«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2011-11-12 | #205, 2011-11-15 | #206, 2011-11-16


ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ «ԴԻՊԼՈՄԻ ՓՈՂ» ԵՆ ՀԱՎԱՔԵԼ, ՀԵՏՈ ԱՍԵԼ` «ԴԻՊԼՈՄ ՉԿԱ»

Թեպետ «Գալիք» համալսարանի «կառավարում» ֆակուլտետի 51 ուսանողներ վճարել են մեկ կիսամյակի ուսման վարձը` 184.000 դրամ, «դիպլոմի փողն էլ»` 24.000 դրամը, սուսուփուս մուծել են, սակայն դիպլոմ այդպես էլ չեն ստացել: Պատճառն այն է, որ մեկ տարի առաջ համալսարանում ստուգումներ են անցկացվել, խախտումներ հայտնաբերվել, եւ կառավարությունը կասեցրել է «կառավարում »ֆակուլտետի լիցենզիան:

Լիցենզիան կասեցվել է, սակայն բուհի ղեկավարությունն այդ մասին ուսանողներին հարկ չի համարել տեղյակ պահել: Ուսանողները միայն ավարտական քննություններին են տեղեկացել, որ դիպլոմ չեն ստանալու:

«Գալիք» համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ համալասարանը դատի է տվել ԿԳ նախարարությանը: Նրանք ներկայիս իրավիճակի մեղավոր համարում են միայն նախարարությանը, որն «իրեն մատնել է անգործության»: «Պատրաստվում ենք դատական կարգով հարցը վիճարկել, որովհետեւ բուհն իր մեղավորությունը չի տեսնում: Ուսանողների անհանգստությունը նաեւ բուհի անհանգստությունն է: Մենք շահագրգիռ ենք ուսանողներին դիպլոմ տալ»: Հարությունյանի մեկնաբանությամբ` օրենքով լիցենզիան կասեցվում է որոշակի ժամկետով, որից հետո բուհը կարող է խախտումների վերացման մասին հիմնավոր փաստաթղթեր ներկայացնել նախարարությանն ու հնգօրյա ժամկետում կրկին լիցենզիա ստանալ:

Նրա մեկնաբանությամբ` «Գալիք» համալսարանը շարունակում է գործունեությունն օրինականության շրջանակում:

Երեկ «Գալիք» համալսարանի ուսանողները «Հենարան» ակումբ էին եկել անդորրագրերով` հավաստիացնելով, որ իրենք դիպլոմ ստանալու համար նույնիսկ 24.000 դրամ են վճարել, սակայն նրանց պատասխանել են` դիպլոմ չկա: Ի դեպ բուհի ղեկավարությունն ուսանողներից պահանջել է, որ ուսումը պարտադիր շարունակեն համալսարանի մագիստրատուրայում: Ասուլիսի ընթացքում միայն օրենքից խոսող Հարությունյանը չկարողացավ բացատրել, թե որ օրենքով են նրանք ուսանողներից դիպլոմի դիմաց գումար պահանջել, եթե իմացել են, որ չեն կարողանալու դիպլոմ տալ:

Երեկ երեկոյան ստացանք նաեւ նախարարության պատասխանը: «Ազգ»-ին ուղարկված հաղորդագրությամբ նախարարությունը շեշտում է, որ համալսարանը կասեցված մասնագիտությունների գծով կազմակերպել է անօրինական կրթական գործընթաց եւ ոտնահարել ուսանողների իրավունքները: Նախարարությունից տեղեկացրել են, որ պատրաստակամ են աջակցելու «Գալիք» համալսարանի 51 ուսանողի` կրթությունը շարունակելու այլ համալսարանում եւ ստանալու դիպլոմ: ԿԳՆ-ն նաեւ ուսումնական հաստատությունների հետ կքննարկի ուսանողների ուսման վարձի որոշակի զեղչեր կիրառելու հնարավորությունները:

Վերոնշյալ պատմությունը որքան ցավալի, նույնչափ զավեշտալի է: Պարզվում էՙ ուսանողությունը ոչ միայն թերթ չի կարդում, այլեւ չի հետեւում լրատվական թողարկումներին: Երբ «կառավարում» ֆակուլտետի լիցենզիան կասեցվեց` լրատվական բոլոր միջոցները, այդ թվումՙ մեր թերթը, գրեցին այդ մասին, խնդրի կապակցությամբ ելույթ ունեցավ նաեւ նախարարը, բայց մեր ուսանողները, պարզվում է, ոչնչից տեղյակ չեն: Նրանցից մի քանիսը ինչ-որ բան են լսել, բայց նրանց էլ ներքին կարգով հավաստիացրել են, «թե բա ինչ են անելու, կտան դիպլոմ, բա ոնց», նրանք էլ շարունակել են հայտնի կենդանու ականջում քնած մնալ եւ շարունակել իրենց «ուսումը»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4