Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը ներկայացրել է տարեկան հետազոտության արդյունքները: Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների միայն 9% -ն է Հայաստանը համարում ԱՊՀ տարածքում առավել կայուն եւ հաջողակ պետություն: Հարցման մասնակիցների 34%-ն առավել հաջողակ եւ առավել կայուն երկիր է համարում Ղազախստանը, երկրորդը Բելառուսն է` 31%-ով, եռյակը եզրափակում է Ուկրաինան` 19%-ով: Հաջորդը Հայաստանն է` 9%-ով, ապա Ադրբեջանը` 6%-ով: Մոլդովան եւ Թուրքմենստանը ստացել են 5-ական տոկոսը, Ուզբեկստանն ու Վրաստանը` 3-ական տոկոսը: Ամենաանկայուն երկրները, ըստ հարցվածների, Ղրղզստանն ու Տաջիկստանն են` համապատասխան 2 եւ 1 տոկոսով: Ռուսաստանցիների համար Ռուսաստանի ամենահուսալի գործընկերն ԱՊՀ տարածքում դարձյալ Ղազախստանն է` 37%-ով: Երկրորդ եւ երրորդ տեղերը նորից պատկանում են Բելառուսին եւ Ուկրաինային` համապատասխանաբար 23%-ով եւ 21%-ով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ, Բելառուսի դիրքերը նվազել են, իսկ Ուկրաինայինը` ամրապնդվել: Հայաստանը կրկին չորրորդ տեղում է` 6%-ով, որին հաջորդում է Մոլդովան` 4%-ով, ապա Ադրբեջանն ու Ուզբեկստանը` 3%-ով: Ղրղզստանն ու Թուրքմենստանը կրկին վերջին տեղերում են: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների նկատմամբ հումանիտար հետաքրքրությանը, ապա այստեղ ռուսաստանցիներին ավելի շատ հրապուրում են Ուկրաինան եւ Բելառուսը` 15-ական տոկոսով, հաջորդը Ղազախստանն է` 14%-ով: Ռուսաստանցիներին հետաքրքրում է նաեւ Հայաստանի` 12% եւ Մոլդովայի`10%, մշակութային ժառանգությունը:
Հ. Ա.