Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Մոսկվայի ԲԿՄԱ-ի ղեկավարությունը հետաքրքրվում է «Կրասնոդարի» եւ ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանով: Սովորաբար ԲԿՄԱ-ն թիմ է հրավիրում 25-ից ոչ բարձր տարիքի եւ 8 մլն եվրոյից ոչ բարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների: Իսկ Յուրա Մովսիսյանը 24 տարեկան է, տրանսֆերային գինն էլ մոտ 5 մլն եվրո է: ԲԿՄԱ-ն Մովսիսյանին դիտարկում է որպես բրազիլացի Վագներ Լավի փոխարինող, որը պատրաստվում է ձմռան տրանսֆերային շրջանում հեռանալ թիմից:
Ինչպես հայտնի է, ընթացիկ մրցաշրջանում Յուրա Մովսիսյանը հանդես եկավ ՌԴ պրեմիեր լիգայի առաջնության մասնակից Կրասնոդարի համանուն թիմումՙ տեղափոխվելով դանիական «Ռանդերսից»: Նա անցկացրած 24 խաղում 7 գոլի հեղինակ դարձավ, գոլային 3 փոխանցում կատարեց: Մովսիսյանն իրեն հիանալի դրսեւորեց նաեւ ՀՀ ազգային հավաքականի ընտրական մրցախաղերումՙ 9 խաղում խփելով 4 գոլ, կատարելով գոլային 6 փոխանցում: