ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Պատմականորեն հայ-թուրքական հարաբերությունները միշտ բարդ են եղել: Դրանք էլ ավելի են բարդացել վերջին տարիներին: Անցյալում հայերը եղել են օտար տիրապետությունների տակ (օսմանյան, ռուսական կամ խորհրդային), եւ օտար տերերն են որոշել ու ձեւավորել այդ հարաբերություններըՙ հայերին խուսանավելու հնարավորություն չտալով: Այդ պատճառով էլ տրամաբանական էր, որ անկախություն ձեռք բերելուց հետո հայերն իրենք որոշեին եւ ձեւավորեին իրենց հարաբերությունները Թուրքիայի եւ թուրքերի հետ:
Բայց կարծես իրադրությունն ավելի է վատթարացել ներկայումս, դարձել առավել վիճելի, քանի որ ոչ ոք չգիտի, թե ով կարող է խոսել թուրքերի հետ հայերի անունից: Ինչպես միշտ, մենք ավելի շատ առաջնորդներ ունենք, քան Ամերիկայի բնիկ հնդկացիները:
Իրավական տեսանկյունից որեւէ երկրի կառավարությունն է, որ կարող է վարել իր միջազգային հարաբերությունները: Այդուհանդերձ, քանի որ սփյուռքահայերը ցեղասպանությունից ճողոպրածների անմիջական հետնորդներն են, նրանք եւս բարոյական իրավունքն ու պարտականությունն ունեն մասնակցելու այդ հարաբերությունների ձեւավորման բանակցություններին կամ երկխոսություններին:
Սակայն թվում է, թե որոշ խմբակցություններ սեփականատիրական իրավունք են վերապահում իրենց, երբ խոսքը վերաբերում է Հայ դատի հետապնդմանը, ցեղասպանության ճանաչմանը կամ փոխհատուցման պահանջներին:
Այսպես, Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը, նրա տարբեր մասնաճյուղերը եւ առաջնորդներից ոմանք հավատացած են, որ իրենց է պատկանում ցեղասպանության կամ հայ-թուրքական երկխոսության հարցերով զբաղվելու մենաշնորհը:
Պետք է ընդունել, որ ՀՅԴ-ն նշանակալի ներդրում է ունեցել այդ հարցերումՙ սկսած ցեղասպանությունն իրականացնողների հանդեպ արդար դատաստան տեսնելուց, մինչեւ Հայաստանը դեպի անկախություն առաջնորդելը 1918 թվին: Այսօր էլ նրանց քարոզչական աշխատանքներն, ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Եվրոպայում, գովասանքի արժանի են: Եվ ընդհանուր առմամբ, անկախ պատմական նշանակության որոշ կոպիտ սխալներից, ՀՅԴ-ի գործունեությունը ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի անկախության համար մղված պայքարի ոլորտներում անժխտելի է:
Բայց այդ բոլորն իրավունք չի տալիս կուսակցությանը մենաշնորհային կարգավիճակ ստանձնել Հայ դատի նկատմամբ, հատկապես այժմ, երբ մենք ունենք Հայաստանի անկախ պետությունը: Կուսակցությունը նաեւ պետք է գիտակցի, որ Հայ դատի ասպարեզում իր ներդրումների նշանակությունն ուղիղ համեմատականով նվազելու է այնքան ժամանակ, որ կուսակցությունն անտեսի կամ թերագնահատի այլ կուսակցությունների եւ խմբակցությունների ներդրումները միեւնույն ասպարեզում: Անառարկելի է, որ մենք իրավունք ունենք մեր անձնական կարծիքները կազմելու եւ դրանք ազատորեն արտահայտելու: Ինչպես Վոլտերն է ասում. «Քո ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ քիթը»:
Հայաստանի անկախությունից սկսած հայ-թուրքական մերձեցման շատ փորձեր են կատարվել, մի մասը դիվանագիտական ճանապարհներով, մյուսներըՙ երկու երկրներում գործող ակադեմիական կամ հասարակական կազմակերպությունների շրջանակներում: ՀՅԴ կուսակցության առաջնորդները կտրականապես դեմ են եղել նման գործընթացներին ամեն անգամ, որ իրենք ներառված չեն եղել դրանցում: Մյուս կողմից, սակայն, կուսակցությունը միակողմանիորեն ինքն է Թուրքիայի եւ թուրքերի հետ երկխոսություն ձեռնարկել, ինչպես օրինակՙ Խորհրդային Միության դեմ մղված «Պրոմեթեւս» շարժման ժամանակ, որը երկպառակություն ստեղծեց կուսակցության ներսում (Շահան Նաթալին դրա վառ օրինակներից է):
ՀՅԴ-ն դեմ արտահայտվեց «Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբ» ստեղծելու նախաձեռնությանը, ստորագրված արձանագրություններին եւ հիմա էլ մրցակցության մեջ է մտել այլ կազմակերպությունների (ինչպես օրինակՙ Հայկական համագումարը) հետՙ փոխանակ համադրելու եւ զորացնելու ջանքերը, ինչքան էլ դրանք կատարյալ չլինեն:
«Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը», այնուամենայնիվ, տվեց մի դրական արդյունք, այն էՙ Անցումային արդարության միջազգային դատարանի եզրակացությունը, որ Թուրքիան իրոք ցեղասպանություն է իրագործել հայերի նկատմամբ: Մյուս կողմից, եթե նույնիսկ արձանագրությունները շոշափելի արդյունք չտվեցին, համենայն դեպս դրանք Հայաստանի համար դիվանագիտական հաղթանակ արձանագրեցին, եւ այժմ գնդակն, ինչպես նշում է Մ. Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, գտնվում է Թուրքիայի դաշտում:
Այն ամենը, ինչ կարող ենք ակնկալել հայ-թուրքական հարաբերություններից, հետզհետե աճող հաջողությունն է: Թուրքիան տնտեսապես հզոր տերություն է դարձել, «Մեծ քսանյակի» երկրների շարքում է դասվում, նաեւ ռազմական պետություն է, որի հետ հաշվի պետք է նստել: Որպես հայերի (Հայաստանի ներսում թե դրսում) մեր բոլոր քաղաքական գործունեությունները միջազգային ասպարեզում մկան ոռնոցից մի փոքր ավելի ուժեղ արձագանք կարող են ունենալ սոսկ, եւ մենք զգույշ պետք է լինենք, որ ծիծաղի առարկա չդառնանք: Հայերիս հնարավորությունները շատ սահմանափակ են, որպեսզի ինչ-որ բան կարողանանք թելադրել Թուրքիային: Այնպես որ, մեր լավագույն ակնկալիքը Թուրքիայի ներսում փոփոխության առաջացումն է:
Թուրքիայի առաջնորդները երբեք չեն ընդունելու, որ օսմանյան շրջանի իրենց կառավարությունը ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ, մինչեւ Թուրքիայի հասարակությունը ինքը չհամակերպվի իր անցյալի պատմության հետ: Բարեբախտաբար այդ գործընթացն արդեն սկսվել է:
Թուրքիայի քրդական փոքրամասնությունը դրա առաջամարտիկներից է: Ճիշտ է, Քրդական բանվորական կուսակցության (PKK) բռնարարքները միայն է՛լ ավելի ամրապնդեցին թուրքական կառավարությանՙ հակահարձակման անցնելու որոշումը, բայց քրդերն այսօր արդեն ստեղծել են կայուն քաղաքական մի պլատֆորմ, որպեսզի հետապնդեն իրենց իրավունքներն ու պահպանեն իրենց ինքնությունը: Նրանք ներգրավված են քաղաքական գործընթացներում եւ իրենց դատը պաշտպանում են թուրքական խորհրդարանում: Նրանք նաեւ կոչ են անում ճանաչել հայերի ցեղասպանությունը:
Թուրքիան ներկայումս վերափոխությունների հսկայակայն գործընթացում է: Մտավորականներ, լրագրողներ, գիտաշխատողներ, նաեւ հասարակ քաղաքացիներ ներողություն են խնդրում հայերից իրենց նախնիների գործած ոճրագործությունների համար: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Տաբու էր: Եվ այդ բոլորը կատարվում է, երբ թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածը տակավին ուժի մեջ է, երբ «գորշ գայլերի» խմբակցությունը դեռեւս ակտիվ է եւ երբ զինվորական վերնախավը չի դադարել ատամները ցույց տալ: Ավելին, երբ շարունակվում են ձերբակալությունները եւ իրավական գործողությունները նրանց դեմ:
Մեր հույսն այն է, որ թուրք ժողովրդի շրջանում կատարվող այդ վերափոխությունները քանակականից որակի վերածվելով կստիպեն կառավարությանը վերանայել իր դիրքորոշումը եւ հրաժարվել ժխտողական քաղաքականությունից:
Ցարդ ամենանշանակալի փոփոխությունը թուրքական կառավարության որոշումն է իր առգրավված կրոնական եւ համայնքային կալվածքները վերադարձնելու առնչությամբ: Խորհրդանշական էր հատկապես Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցու վերաօծումը: Մոտ 2000 հայեր Թուրքիայի տարբեր շրջաններից, Մերձավոր Արեւելքից, Հայաստանից, Եվրոպայից եւ Ամերիկայից հավաքվեցին այդ քաղաքում: 26 հոգուց բաղկացած հայկական մի պատվիրակություն Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդի գլխավորությամբ նույնպես ներկա գտնվեց արարողությանըՙ ի հեճուկս ՀՅԴ կուսակցության պաշտոնական օրգաններից մեկի վառ երեւակայությունների եւ մասնակիցների հասցեին ուղղված անպատշաճ հարձակումների: Այստեղ դարձյալ դրդապատճառներից մեկը պատարագի ժամանակ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա-ի անվան անտեսումն էր:
Լոսանջելեսյան «Ասպարէզ» թերթի հոկտեմբերի 26-ի համարում տպագրված հարձակման մյուս պատճառն այն էր, որ այդ միջոցառմանը չէր մասնակցում եւ ոչ մի դաշնակցական: Հոդվածի հեղինակը իրեն թույլ էր տվել ստանձնել դատաքննիչ-հավատաքննիչի դերը եւ մեղադրում էր ինչպես հոգեւորականներին, այնպես էլՙ հասարակ ժողովրդինՙ առանց որեւէ հիմնավոր ապացույց նշելու: Մեջբերելով թուրքական «Հյուրիեթ» օրաթերթից մի հատվածՙ «Ասպարէզի» հոդվածագիրը մեղադրում էր պատվիրակությանը թուրքերի հետ գործարար բանակցություններ վարելու մեջ եւ հանգում հետեւյալ խելացնոր եզրակացության. «Հաշվի առնելով, որ նման գործարար հանդիպումները հնարավոր չէ վերջին րոպեին կազմակերպել, պետք է եզրակացնել, որ դեպի Ս. Կիրակոս եկեղեցի այս ուխտագնացությունը ծրագրելիս թուրքերի (գործնականումՙ Թուրքիայի) հետ գործարարական կապեր հաստատելը միշտ էլ եղել է այդ կրոնական այցի մասնակիցների օրակարգում»:
Նման տողերի հեղինակը առնվազն պետք է որ պայծառատես լինի այդպիսի «եզրակացության» հանգելու համար: Բայց դրանով չի սահմանափակվում նա, այլ, աղավաղելով թեմական խորհրդի ատենապետ Օսկար Թաթոսյանի խոսքերը, շարունակում է. «Պարսամյան արքեպիսկոպոսի պատվիրակության անդամներից մեկըՙ թեմի ավագ առաջնորդներից Օսկար Թաթոսյանը նշել է, որ մեր ժողովուրդները պետք է մի բաժակ թեյի շուրջը համախմբվեն: Երկխոսությունը սկսում է արվեստի, մշակույթի, ակադեմիական համագործակցության եւ առեւտրի շուրջ զրույցներով, իսկ մնացյալը կհետեւի դրանց»: Հոդվածի հեղինակը եզրակացնում է, որ «դա ցավալիորեն համընկնում է Անկարայի դիրքորոշմանը», կարծես Թաթոսյանը «մնացյալը կհետեւի» ասելով նկատի ունենարՙ թեյ խմենք, գործարարությամբ զբաղվենք, եւ մենք կհրաժարվենք ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման պահանջներից:
Քանի որ, ըստ «Ասպարէզի», ենթադրությունների ու գուշակությունների աշխարհում ենք, կարող ենք նույն տրամաբանությամբ եզրակացնել, որ Թաթոսյանի խոսքերը նշանակում ենՙ «եկեք թեյ խմենք առայժմ, իսկ երբ օրը գա, մենք հետ կպահանջենք մեր պատմական հայրենիքը»:
Չնայած ո՛չ «Հյուրիեթը», ո՛չ էլ «Ասպարէզը» սրբազանի գործառնությունների առումով որեւէ փաստ չեն մեջբերում, հոդվածագիրը հարց է առաջ քաշում, թե «հոգեւոր առաջնորդները ի՞նչ առեւտրական գործունեություն են ծավալում, այն էլ Թուրքիայում»:
Այստեղ, կարծում ենք, տեղին է, որ նման հարց տրվի Ուոթերթաունի, Գլենդեյլի, Նյու Ջերսիի եւ Բուրջ Համուդի (Լիբանան) մթերային խանութների սեփականատերերին (որոնց մեծ մասը կամ ՀՅԴ կուսակցության անդամներ են, կամ էլ համակիրներ), որոնք թուրքական ապրանք են վաճառում: Նրանց էլ պետք է ուղղենք նույն հարցը, թե արդյո՞ք «թուրքական ծուղակն են ընկել» եւ հրաժարվելով ցեղասպանության ճանաչման հարցիցՙ նախընտրում են Թուրքիայի հետ առեւտուր անել:
Այս բոլորը ՀՅԴ-ի առաջնորդների գերիշխանական հավակնությունների հետեւանք են: Նրանց կարծիքով, միայն իրե՛նք կարող են Թուրքիայի հետ բանակցել: Մնացյալներն այնքան միամիտ են, որ մոռանալով ցեղասպանությունըՙ կներեն թուրքերին մեր պատմական հայրենիքը զավթելու համար:
Թուրքերը շշից բաց են թողել ջինին եւ այլեւս նրան հետ վերադարձնել չեն կարող: Ցեղասպանության հարցը շատ թուրքերի օրակարգում է: Երկու ժողովուրդների միջեւ ծավալված հաղորդակցությունը միայն խթանելու է ցեղասպանության հարցը հասարակության ավելի լայն շրջանակներ տեղափոխելու գործընթացը: Թուրքական կառավարությունը, անշուշտ, օգտագործելու է ամեն առիթ եւ իրադարձություն հայերին իրար դեմ հանելու համար: Բայց նման հոդվածները նույնպես վնասակար են եւ երկպառակիչ: Դրանք թուրքերի ջրաղացին ջուր են լցնում, հատկապես երբ տեր ու տիրականի տոնով եւ սեփականատիրական հավակնություններով են ներկայացվում:
Ցավը բոլորինս է, եւ ոչ ոք իրավունք չունի մենաշնորհյալ կարգավիճակ սահմանելու իր համար Հայ դատի հարցում:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.