2013-ից սկսած Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն անցկացվելու է աշուն-գարուն մրցակարգով, ինչը վաղուց ընդունված է եվրոպական մի շարք երկրներում: Նշենք, որ հաջորդ մրցաշրջանից այդ մրցակարգով է անցկացվելու նաեւ Ռուսաստանի առաջնությունը:
Նոր մրցակարգին անցնելու առիթով 2012-ի ՀՀ առաջնության անցկացման ժամկետները զգալիորեն աճել են: Առաջնությունը կմեկնարկի 2012-ի մարտին եւ վերջնագիծը կհատի 2013-ի մայիսին: Առաջնությունը կրկին կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ, 4 շրջանով: Պարզապես այս անգամ առաջնությունում դադարներն ավելի շատ կլինեն: Մասնավորապես բացառված չէ, որ Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի առաջնությունում ընդմիջում հայտարարվի:
Ինչ վերաբերում է 2013-ի առաջնությանը, ապա նոր մրցակարգով անցկացվելիք մրցաշարը կմեկնարկի օգոստոսին եւ կավարտվի 2014-ի մայիսին: Դժվար է ասել, թե ինչ կտա այս նորամուծությունը հայկական ֆուտբոլին: Նշենք, որ Հայաստանում 2-րդ անգամ են անցնելու աշուն-գարուն մրցակարգին: Նման մրցակարգով անցկացվեց 2 առաջնություն (1995/96, 1996/97-ին), որից հետո կրկին վերադարձան գարուն-աշուն տարբերակին: