«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2011-11-15 | #206, 2011-11-16 | #207, 2011-11-17


ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ

5 տարի առաջ «Նորաշեն-2007» կոոպերատիվի անդամները բնակարանների գնման պայմանագրեր են կնքել կոոպերատիվի ղեկավարության հետ եւ վճարել բնակարանների գումարի մի մասը: Ընկերության ղեկավարությունը պարտավորվել է Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում «էլիտար» շենք կառուցելուց հետո բնակարաններ հատկացնել հասցեատերերին: Որոշ ժամանակ անց կոոպերատիվի ղեկավարությունը կանգնում է ֆինանսական խնդիրների առաջ, տոկոսով գումարներ է վերցնում` գրավ դնելով արդեն կառուցված բնակարանները: Ավելի ուշ պարզվում է, որ տոկոսով գումար հատկացրած անձանց մեծ մասը պաշտոնյաներ են: Ղեկավարությունը չի կարողանում տոկոսները վճարել եւ բնակարանները կորցնում է: Հարուցվում է քրեական գործ, կոոպերատիվի ղեկավարությունը ձերբակալվում է, սակայն բնակիչները չեն կարողանում իրենց բնակարանները կամ արդեն վճարված գումարները ետ վերադարձնել: Շենքում 40 ընտանիք զրկվել է բնակարաններից: Երեկ շենքի բնակիչները ներկայացրին կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի ձեռագրով ցուցակ, որտեղ նշված է, թե ումից որքան գումար է վերցրել: Ցուցակի 20-րդ տողում գրված է. «14 պայմանագիր, Բեգլարյան, 300.000 դոլար, 5 %»: Ըստ բնակիչների, 14 բնակարանի տիրացել են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը` Արտաշատի տարածքային հարկային վարչության պետ Դավիթ Բեգլարյանը: Պայքարով հնարավոր է եղել վերադարձնել բնակարաններից միայն 6-ը: Ըստ բնակիչների, մնացածին Նաղդալյանը համոզել է, որ հարցը չբարձրացնեն` խոստանալով, որ ժամանակի ընթացքում նրանց բնակարանները կվերադարձնի:

Արմինե Մայիլյանն այն անձանցից է, որոնց ՀՀԿ պատգամավորը համոզել է որոշ ժամանակ լռել: «Մեկ տարի առաջ խոստացավ, որ հետ կվերադարձնի մեր տները, բայց չարեց ու չի արձագանքում մեր բողոքին: Փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ», ասում է Արմինեն: Նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու համար Շուշանիկ Աղաբաբյանը վճարել է 18 միլիոն դրամ: Մինչ այսօր նա բնակարան չունի, եւ նրան չեն վերադարձնում վճարված գումարը: Աղաբաբյանը պատմում է, որ իր բնակարանը Նաղդալյանի տնօրինության տակ է. «Պատգամավորի ամուսինը մեզ սպառնաց, որ եթե իրենց անունները տանք, մեր ընտանիքների հետ ուրիշ ձեւով կվարվեն»: Արմինե Մայիլյանը համոզված է, որ պատգամավորը փափուկ բարձ է դրել նաեւ քնիչների գլխի տակ, որովհետեւ մեկ տարի ընթացող քննությունը որեւէ արդյունքի չի հանգեցրել: Ի դեպ կառավարությունը 2009-ի նոյեմբերի 19-ին որոշում կայացրեց, ըստ որի կոոպերատիվին 500.000 դոլար վարկի պետական երաշխավորություն պետք է տար, սակայն դա չի օգնել կոոպերատիվի ղեկավարներին լուծել իրենց խնդիրները:

Բնակիչները խոստանում են, որ շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ պատգամավորը չի վերադարձրել իրենց բնակարանները:

Երեկ մենք փորձեցինք լսել նաեւ ՀՀԿ պատգամավորի տեսակետը, սակայն ապարդյուն, հեռախոսը վերցնող չկար:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4