Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ: ԱԱԽ քարտուղարի գլխավորությամբ պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրեւի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ ըստ սահմանված ժամանակացույցի արդյունավետորեն կենսագործում են այս ուղղությամբ նախատեսված աշխատանքների իրականացման սահուն ընթացքն ապահովող քայլերը: Նախանշվել են այս ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված հետագա միջոցառումները:
Այնուհետեւ տեղի է ունեցել ԱԱԽ-ի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՌԴ-ի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի առանձնազրույցը, որին հետեւել է ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների ընդլայնված կազմով հանդիպումը: Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջը: Ներկայացվել եւ քննարկվել են ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք` ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ սահմանային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող խնդիրներ, ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ ՀՀ-ում եւ ՌԴ-ում 2012թ. նախատեսված անվտանգության հարցերով միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Օրվա վերջում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհուրդների համագործակցության` կոնկրետ գործողություններ, միջոցառումներ եւ հստակ ժամանակացույց ներառող 2012-2013 թթ. ծրագիրը: