Մոսկվայում մեկնարկեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի 6-րդ հուշամրցաշարը: Վիճակահանությամբ մրցաշարի առաջին համարըՙ Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում սպիտակներով մրցեց ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենի հետ: Լարված պայքարից հետո մրցակիցները 57-րդ քայլին հաշտություն կնքեցին:
Մրցաշարը ոչ-ոքի արդյունքով սկսեց նաեւ աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով հաշտություն կնքեց Սերգեյ Կարյակինի հետ: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Նակամուրա-Գելֆանդ պարտիայում: Մրցաշարի մեկնարկն անհաջող էր ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի համար, որը սպիտակներով պարտվեց Յան Նեպոմնյաշչուն: Արդյունավետ ելք ունեցավ նաեւ Վասիլի Իվանչուկի եւ Պյոտր Սվիդլերի մրցավեճը, որում հաղթեց ուկրաինացի գրոսմայստերը:
Միխայիլ Տալի հերթականՙ 6-րդ հուշամրցաշարը 22-րդ կարգի է, ինչը շախմատի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Մասնակից 10 գրոսմայստերներից 7-ը ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի լավագույն տասնյակում են տեղ զբաղեցնում: Նրանց միջին վարկանիշը 2776 է: Մինչ այդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2009-ինՙ 2764: Այդ տարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Տալի հուշամրցաշարը անցկացվում է 2006-ից: Առաջին մրցաշարում միանգամից 3 շախմատիստՙ Լեւոն Արոնյանը, Պետեր Լեկոն եւ Ռուսլան Պոնոմարյովը հավասար միավորներ վաստակեցին ու դարձան հաղթողներ: Հաջորդ տարի լավագույնը Վլադիմիր Կրամնիկն էր, իսկ 2008-ին առաջին մրցանակը շահեց Վասիլի Իվանչուկը: Անցած տարի կրկին եռիշխանություն էր: Լեւոն Արոնյանի հետ միեւնույն արդյունքը ցույց տվեցին Սերգեյ Կարյակինը եւ Շահրիյար Մամեդյարովը: