«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2011-11-17 | #208, 2011-11-18 | #209, 2011-11-19


«ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՜Ր, ՇԱՐՔԻ ԿԱՆԳՆԵՔ». ԴԱ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՆ

Հարեւան երկրում ամեն օր մի «ցնցող նորամուծություն» է արվում: Էմին Բաբաեւ անունով մեկը, որ իրեն համարում է «կրթված մարդ», բաց նամակ է հղել Իլհամ Ալիեւին եւ առաջարկել, որ Ադրբեջանում «միապետություն ստեղծվի»: Նա լրջորեն գրում է, որ «փորձությունների միջով անցած մի շարք երկրներ, ինչպես օրինակ` քաղաքացիական պատերազմ եւ բռնապետություն ապրած Իսպանիան, վերջնականապես խաղաղություն են ձեռք բերել` ստեղծելով միապետություն»: Բաբաեւը Իլհամ Ալիեւին խորհուրդ է տալիս «դառնալ միապետ, ձեւավորել դեմոկրատական խորհրդարան, որը կվերահսկի կառավարության գործունեությունը», ինչից հետո «միապետը կզբաղվի արժանի հետնորդի` ի դեմս որդու եւ թոռան, դաստիարակության գործով, իհարկե` պահելով պետական կյանքում կարեւորագույն որոշումներ ընդունելու բացառիկ իրավունքը»:

Օրերս մենք անդրադարձել էինք «Համազգային առաջնորդի մասին» օրենք ընդունելու շուրջն Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցչի դատողություններին: Փաստորեն Էմին Բաբաեւի հնչեցրած գաղափարը տեղավորվում է ադրբեջանական վերնախավի նպատակադրվածության համատեքստում: Այն է` Իլհամ Ալիեւին կարգել «ազգի հայր»: Մանավանդ որ, ինչպես Բաբաեւն է ասել, «դա համապատասխանում է ադրբեջանական ժողովրդի մենթալիտետին»:

Ազգային ինքնագիտակցության դրսեւորում կարելի է համարել նաեւ կրթության Բաքվի վարչության պատասխանատուներից մեկի հայտարարությունը, թե իրենց են դիմում «բազմաթիվ ծնողներ եւ ուսուցիչներ` խնդրելով սահմանել միասնական ուսուցչական համազգեստ»: Ադրբեջանում արդեն իսկ մտցված է միասնական աշակերտական համազգեստ: Այդ որոշումը նույնպես ընդունվել է «ծնողների խնդրանքով», որոնք իբր հանդես են եկել «հանուն սոցիալական հավասարության»:

Ընդդիմախոսները, մինչդեռ, ասում են, որ դպրոցական միասնական համազգեստ սահմանելով իշխանությունը չեզոքացրել է հիջաբ կրելու արգելանքի խնդրում հասարակության որոշ խավերի դժգոհության հիմքերը: Այսինքն, եթե կա բոլորի համար պարտադիր համազգեստ, ապա էլ ի՞նչ հիջաբի մասին է խոսքը: Դրանից բացիՙ դպրոցական համազգեստը նաեւ հաջող բիզնես է:

Հերթն, ինչպես տեսնում ենք, կարող է հասնել նաեւ ուսուցիչներին: Կրթության Բաքվի վարչության պատասխանատուն մեկնաբանել է, որ «միջնակարգ դպրոցներում հիմնականում դասավանդում են կանայք, որ ստիպված են ամեն օր հագուստ ընտրել, միասնական համազգեստը նրանց կազատի այդ հոգսից եւ թույլ կտա նաեւ հագուստի հարցում գումար տնտեսել», ինչից կարելի է տպավորություն ստանալ, թե այդ ուսուցչուհիներն ամառ-ձմեռ մի շոր են կրելու միայն:

Այս ամենին, ինչ խոսք, կարելի է վերաբերվել կամ հումորով, կամ, ինչո՞ւ չէ, հարգանքով. ի վերջո, իրենց պետությունն է, որոշումն իրենք են ընդունում: Այդուհանդերձ, մի բան մտահոգիչ է` ի՞նչ նպատակ է հետապնդում հասարակության հետեւողական ամբոխացումը: Միայն ներքաղաքակա՞ն: Ամեն ինչ արվում է, որպեսզի Ալիեւները հավերժ կառավարե՞ն Ադրբեջանը, թե՞ մարդկանց «շարք են կանգնեցնում», որպեսզի մի օր էլ հրամայեն գրոհել ամբողջ Կովկա՞սը:

Համազգեստ հագած դպրոցականներ... Համազգեստավոր ուսուցիչ-ուսուցչուհիներ... Դա չի՞ հիշեցնում նացիստական Գերմանիան, որտեղ բոլորը երդվում էին հանուն ֆյուրերի: Իհարկե հիշեցնում է: Մանավանդ որ իշխանությունների դեմ հանդես եկած գիտնականին ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացնում, հետո «հիմնավորապես պատռում են նրա դիմակը» եւ գրում. «1988-89 թվականներին նա Վեզիրովի հետ պատրաստվում էր Ղարաբաղը տալ Հայաստանին եւ նույնիսկ մաթեմատիկորեն մոդելավորել էր գործընթացը` օգնական ունենալով Գարի Կասպարովին»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4