Նոյեմբերի 15-ին Բեյրութում ձերբակալել են 5 «հայ» երիտասարդների, որոնք բազմաթիվ սպանությունների, ավազակային հարձակումների մեջ են կասկածվում: «Ազգը» հեռախոսով կապվեց Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ եւ խնդրեց մանրամասներ հաղորդել: Ինչպես հաղորդեց պրն Գանտահարյանը. «Երեկ, իրոք, եղել են ձերբակալություններ, որոնց թվում կա հայկական ազգանուն: Սակայն դրանք անորոշ ինքնության մարդիկ են, համայնքի կյանքին չեն առնչվել ու ծանոթ չեն: Դեռեւս իրավապահ մարմինների կողմից հավելյալ տեղեկություններ ու հաղորդագրություններ չեն հաղորդվում: Բայց 11 զոհերի մեջ մեկ հայ կա, որը տաքսու վարորդ էր աշխատում: Առայժմ, ըստ շրջանառվող լուրերի, այդ հանցավոր խումբը զբաղվել է ավազակային հարձակումներով, գողությամբ, բայց հայկական գործոնի, հայկական երեւույթի հետ կապելն անտեղի է: Այդ հանցագործությունները նաեւ քաղաքական հարցերին որեւէ առնչություն չունեն: Թերեւս ենթադրություն անելը դեռ վաղ է, թե ինչ շարժառիթներից ելնելով են նման քայլերի դիմել, մինչեւ նրանց խոստովանությունները չհրապարակվեն»:
Արդեն ասուլիսով հանդես է եկել Լիբանանի նեքին գործերի նախարար Մարուան Շարբելն ու պարզաբանել է սպանությունների հանգամանքները: Այդ երիտասարդների անուններից արդեն կարելի է ենթադրել (Ջորջ, Ազիզ, Մասիս, Մորիս եւ Միշել), որ նրանք կա՛մ «հին» լիբանանցի հայեր են, կա՛մ արաբացած հայեր, որոնք բնակվում են չափազանց աղքատ Նաբաա բնակավայրում եւ գուցե կարիքից դրդված են 6-8 սպանություններ ու ավազակային հարձակումներ կատարել տաքսու վարորդների նկատմամբ, դրամ կորզել ու հետո սպանել: Իրավապահ մարմինները շուրջ մեկ ամիս հետաքննություններ ու հետապնդումներ են իրականացրել, եւ վերջապես նրանց հաջողվել է սերիական մարդասպաններին ձերբակալել: Իսկ հիշյալ թաղամասում երբեւէ հայեր չեն ապրել: Գուցե իրավապահներից հետապնդվելու պատճառով են հայի ազգանունով (Դանիելյան) ներկայացել, որն էլ կպարզվի նախաքննության ընթացքում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ