Երբ տարբեր ամբիոններից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է Ադրբեջանի հաջողություններից ու հայտարարում, թե Ադրբեջանի նման երկիր ու պետություն աշխարհում չկա, հիմնական հասցեատերն այս ամենի, բնականաբար, ադրբեջանական հասարակությունն է: Ուստի պատահական չէ, որ քարոզչամեքենայի զոհ դարձած ադրբեջանցիների զգալի մասն այդպես էլ չի ընդունում, որ անգամ Հայաստանում էլեկտրականության անխափան մատակարարումը գիտաֆանտաստիկ հնարանք չէ, այլ իրողություն:
Մեծապաշտական թեմաներով խորասուզումների մի հեղինակ էլ մեր մյուս հարեւան երկրի նախագահն է` Միխեիլ Սաակաշվիլին, որ քարոզչության տարերքի մեջ ընկնելիս մեկ համադաշնություն էր առաջարկում Ադրբեջանին ու այդպես էլ մերժված մնաց, մեկ «կորցրած» տարածքները «հետ վերադարձնելու» կոչերով հարձակվում Հարավային Օսիայի վրա ու պարտություն կրում:
Հերթական անգամ Սաակաշվիլու հայտարարություններից մեկը կարելի է հենց որակել առավել քարոզչական, մեղմ ու ներողամիտ վարվելու դեպքում` գուցե նաեւ հավակնոտ, բայց հաստատապես ոչ իրատեսական` Վրաստանը տարածաշրջանային կենտրոն, ազդեցության կենտրոն տեսնելու առնչությամբ: «Վրաստանը պետք է տնտեսական կենտրոն դառնա, անկախ խաղացող, որն ինքը կորոշի իր ճակատագիրը, ստանդարտներ կսահմանի ու, նշանակում է, նաեւ խաղի կանոններ կսահմանի ողջ տարածաշրջանի համար», «Bank of Georgia»-ի նոր գլխամասային գրասենյակի բացմանը, ըստ վրացական լրատվամիջոցների, հայտարարել է Սաակաշվիլին:
Այսօրինակ հայտարարությունն, իհարկե, Սաակաշվիլու ցանկությունների ոլորտից է, սակայն հստակ է նաեւ, որ Վրաստանի նախագահը տարածաշրջանային իրողությունների իր գնահատականն ունի: Եվ եթե դրան ավելացնենք, որ Սաակաշվիլին նաեւ պատրաստվում է «որսալ Ռուսաստանից փախչող կապիտալը», մնում է ենթադրել, որ ՆԱՏՕ-ի, օրերս նաեւ Եվրոմիության կողմից հատուկ վերաբերմունքի դրսեւորումներ տեսնող Վրաստանի նախագահը մի քիչ «գինովցել է»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ