանրությանը հորդորեց առաջնորդվել ոչ թե պասիվ կրավորական դիրքորոշմամբ, այլ ակտիվ նախաձեռնողական քաղաքականությամբ.
ՕԵԿ-ի առաջնորդը, կարեւորելով հասարակության հետ ակտիվ շփումներն ու հանդիպումները, նշեց, որ քսանամյա անկախ Հայաստանի պատմության մեջ ՕԵԿ-ը 15 տարեկան է, եւ այդ 15 տարիների ընթացքում, շրջելով Հայաստանի գյուղերով, քաղաքներով, լսում է մարդկանց հուզող խնդիրները, առաջարկները, հոգսերն ու մտահոգությունները, ներկայացնում հաշվետվություն` ՕԵԿ կատարած աշխատանքների, առաջիկա ծրագրերի մասին, եւ ՕԵԿ-ն իր ամենօրյա հետեւողական, պատասխանատու աշխատանքով եւ հնարավորությունների ներածին չափով փորձում է դրանք կյանքի կոչել եւ դարձնել իրականություն:
ՕԵԿ-ի թիկունքում վիթխարի աշխատանք կա կատարված, որոնք իրականություն են դարձել ավելի քան 200 օրենքի տեսքով` սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից մինչեւ մշակութային, գենդերային եւ երիտասարդության հարցեր: Ամենատարբեր ոլորտներում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած է երկրում դրական, լուսավոր փոփոխություններ իրականացնելու հրամայականը:
Անդրադառնալով Սպիտակի, Ստեփանավանի եւ Վանաձորի ներկայիս տնտեսության եւ արդյունաբերության անմխիթար վիճակինՙ նշեց, որ պետությունը տնտեսության` հատկապես արդյունաբերության զարգացման գործում պետք է առավել ակտիվ եւ «ագրեսիվ» քաղաքականություն վարի: ՕԵԿ-ն իշխանության մեջ ունեցած իր ներգրավվածությամբ նպաստում է դրա իրականացմանը, դեռեւս 2008-ին Արթուր Բաղդասարյանի եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ ստորագրված կոալիցիոն հուշագրի չորրորդ կետով մինչեւ 2013-ը պետք է վերանա աղետի գոտի հասկացությունը: Դրա վառ ապացույցը այսօրվա Գյումրիում իրականացվող լայնածավալ շինարարությունն է:
Որպես քաղաքական կառույց` ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագրերում եւս մշտապես նշել է, որ Հայաստանը միայն Երեւանը չէ, եւ ամեն համայնք պետք է ունենա իր «անձնագիրը», որտեղ հստակ նշված լինեն տվյալ համայնքի առանձնահատկություններն ու լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները:
Հայաստանում այսօր կա 180 հազար հաշմանդամ, մտահոգության լուրջ առարկա է նաեւ հաշմանդամների հարցը, կարեւորելով նրանց հիմնախնդիրները` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿ-ի նախաձեռնությամբ առաջիկայում Հայաստանում կբացվի «Հաշմանդամների պաշտպանության ազգային կենտրոն»:
Դիմելով ներկաներին` Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ներկայիս տեղեկատվական հասարակության պայմաններում պետությունը պետք է առավել համակարգված, նպատակաուղղված գործունեություն ծավալի, եւ այս համատեքստում «Օրինաց երկիր» կուսակցությունը գտնում է, որ ստանդարտ քայլերով առաջ չեն գնում, այլ պետք են նորարարական, ինովացիոն գաղափարներ, պետք է ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը եւ կարողանալ ճիշտ լուծումներ եւ ելքեր առաջարկել: Արթուր Բաղդասարյանի համոզմամբ` պետք է անցնել ոչ թե իրավիճակային, այլ ծրագրված պետական քաղաքականության եւ լուծումների բոլոր ոլորտներում: