Նախօրեին, անդրադառնալով «Էքս-նախագահի ապահովության մասին» օրինագիծը «վեց ամիս անց կրկնական քվեարկության ներկայացնելու» մասին Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակի ասածին, մենք շատ զգուշավոր կարծիք էինք հայտնել, թե, հնարավոր է, դա կապ ունի երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւի առաջադրվել-չառաջադրվելու հետ: Մեր ենթադրությունն այն էր, որ եթե նա որոշի չառաջադրվել, օրնագիծը կընդունվի, հակառակ դեպքում` ոչ:
Ադրբեջանում, սակայն, մեր կասկածները «ցրեցին» անմիջապես. Իլհամ Ալիեւի աշխատակազմում հասարակական-քաղաքական հարցերի պատասխանատու Ալի Հասանովը նույն օրը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ եւ տեղեկացրեց, որ խորհրդարանի մի խումբ «գրագետ եւ միջազգային փորձին լավատեղյակ պատգամավորներ առաջարկում են ընդունել «Համազգային առաջնորդի մասին» օրենք»:
Այս տեղեկատվությունից առաջին տպավորությունն այն էր, թե խոսքը վերաբերում է հանգուցյալ Հեյդար Ալիեւին, որի համար խորհրդարանը «նախկին նախագահ կարգավիճակը պատշաճ չի տեսնում եւ ուզում է պատվել «համազգային առաջնորդի» կոչմամբ»: Այդ անվանումն, իհարկե, Հեյդար Ալիեւի մասին օգտագործվում է: Բայց այլ բան է «հավուրպատշաճությունը», այլ` օրենքի պարտադրանքը:
Ալի Հասանովն, այնինչ, մի էական շեշտադրում է արել: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը նա բացատրել է նրանով, որ «յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել այնպիսի գործունեությամբ, որի համար ունի օրինական հիմքեր»: Հանգուցյալ Հեյդար Ալիեւը որեւէ գործունեությամբ զբաղվել չի կարող: Հետեւաբար, Հասանովի ասածը վերաբերում է նրան, որ ապրում է եւ կարող է «գործունեությամբ զբաղվել` ունենալով դրա օրինական հիմքերը»: Այլ կերպ ասած` «լինել համազգային առաջնորդ», քանի որ Հասանովի ընդգծումն արվել է «Համազգային առաջնորդի մասին» օրենքի ընդունման մասին մեկնաբանությունների համատեքստում:
Ո՞վ կարող է Ադրբեջանում դառնալ գործող «համազգային առաջնորդ»: Միայն մեկ մարդ` Իլհամ Ալիեւը: Բայց չէ՞ որ նա արդեն իսկ նախագահ է, որին «պատկանում է ամբողջ գործադիր իշխանությունը»: Նրան ինչո՞ւ պիտի պետք լինի «համազգային առաջնորդի օրինական կարգավիճակը»:
Դա հնարավոր է միայն մի դեպքում. եթե Իլհամ Ալիեւը որոշի երրորդ ժամկետով չառաջադրվել: Այդ դեպքում գործադիր իշխանության «սեփականությունը» կանցնի նրա հաջորդին, եւ Իլհամ Ալիեւը կդառնա նախկին նախագահ` այստեղից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: «Էքս-նախագահի ապահովության մասին» օրինագիծը պաշտոնաթող նախագահին բավական արտոնություններ տալիս է: Բայց չի երաշխավորում, որ էքս-նախագահը կարող է մեկ ժամկետ անց վերադառնալ եւ կրկին իր ձեռքն առնել պետական կառավարման սանձերը: Իսկ Իլհամ Ալիեւը դա շատ է ցանկանում: Ավելին, նա երրորդ ժամկետով չի առաջադրվի միայն այն դեպքում, երբ կունենա հստակ երաշխիքներ, որ «իրավահաջորդը» 5 տարի անց հնազանդորեն լքելու է ասպարեզը:
Պարզվում է, որ նույնիսկ Ադրբեջանի նման միապետական երկրում այդպիսի երաշխիքներ Իլհամ Ալիեւը չունի: Թերեւս անվստահության պատճառը հենց միապետականությունն է: Այդ ո՞վ է երաշխավորում, որ նրան փոխարինողն ինքը չի ցանկանա ցմահ նախագահել` ինչպես որ թույլ է տալիս սահմանադրությունը: Կամ նախագահել երկու ժամկետ, իսկ հետո բերել-նախագահ դարձնել նրան, ում հարմար կգտնի:
Մի խոսքով, հարեւան երկրում բացահայտորեն իրար են խառնվել. դժվար է իշխանությունից հրաժարվել, դժվար է երրորդ ժամկետի օրինականության մեջ համոզել միջազգային հանրությանը, դժվար է իրավահաջորդի հարցում վճիռ ընդունել: Եվ ահա, «պատգամավորները գտել են ելքը». առաջարկվում է ընդունել «Համազգային առաջնորդի մասին» օրենք: Որպեսզի նախագահության երկրորդ ժամկետն սպառելուց հետո Իլհամ Ալիեւն ունենա «գործունեության օրինական հիմքեր»: Այսինքն` լինի «համազգային առաջնորդ եւ իրականացնի օրենքով իրեն վերապահված առաջնորդական լիազորություններ»: Պատկերավոր ասած` լինի ադրբեջանական Դեն կամ աշխարհիկ Խոմեյնի, որին, հավանաբար, կվերապահվի պետական կարեւորության հարցերի վերաբերյալ վերջնական վճիռ արձակելու իրավունքը:
Այս դեպքում միայն, եթե նման օրենք ընդունվի, Իլհամ Ալիեւը հանգիստ խղճով նախագահի արդեն անվանական պաշտոնը կզիջի կամ Մեհրիբան Ալիեւային կամ Քյամալեդդին Հեյդարովին կամ մեկ ուրիշի: Եվ կմնա դարձյալ պետական բարձրագույն պաշտոնյա, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, իր անմիջական հրամանի տակ կունենա «Համազգային առաջնորդի պահնորդ գվարդիա»: Կարճ` այն ամենը, ինչ թույլ կտա պահել իշխանությունը: Սա է, կարծես, «Համազգային առաջնորդի մասին» օրենք ընդունելու շարժառիթը:
Ալիեւին վերջերս զգուշացրել են, որ նրան Քադդաֆիի ճակատագիրն է սպասում: Ըստ երեւույթին, նա ահազանգը շատ լրջորեն է ընդունել: Քանի որ կարծես կրկնում է Քադդաֆիին, որն իրեն ոչ թե պետության ղեկավար, այլ լիբիացիների առաջնորդ էր հռչակել: Իհարկե` ոչ օրենքով: Իլհամ Ալիեւն օր-կենդանության օրենքով ուզում է ադրբեջանցիների «համազգային առաջնորդ» հռչակվել: Լիբիացիներն, ինչպես տեսանք, չհարգեցին Քադդաֆիի առաջնորդությունը: Ինչո՞վ են ադրբեջանցիները վատ լիբիացիներից: Ոչնչով: Պարզապես ինչպես Քադդաֆին, այնպես էլ Իլհամ Ալիեւը սեփական ժողովրդի մասին շատ ցածր կարծիք ունի:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ