Մեր տնտեսության ապագան արտահանմանն ուղղված տնտեսական մոդելն է: Այս թեզը, առաջին հայացքից, անվիճելի է, սակայն կարող ենք պնդել, որ այսօր արտահանման խրախուսմանն ուղղված քայլերը այնքան էլ արդյունավետ չեն: Դրա մասին են վկայում արտաքին առեւտրի հաշվեկշռի վերաբերյալ տվյալները: 2011 թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում ներմուծման ծավալները կազմել են 2 մլրդ 979,5 մլն դոլար, իսկ արտահանմանը` 969,7 մլն դոլար: Արտահանման ծավալները զիջում են ներմուծմանը ավելի քան 3 անգամ: Փոքր ներքին շուկա ունեցող երկրի համար արտահանման խրախուսումը կրկնակի կարեւոր է: Մտահոգիչ է նաեւ, որ մեր արտահանման կառուցվածքում շատ մեծ է հանքահումքային արտադրանքի դերը: Իսկ արդյոք կա՞ն ռեսուրսներ արդյունաբերության մյուս ճյուղերում:
Գոհունակությամբ պետք է նշենք, որ կան: Բերենք մեկ օրինակ: Հայրենական արտադրության առաջատարներից մեկիՙ «Գրանդ Հոլդինգի» փորձը վերը նշվածի ապացույցն է: 2011 թվականի տվյալներով, առ այսօր «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Տոբակո» եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները արտահանել են մոտ 15 մլն 122 հազ դոլարին համարժեք պատրաստի արտադրանք (160 կոնտեյներ ծավալ): 2010 թվականին այս ընկերությունները արտահանել էին մոտ 6 մլն 475 հազ. դոլարին համարժեք պատրաստի արտադրանք: Տարին դեռ չի ավարտվել եւ արտահանման ծավալները դեռ կարող են աճել: Անցյալ ողջ տարվա համեմատությամբ, այս տարվա 9 ամիսների ընթացքում արտահանման ծավալները աճել են 2,5 անգամ: Հաշվի առնենք, որ Հայաստանը իր 2 հարեւանների կողմից շրջափակման մեջ է, իսկ մյուս երկու հարեւանները, որպես տարանցիկ ուղիներ, այնքան էլ կայուն չեն: Տարանցման խնդիրները ավելի են բարդացնում հայրենական արտահանողի գործը, բարձրացնելով արտադրանքի ինքնարժեքը: Չնայած այս օբյեկտիվ բարդություններին, հայրենական արտադրողը կարողանում է էապես մեծացնել արտահանման ծավալները: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը իր բացասական հետեւանքներն է թողել մեր տնտեսության վրա, սակայն
«Գրանդ Հոլդինգը» կարողացել է պահպանել եւ էլ ավելի հզորացնել իր դիրքերը, ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում: «Գրանդ Հոլդինգը» կարողացել է իր դիրքերը պահպանել նաեւ հարկային պարտավորությունների գծով: ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված են «Գրանդ հոլդինգի» կազմի մեջ մտնող 13 ձեռնարկություն: Շատերն էլ ընդգրկված չեն այդ ցուցակում: «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող բոլոր ընկերությունները միասին բյուջե են վճարել ավելի քան 9 մլրդ 800 մլն դրամ եւ ցուցակում այս ցուցանիշով պահպանել են 5-րդ պատվավոր տեղը: Հատկանշական է, որ արտահանվող սիգարետի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է հայ գյուղացու կողմից արտադրվող ծխախոտահումքը: 2011 թ. ընթացքում «Գրանդ Հոլդինգի» կողմից մթերվել է ավելի քան 11 հազ. տոննա ծխախոտի կանաչ զանգված, 2010 թ. 8 հազ տոննայի փոխարեն: «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ձեռնարկությունները, ծխախոտագործության շնորհիվ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծում Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսության մեջ: Այսօր «Գրանդ Հոլդինգը» ստեղծել է նաեւ ավելի քան 6 հազ. աշխատատեղ միայն մայրաքաղաքում: Արձանագրենք, որ գործազրկության կրճատման եւ մեծաքանակ աշխատատեղերի ստեղծման ամենաարդյունավետ ճանապարհը հայրենական խոշոր արդյունաբերության խթանումն է: «Գրանդ Հոլդինգը» դրա ակնհայտ վկայությունն է: Իսկ արտահանման ծավալների աճի դեպքում աշխատատեղերի թիվը կարող է էլ ավելի մեծանալ:
Մնում է ցավով արձանագրել միայն, որ «Գրանդ հոլդինգի» նման ձեռնարկությունների թիվը այսօր Հայաստանում այնքան էլ մեծ չէ: Ամեն դեպքում, արտահանումը պետք է խրախուսել բոլոր հնարավոր միջոցներով: Խոսքը, իհարկե, պատրաստի արտադրանք արտահանող ձեռնարկությունների մասին է: Օրինակ` պետությունը կարող էր, որպես բարոյական խրախուսում, հրապարակել արտահանման ոլորտում աճ արձանագրած ձեռնարկությունների լավագույն տասնյակը եւ պատվորգրերով գնահատեր նրանց կատարած գործը: Սրանով հասարակությունը եւ պետությունը ցույց կտային, որ գնահատում են արտահանողին եւ մրցակցային մթնոլորտ կստեղծեին արտահանողների միջեւ:
ՍԱՐԳԻՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ