«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2011-11-17 | #208, 2011-11-18 | #209, 2011-11-19


ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՏԱՐՈ՛Ն, ՄԵԶ ԵՎ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ»

«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:

Սա հատված է Երեւանի 54-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության ելույթից, որ նա ընթերցեց երեկ քաղաքապետարանում` ձեռքը դրած «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին:

Նորընտիր քաղաքապետի պաշտոնակալությանը նվիրված արարողությանը մասնակցում էին նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի նախկին քաղաքապետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ:

Քաղաքապետը երդվեց պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքներն ու ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել քաղաքապետի պարտականությունները, ծառայել մայրաքաղաքի բարգավաճմանն ու գործել ի բարօրություն նրա բնակիչների: Երդմնակալության ավարտին Երեւանի պատվավոր քաղաքացի, ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնեց Տարոն Մարգարյանին:

Նախագահ Սերժ Սարգսյանի բնութագրմամբ` Տարոն Մարգարյանը ՏԻՄ համակարգում նոր մարդ չէ: Գնահատելով Մարգարյանի գործունեությունը Ավան համայնքումՙ Սերժ Սարգսյանը նրան ներկայացրեց որպես համայնքի հմուտ եւ հոգատար ղեկավարի, ով գործով վաստակել է բնակչության հարգանքն ու սերը: «Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ Մարգարյան անվան հանդեպ: Տարո՛ն, մեզ եւ քո բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես: Կանգնած ենք քո կողքին եւ մշտապես պատրաստ ենք քեզ օժանդակելու եւ սատարելու: Օժանդակությունն ու աջակցությունը շատ լավ բաներ են, սակայն յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքը պետք է կրի իր ճակատագիրը, պետք է լավ աշխատի»: Նախագահի խոսքերով` անհրաժեշտ է ձեւավորել համախոհների մեծ թիմ եւ շարունակել լուծել Երեւանի բոլոր ժամանակների ամենակարեւոր խնդիրները` թեթեւացնել երեւանցիների հոգսերն ու մայրաքաղաքը դարձնել առավել հարմարավետ երեւանցիների եւ հյուրերի համար:

«Առջեւում կարեւոր ժամանակաշրջան է», ընդգծեց նախագահ Սարգսյանը` հավելելով, որ գրեթե բոլորը խոսելու են միասնության մասին: Նման մոտեցումը ճիշտ եւ ողջունելի է, սակայն պետք է հստակեցնել, թե այդ միասնությունն ինչի շուրջը պետք է կառուցվի: «Միասնությունը պետք է կառուցել արժեհամակարգի, արժեքների եւ օրենքների շուրջը: Այդ արժեհամակարգին պատկանող յուրաքանչյուր անհատ մեր համախոհն է»: Նախագահն ընդգծեց, որ քաղաքապետարանի անձնակազմը պետք է մշտապես կապ պահպանի բնակչության հետ, չկտրվի իրականությունից եւ հստակ գիտակցի` ինչով է ապրում եւ շնչում մայրաքաղաքը: «Անհրաժեշտ է մարդկանց օգնել եւ միավորել, որպեսզի նրանք տեր կանգնեն ոչ միայն իրենց օջախին, այլեւ շենքին, բակին, ողջ քաղաքին: Դա է քաղաքապետի եւ ավագանու առաքելությունը», ասաց նախագահը` վստահեցնելով, որ Տարոն Մարգարյանը պատվով կկատարի այդ դերը:

Նախագահը նաեւ շնորհակալություն հայտնեց նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանինՙ լավ աշխատանքի համար: «Նա կարճ պաշտոնավարեց, բայց հասցրեց հետք թողնել Երեւանի պատմության մեջ», ասաց Սերժ Սարգսյանը:

«Ազնիվ, պարկեշտ, աշխատասեր, նվիրված գործին, ազգային, հմուտ գործիչ եւ անձնավորություն», «Ազգի» հետ զրույցում այսպես բնութագրեց քաղաքապետին վարչապետ Տիգրան Սարգսյանը` սպասվելիք ծանր եւ դժվար աշխատանքում նրան մաղթելով հաջողություններ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4