Այլՙ Թուրքիայի աջակցությամբ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության շարունակությունն ապահովելը
Նոյեմբերի 12-ին Կահիրեում Արաբական լիգան որոշել էր կասեցնել Սիրիայի անդամակցությունը, եթե նախագահ Բաշար Ասադի վարչակարգը մինչեւ նոյեմբերի 16-ը երկրում բարեփոխումներ չանցկացնի, ազատ չարձակի կալանված ընդդիմադիրներին եւ բանակցություններ չսկսի ընդդիմության հետ:
Նոյեմբերի 16-ին Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում Արաբական լիգայի արտգործնախարարների հանդիպումը հաստատեց Սիրիայի անդամակցության կասեցման որոշումը եւ Սիրիայի իշխանություններից պահանջեց երեք օրում դադարեցնել արյունահեղությունը երկրում, սպառնալով այլապես տնտեսական պատժամիջոցների դիմել: Հանդիպմանը Սիրիան չէր մասնակցում:
Նույն օրը Ռաբաթում այդ հանդիպմանը կից գումարվեց նաեւ Թուրք-արաբական համագործակցության ֆորումի 4-րդ նիստըՙ մասնակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի: Ինչպես երեւում է, այս նիստը ստացել է թուրք-արաբական դաշինքի բնույթ ընդդեմ նախագահ Ասադի, որտեղ Դավութօղլուն, կիսապաշտոնական «Անատոլու» գործակալության վկայությամբ, հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել Սիրիայի առնչությամբ ամեն մի որոշում, անկախ բովանդակությունից:
Հատկանշական է, որ հենց նոյեմբերի 16-ին պաշտոնական Վաշինգտոնն էլ հայտարարությամբ պաշտպանել էր Սիրիայի նկատմամբ Թուրքիայի որդեգրած «վճռական» դիրքորոշումը: Կասկածից վեր է, որ Վաշինգտոնը, որոշման առումով, կպաշտպանի նաեւ Արաբական լիգային, ներառյալ արտգործնախարարների հանդիպումը: Այդ դեպքում Սիրիայի նկատմամբ թուրքական պատժամիջոցները կհամադրվեն Արաբական լիգայի պատժամիջոցների հետ եւ կխորանա Ասադի վարչակագի մեկուսացվածությունը տարածաշրջանում:
Այլ կերպ, Ռուսաստանի եւ Չինաստանի վետոյի պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում անհաջողության մատնված Վաշինգտոնին համատեղ ջանքերով աջակցում են Թուրքիան եւ Արաբական լիգան: Նրանց խնդիրը, ինչ խոսք, Սիրիայի ժողովուրդը չէ, ոչ էլ սիրիական ընդդիմությունը, այլՙ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության շարունակականությունը, որի ապահովմանը խոչընդոտում է Իրանի հետ սերտորեն համագործակցող Ասադի վարչակարգը: Թերեւս նա դրանով ի չիք է դարձնում Իրանին տարածաշրջանի երկրների աջակցությունից զրկելու ամերիկյան նկրտումները:
Այս ամենի առումով պատահական չէր երկրում բարեփոխումներ անցկացնելու համար Ասադի վարչակարգին նոյեմբերի 12-16-ը 4 օր ժամանակ տրամադրելու Արաբական լիգայի գործելակերպը: Ի դեպ, այս կառույցի արտգործնախարարների հանդիպումն էլՙ արյունահեղության դադարեցման համար երեք օր ժամանակ է տալիս, քաջ գիտենալով, որ պահանջի կատարման դեպքում Ասադի վարչակարգն ինքնակամ խրախուսելու է դրսից ուղղորդվող խռովարարներին, առավել եւս երկրում, անգլիական լրատվամիջոցների խոստովանությամբ, դիվերսիոն գործողություններ իրականացնող թուրք-իրանական սահմանի թուրքական հատվածում տեղակայված, այսպես կոչված, ազատ բանակին:
Ամենեւին չէր կարող պատահական լինել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկուցագրի հրապարակումը, դրաՙ նոյեմբերի 8-ի հրապարակումից հետո Իրանին հարված հասցնելու Իսրայելի պատրաստակամության հարցի վերարծարծումների աշխուժացումն աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում, եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, թե աշխարհում ահաբեկչության խոշորագույն սատարողն Իրանն է:
Այլ կերպ, Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը զուգընթաց ուժեղանում են Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումները: Սակայն, որքան էլ Իսրայելը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն պատրաստվի, չի կարող մեկ հարվածով հարց լուծել, ավելինՙ հասցնելու դեպքում ինքը կհայտնվի պատասխան հարվածի տակ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նա էլ պետք է հաշվի առնի Իրանի պաշտպանողական ներուժը, Պարսից ծոցում գերիշխող դիրքը, ինչպես նաեւ տարածաշրջանային հեղինակությունն ու սառնասիրտ քաղաքականությունը: Մանավանդ որ Աֆղանստանի եւ Իրաքի տխուր փորձություններից հետո Վաշինգտոնը որդեգրել է թիրախի դեմ ոչ թե անմիջականորեն, այլ ուրիշ երկրների միջոցով գործելու նոր դիրքորոշում: Հետեւաբար խնդիրը Իրանին 2003-ին սանձազերծված հակաիրաքյան երկրորդ պատերազմից ի վեր «հասցվող» հարվածները չեն, այլ միաժամանակյա գործողություններով Սիրիա-Իրան առանցքի թուլացումը տարածաշրջանում:
Դա ենթադրում է տարածաշրջանի երկրների բեւեռացումը, իսկ դրա խորացման համար էլ շրջանառության մեջ է դրվում Իրանին Թուրքիայի տարածքից հարվածելու Իսրայելին վերագրվող վարկածը, ինչպես երեկվա համարում գրել էր «Daily Mail»-ը, վկայակոչելով անգլիական հետախուզությանը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ