Սյունիքի մարզպետի հարցով էլ դեռ պետք սպասել իրավական ընթացակարգերի ավարտին
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին, հատկապես նրանց, որոնք վերաբերում էին ՀՀԿ-ի երիտասարդական կառույցի կազմակերպած միջոցառման ժամանակ հայտնի սկանդալային տեսագրությանը: Նա հերքեց իր խմած լինելը, նշելով, թե իր կողքին բազմաթիվ մարդիկ են եղել, որոնք տեսել են, որ ինքը խմած չէ. «Հիմա բոլորն ասում ենՙ ինչ է եղել, խմել է, թող ասիՙ խմել եմ, բա այն մարդիկ, ովքեր ինձ հետ էին եւ տեսել են, որ խմած չեմ, չե՞ն ասիՙ վարչապետը սուտ է խոսում: Աշխարհի բոլոր մարդկանց գնացել, հարցրել են լրագրողներըՙ խմած էի, խմած չէի: Ցավոք, խմած չէի, ցավո՛ք», ասաց նա` հավելելով, թե իր համար մի քիչ անհասկանալի էր այն աժիոտաժը, որ առաջացել էր, եւ որ` կատարվածը դաս եղավ նրա համար: Նա բացատրել է նաեւ, թե ո՞րն է եղել իր խոսքի տեխնիկական խնդիրներ ունենալու պատճառը. «Բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ դիմաց, բոլոր սարքավորումները եւ բարձրախոսները հեռու էին: Եվ երբ ես սկսեցի խոսել, արձագանքն այնքան ուժեղ էր եւ հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ինչ նախադասություն եմ արտասանում: Եվ դա, իհարկե, մեր թիմի թույլ տված թերությունն էր: Եթե նախատեսել էին ինձ համար ելույթ, ապա ճիշտ կլիներ, որ ես նույնպես գնայի եւ ամբիոնից ելույթ ունենայի, այդ դեպքում այդ խոտանը չէր լինի»: Այդ բոլորի տակ նա դավադրություն չի որոնում, թեեւ քաղաքական հրապարակային ելույթների 22 տարվա փորձառության ընթացքում այդպիսի միջադեպ նրա հետ չէր եղել:
Վերջին օրերին շրջանառվող արտահերթ նախագահական ընտրությունների թեմային անդրադառնալով` վարչապետն այդպիսի վարկածն անհեթեթ համարեց: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապվող միջադեպի մասին էլ ասաց, թե պետք է սպասել հարուցված քրեական գործի ավարտին, հետո գնահատականներ հնչեցնել: Լրագրողները համեմատեցին` նույն տիպի միջադեպի արդյունքում Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց, իսկ Սյունիքի մարզպետը դեռ հրաժարական չի տվել. վարչապետը դրանք տարբեր որակեց, քանի որ մարզպետի դեպքում հանքերի հետ կապված քրեական գործ արդեն հարուցված էր, այնպես որ պետք է սպասել հարուցված երկու քրեական գործերի ավարտին: Մի այլ համեմատություն էլ արեց վարչապետը` նշելով Սյունիքի մարզպետարանի հերքումը Սիլվա Համբարձումյանին ծեծելու փաստի առթիվ, թե լրատվամիջոցները մի քանի օր առաջ գրեցին, որ վարչապետը հարբած ելույթ է ունեցել, մինչդեռ այդպես չէր: Այնպես որ դեռ պետք է ծանոթանալ փաստերին, ապա գնահատականներ տալ, ասաց վարչապետը:
Մ. Խ.