Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ազգ«-ի երեկվա համարում, Սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը սահմանադրական ճանաչեց: Հայցը ՍԴ ներկայացրել էր հոդվածի հեղինակը` մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ` շեշտելով, որ հոդվածը սպառնում է «լրջորեն վնասել խոսքի ազատությանը»: Ավելի քան մեկ տարի առաջ Անդրեասյանը պնդում էր, որ հոդվածը կօգնի լրագրողներին եւ խմբագիրներին չհայտնվել բանտերում կամ ծեծ չուտել, այլ առավել քաղաքակիրթ տարբերակով հարցերը պարզաբանել դատարանում: Հոդվածի կիրառումից շատ ժամանակ չանցած ակնհայտ դարձավ, որ հոդվածով ներկա եւ նախկին պաշտոնյաները ցանկանում են սնանկացնել թերթերը: «Հայկական Ժամանակ», «Հրապարակ», «Ժամանակ», «Երկիր», «Ժողովուրդ»: Առայժմ սրանք են այն թերթերը, որոնք հայտնվել են դատարանում «Զրպարտության եւ վիրավորանքի» մասին օրենքի հոդվածի համաձայն:
Եթե նախկինում պաշտոնյան ձեռնպահ էր մնում այս կամ այն լրատվամիջոցին դատի տալուց, լրագրողին կամ խմբագրին «պատժում էր» ծեծելով կամ մեքենան պայթեցնելով, ապա հոդվածի ապաքրեականացումից հետո ներկա եւ նախկին պաշտոնյաները սկսեցին վրեժխնդիր լինել մամուլից: Այս առումով հսկայական փորձ ունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, որոնք դատական հայցեր են ներկայացրել «Հայկական ժամանակ», «Ժամանակ» եւ «Հրապարակ» օրաթերթերի դեմ: Յուրաքանչյուրի պարագայում նրանք պահանջել են 6 զրոյով ավարտվող գումար: Մեկ տարվա ընթացքում մամուլի դեմ հարուցվել է 30 հայց: Հայցվորների թվում են պատգամավորներ, օլիգարխներ եւ իրավաբաններ: Նրանք լրատվամիջոցներից որպես փոխհատուցում պահանջում են առավելագույն շեմը, 3 միլիոն դրամ:
Մարդու իրավունքների պաշտպանը նախօրեին Սահմանադրական դատարանում ընդգծեց, որ օրենքում առկա անորոշությունները խոչընդոտում են ազատ մամուլին:
Թեպետ ՍԴ-ն որոշեց, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը, սակայն վճռում շեշտեց, որ պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն պետք է կիրառվի ոչ նյութական փոխհատուցումը` հերքում, ներողություն: «Իրավակիրառողները պարտավոր են հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը, եկամուտների չափը, չսահմանել պատասխանողի համար անհամաչափ նյութական բեռ, որը վճռորոշ ազդեցություն կունենա թերթի գործունեության համար», ընդգծել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը :
Դատարանի վճիռն Անդրեասյանը որակեց «բավականին հուսադրող»` հավելելով, որ օրենքի ուժ ունի եւ հնարավորություն կտա խուսափելու անբարեխիղճ դատավորների չարաշահումներից: Ի տարբերություն օմբուդսմենիՙ թերթերի խմբագիրները ՍԴ-ի որոշման մեջ հուսադրող կետեր չեն տեսնում: «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը շեշտում է` որոշումն իրենց չի բավարարել: «ՍԴ-ն իր նման որոշում կայացրեց` ոչ տաք, ոչ սառը, իր նման գոլ որոշում: Եթե դատարանները շարունակեն ՍԴ-ի որոշման հիման վրա առաջնորդվել եւ վճիռներ կայացնել, որեւէ փոփոխություն չի լինի, եւ կշարունակվի նույն իրավիճակը: Երբ Կարեն Անդրեասյանը ներկայացրեց այդ օրինագիծը, արդեն պարզ էր, թե խոսքն ինչի մասին է, ուղղակի հիմա Անդրեասյանը փորձում է իր դեմքը փրկել միջազգային կառույցների առաջ, որովհետեւ խնդիրներ ունի այդ առումով»:
Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանն էլ որոշման մեջ լավատեսական կետեր գրեթե չի կարողանում գտնել: Նրա մեկնաբանությամբՙ այն, ինչ ՍԴ-ն ընդգծեց` հաշվի առնել լրատվամիջոցների գույքային դրությունը կամ առաջնահերթություն չտալ տուգանքին, գրված էր նաեւ օրենքում, սակայն խնդիրն այն է, որ դատարանները երբեք հոդվածի այդ կետերը հաշվի չեն առել եւ լրատվամիջոցներից պահանջել են փոխհատուցման առավելագույն շեմը:
«Իհարկե մենք կարող ենք խիստ լավատեսական լինել, որ ՍԴ-ի որոշումից հետո գործող դատական պրակտիկայում փոփոխություններ կլինեն, սակայն քիչ հույսեր կան այդ առնչությամբ, որովհետեք մենք նախկինում էլ տեսել ենք, թե ՍԴ-ի որոշումներն ինչի են արժանանում»:
Լրատվամիջոցների ազատության խնդրի կապակցությամբ անհանգստացած են նաեւ Եվրոպայում: ԵԱՀԿ-ի զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դույա Միյատովիչը օրերս նամակ էր ուղարկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ մտահոգություն հայտնել լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցերի վերաբերյալ: «Ես ողջունեցի «զրպարտության եւ վիրավորանքի» ապաքրեականացումը, սակայն դրանից հետո 30 քաղաքացիական գործեր են հարուցվել թերթերի դեմ», գրել էր Միյատովիչը` կոչ անելով իշխանություններին միջոցներ ձեռնարկել իրավիճակի փոփոխման ուղղությամբ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ