Քեթրին Էշթոնն արդեն Հայաստանում է
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այցելությունը Հարավային Կովկաս, ըստ Եվրոպական հանձնաժողովի մամուլի հաղորդագրության, վերահաստատում է տարածաշրջանում ԵՄ-ի լուրջ հանձնառությունը: Մինչ տարածաշրջան այցելությունը Էշթոնը հատկապես կարեւորել է վերջին մեկ տարին, որի ընթացքում Եվրոմիությունը, Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության համատեքստում ԵՄ-ն առավել ներգրավվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ իր հարաբերությունների ամրապնդման գործընթացում` նաեւ Ասոցացման համաձայնագրերի բանակցությունների միջոցով:
Էշթոնն հայտարարել է, թե ԵՄ-ը շահագրգիռ է տեսնելու հարավկովկասյան երկրների առաջընթացը բարեփոխումներում` «եվրոպական արժեքներով` որպես առաջնորդող լույս»: Այդ արժեքների առաջնորդող լինելու մասին մինչեւ այցելությունը նշելով` Էշթոնը Բաքվում արդեն հայտարարում է, թե Ադրբեջանը ԵՄ-ի «շատ կարեւոր» գործընկերն է, հատկապես էներգետիկ հարցերում:
«Ազերիպրես» գործակալությանը նոյեմբերի 15-ին հենց Ադրբեջան այցելության ընթացքում տված հարցազրույցում ԵՄ-ի ներկայացուցիչը տարածաշրջանային այցելության ընթացքում քննարկելիք թեմաներից հատկապես առանձնացրել է ղարաբաղյան խնդրի «չլուծված» վիճակը: «Մենք կցանկանայինք հասկանալ, թե ինչպես կարող ենք առավել ակտիվ ու օգտակար դերակատարություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցության հարցում»:
Մտահոգություն հայտնելով բանակցություններում առաջընթացի բացակայության, նաեւ միջադեպերի ու լարվածության առնչությամբ` Էշթոնը հավելել է, թե հակամարտության լուծումը կբացի տարածաշրջանի հսկայական ներուժը` խթանելով տարածաշրջանային համագործակցությունը: Հարցին, թե արդյոք ԵՄ-ն չի՞ ծրագրում ակտիվացնել իր դերը բանակցային գործընթացում, Էշթոնն արձագանքել է, թե Եվրոմիությունը կցանկանար տեսնել, թե ինչպես կարող է աջակցել Մինսկի խմբի աշխատանքին, ընդհանուր առմամբ էլ գործելով հաջակցություն Մինսկի խմբի ջանքերի:
Հետաքրքրական է, որ հարավկովկասյան այցից հետո Մոսկվա մեկնելուն պատրաստվող Էշթոնը հարցազրույցում անդրադառնալով տրանսկասպյան գազատարի նախագծի իրականացմանը շեշտել է, թե այն ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ, թեեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այդ գազատարի կառուցումը չի կարող իրակնաացվել, քանի դեռ չի որոշվել Կասպյան ավազանի իրավական կարգավիճակը:
Որեւէ կողմի դեմ դիրքորոշում չարտահայտելու Էշթոնի հավաստիացումներն այնքան էլ չեն համոզում, երբ արդեն Վրաստանում իր հանդիպումներից հետո ԵՄ-ի ներկայացուցչի հետ համատեղ ասուլիսում Վրաստանի նախագահը տեղեկացնում է, որ այսօր` նոյեմբերի 17-ին Եվրոխորհրդարանը կքննարկի Վրաստանի առնչությամբ բանաձեւը, որում պաշտոնապես նշվում է «տարածքների օկուպացիա» հասկացությունը:
Նույն ասուլիսում Քեթրին Էշթոնը գոհունակություն է հայտնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցում Վրաստանի դրսեւորած քայլերից, հայտարարությամբ, որ Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին կարեւոր է բոլոր երկրների համար:
Իսկ ընդհանուր առմամբ Վրաստանում քննարկված թեմաները առավելապես առնչվել են Վրաստան-ԵՄ հարաբերություններին, որոնց շրջանակներում բանակցությունները բավականին առաջընթաց են ապահովել, այնպես որ, ըստ էշթոնի, վիզային ռեժիմի դյուրացման հարցերի տեխնիկական տարրերը կարող են քննարկվել արդեն եկող գարնանը: